Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԺԿ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունվելու է 2012թ. փետրվարին

Դեկտեմբեր 07,2011 23:16

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պատվավոր հյուր, այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին:

ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսն իր ելույթում կարևորելով Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵԺԿ կոնգրեսին՝ ընդգծել է, որ Հայաստանի նախագահը Մարսել է ժամանել իր երկրի պատմության համար այս կարևորագույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, հազարավոր զոհերի մահվան պատճառ դարձած 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը: Նա նշել է, որ հիշում է համերաշխության այն զգացումը, որով այդ օրը համակվել էին Հայաստանին օգնելու համար: Դիմելով Նախագահ Սարգսյանին՝ ԵԺԿ նախագահն ասել է. «Հարգելի՛ Նախագահ, Դուք կգտնեք այդ նույն համերաշխությունը նաև այստեղ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքում: Ես մեր առաջին հանդիպմանը տպավորված էի Ձեր համոզմունքների ուժից, երկրի ներսում իրավիճակի Ձեր խորաթափանց տեղեկացվածությունից և իրականացվելիք  բարեփոխումներից: Դուք համարձակ նախաձեռնությունների դիմեցիք Ձեր հարևանների նկատմամբ, առաջին հերթին՝ նկատի ունեմ Թուրքիան: Դուք հանձն առաք ներքին շատ հավակնոտ բարեփոխումներ: Հայաստանը խաղաղ ժողովրդավարություն է կառուցում, և այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի: Հայաստանը շուկայական տնտեսության է անցել: Հայաստանը գտավ իր տեղը միջազգային ասպարեզում և այժմ իր ուշադրությունն ուղղում է դեպի Եվրոպա:

Հարգելի՛ Նախագահ, Հայաստանից երկու շաբաթ առաջ վերադարձած ԵԺԿ պատվիրակությունը, որը եկել էր գնահատելու ԵԺԿ-ին անդամակցության հայտ ներկայացրած չորս կուսակցությունները, խանդավառված էր:  Մենք կասկած չունենք, որ Ձեր կուսակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ: ԵԺԿ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունվելու է մեր համագումարի ժամանակ՝ 2012թ. փետրվարին:

Հարգելի՛ Նախագահ, այսօրվանից մենք Ձեզ համարում ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ: Մենք հաճույքով ողջունելու ենք Ձեզ վաղը՝ ԵԺԿ գագաթնաժողովին, մեր պետությունների և կառավարությունների այլ ղեկավարների հետ»:

Նշելով, որ Հայաստանում ավանդույթը թելադրում է հպարտությամբ կրել կուսակցական կրծքանշանը, որն արտացոլում է նվիրվածությունն այդ կրծքանշանը խորհրդանշող արժեքներին, Վիլֆրիդ Մարթենսը Հանրապետության ղեկավար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր կուսակցության՝ ԵԺԿ-ի կրծքանշանը: Նա ընդգծել է, որ դա խորհրդանշում է նվիրվածությունը ԵԺԿ-ին և ԵԺԿ-ի արժեքներին: Վիլֆրեդ Մարթենսն ասել է, որ իր նշած մյուս երկու կուսակցությունների նախագահներին կրծքանշանը կհանձնի ավելի ուշ:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031