Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որոշ միջազգային դիտորդներ Պետդումայի ընտրություններին տվել են «ոչ օբյեկտիվ եւ վիճելի, քաղաքականացված գնահատականներ»: Սակայն, միեւնույն ժամանակ, ԱԳՆ-ից շեշտել են, որ ընդհանուր առմամբ ընտրությունների լեգիտիմությունն ընդունել են բոլոր միջազգային առաքելությունները:
Համաձայն նախարարության հայտարարության՝ Պետդումայի ընտրություններին աշխատում էր ընդհանուր առմամբ մոտ 700 միջազգային դիտորդ, որոնց հիմնական մասըԱՊՀ-ից եւ ԵԱՀԿ ՄԻԺՀԳ-ից էին: Ըստ ԱԳՆ-ի դիտորդները նշել են, որ ընտրությունները համապատասխանում էին ընտրական չափորոշիչներին: «Աննկատ չեն մնա ընտրությունների ընթացքում դիտորդների կողմից մատնացույց արված խախտումները: Դրանք անպայման կքննարկվեն Ռուսաստանի ԿԸՀ-ում:
ԵԱՀԿ-ն ներկայացնող միջազգային դիտորդները հրապարակել են իրենց հաշվետվությունը ռուսաստանյան ընտրությունների մասին քվեարկության հենց հաջորդ օրը: Նրանք նշել էին քվեարկության գործընթացի տեխնիկական կազմակերպման բարձր մակարդակը, միեւնույն ժամանակ հայտարարելով որոշ խախտումների մասին՝ լցոնումներ եւ նախընտրական արշավի ժամանակ ԶԼՄ-ների վրա իրականցվող ճնշումներ: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր կողմից «լուրջ անհանգստություն» էր ցուցաբերել ռուսաստանյան ընտրությունների անցկացման կապակցությամբ, եւ պահանջել էր ֆիքսված բոլոր խախտումների հետաքննություն: ՌԴ ԱԳՆ-ում տիկին Քլինթոնի մեկնաբանությունը համարել են «անընդունելի»: