Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուգանվել են, քանի որ չեն կարողացել հավերին հասկացնել, որ ձու չածեն (տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2011 17:13

Ձվի շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելու համար նախորդ տարի «Լուսակերտի թռչնաբուծական» ֆաբրիկան տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից տուգանվել էր 5 միլիոն դրամ, գերիշխող դիրքի չարաշահման համար էլ՝ 100 միլիոն դրամ: Ֆաբրիկան ՏՄՊՊՀ-ի որոշումը բողոքարկել էր դատարանում:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ֆաբրիկայի նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ի որոշումը եղել է «պրիմիտիվ եւ մինչ օրս հանձնաժողովը չի կարողացել ապացուցել, որ 100 դրամով վաճառված ձվերը հենց «Լուսակերտի թռչնաբուծական» ֆաբրիկայի արտադրանքն են եղել»:

Մեր այն դիտարկմանը, թե հանձնաժողովի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆաբրիկան դեֆիցիտի օրերին 760 հազար հատ ձու է ունեցել, սակայն շուկա չի առաքել, պարոն Եփրեմյանն ասաց. «Շատ ճիշտ է: Բայց այդ օրերը ուրբաթ, շաբաթ, կիրակի էին: Մենք չէինք կարող հավերին հասկացնել, որ երբ հիմնարկը չի աշխատում՝ ձու չածեն: Մենք շաբաթ եւ կիրակի օրերին ունեցել ենք հավաքագրած 900 հազար հատ ձու: ՏՄՊՊՀն իր հարցն էլ ճիշտ չի ձեւակերպել: Մեզ հարցնում են, թե ինչու կիրակի օրը չենք աշխատել: Ի՞նչ է, դրա համար պետք է մեզ պատժեի՞ն: Մենք ենք որոշում աշխատենք, թե՝ ոչ: Մենք, իրոք, շաբաթ եւ կիրակի չենք աշխատել, բայց երկուշաբթի հավկիթներն ուղարկվել ենք խանութներ: Եթե մենք նման միտում ունենայիք, ապա պարզապես մեր մեքենաները կկանգնեցնեիք մաքսատանը: Իրենք ժամանակային առումը չէին հաշվարկել: Նրանք մտածում էին, որ եթե մենք հիմա ունեինք, օրինակ, 500 հատ ձու, ապա 5 րոպեից պետք է դրանք խանութներում լինեին, ասենք՝ Քաջարանի»:

ՏՄՊՊՀ-ից Aravot.am-ին հայտնեցին, Վճռաբեկ դատարանը հանձնաժողովի 5 միլիոն դրամ տուգանքը իրավաչափ է համարել, ավելին՝ դատական նիստերի ընթացքում օրենքի նոր խախտումներ են հայտնաբերվել: Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի կիրառած 100 միլիոն դրամի տուգանքին, ապա դատավարությունը շարունակվում է:

Անուշ  ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031