Լրահոս
Օրվա լրահոսը

Կպայքարեն ընդդեմ հարիսայի «թուրքացման»

Դեկտեմբեր 07,2011 16:53

 «Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման» հ/կ-ն մտահոգված է, որ  վերջերս հարիսան Քեշքեք անունով մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցանկ՝  իբրեւ թուրքական ազգային ճաշատեսակ:

«Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման» հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն հ/կ-ի քարտուղար Վահե Անթանեսյանը եւ հրապարակախոս, գրող Լիա Ավետիսյանն այսօր ասուլիս էին հրավիրել «Արմատ» ակումբում: Պարոն Անթանեսյանը «Առավոտին» ասաց, որ ասուլիսի առիթը մեր հրապարակումն է: «Առավոտի» հետ զրույցում նա հավելեց, որ իրենց պայքարի հիմնական մեխն այն  է, որ հարիսան ամրագրվել է իբրեւ թուրքական կերակրատեսակ, նաեւ փաստեց  վերջին շրջանում հայկական խոհանոցի բարձիթողի վիճակը Հայաստանում: «Մասնավորապես Երեւանում առկա է այն  երեւույթը, որ նշվում է վրացական խոհանոց, տակն էլ առկա են լինում հայկական կերակրատեսակներ:  Առհասարակ մեր խոհանոցը օտարվում է մեզանից: Այս առումով անմխիթար եւ բարձիթողի վիճակ է պետական այրերի, Ազգագրության իստիտուտի կողմից»,- համոզված է կազմակերպության քարտուղարը:

Իսկ ինչպե՞ս են մտադիր պայքարել: «Մեր կազմակերպությունը համախմբում է այն ուժերին, ում մտահոգում  է երեւույթը: Նրանց թվում երիտասարդ ազգագրագետներ են, պատմաբաններ, լրագրողներ եւ այլք: Մշակում ենք մեր մարտավարությունը դրա դեմն առնելու համար, մասնավորապես հարիսայի համար պատրաստում ենք բոլոր գիտական եւ  իրավական հիմքերը, արդյունքում ամբողջական փաթեթը կհանձնենք համապատասխան ատյաններին, պահանջով՝ որպեսզի  բողոքարկեն ՅՈՒՆԵՍԿՕին չեղյալ հայտարարել որոշումը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031