Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես տեսա Ռոբերտ Քոչարյանին

Դեկտեմբեր 07,2011 16:44

Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին  տեսա, երբ նա նոր էր ընտրվել Ղարաբաղի հանրապետության նախագահ:  Միջազգային ինչ-որ կառույցում  ելույթ  էր ունեցել եւ  մեր  հեռուստաընկերությունները  ցուցադրում էին այդ ելույթը: Հպարտացել էինք:  Լավ էր խոսել,  տղամարդու պես, <Վոյինի> պես: Հիշեցնեմ, որ 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։ Իսկ արդեն  1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց   Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանը թողեց Ղարաբաղը եւ եկավ Հայաստան, ես սկսեցի նրան  չսիրել: Իհարկե, սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն, նաեւ  այլմոլորակային բաներ չեն, եւ ուզես թե չուզես, որոշ սուբյեկտիվիզմ որոշ կողմնակալություն  եւ տրամադրվածություն միշտ էլ լինում  է:

Եվ երբ  Քոչարյանը եկավ Երեւան, ես հասկացա, որ Ղարաբաղի համար շատ դժվար է  լինելու:  Կարծում  եմ, սխալների շարքը սկսվեց այդ օրը:

Փոխանակ մենք  գնայինք Ղարաբաղ  եւ շենացնեինք, Ղարաբաղի նորաստեղծ հանրապետության նախագահին ենք բերում Հայաստան; Այստեղ էր, որ ինչպես հեքիաթներում  է   լինում<Թագավորի փոքր տղան մատը կծեց>:

Մինչ ՀՀ նախագահ դառնալը, վարչապետության տարիներին  չէի  լուսաբանել եւ տետ ա տետ  չէի տեսել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ  արդեն 1998-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ  լիքը առիթ եղավ  տեսնելու, շփվելու եւ զննելու: Ռոբերտ  Քոչարյանը,  իմ սուբյեկտիվ ընկալմամբ, առաջին տարիներին բավականին ներքաշված էր, բարդույթավորված, ինքնամփոփ: Եվ,  հազարավոր կիլոմետրերով  հեռու էր  <Միակ տղամարդը> լինելու տեսլականից:  Հիշում  եմ, երբ լրագրողները շրջապատում  էին հարց տալու, հա, ի միջիայլոց  ասեմ, որ այդ  ժամանակներում դեռ որոշ մարդիկ հասանելի էին, դեռ հնարավոր  էր  Ռոբերտ Քոչարյանի  կողքից քայլեր, հետը զրուցել, մի երկու  հարց տալ հենց այնպես: Դեռ ոչ մի պատահական քաշքշուք  չէր եղել, դեռ ոչ մեկին   բարեւելու համար չէին  սպանել եւ դեռ մի քիչ, մի քիչ մաքուր եւ անմեղ բան էր մնացել  շարժման  բարի եւ լավ օրերից: Հերթական   այցի ժամանակ, երբ լրագրողները շրջապատեցին Ռոբերտ Քոչարյանին, կարծեմ դա առաջին այդպիսի  պահն  էր հարցեր տալու, ես, ինչպես այդ ժամանակ հաճախ էր պատահում,  հայտնվել էի  նախագահի թեկնածուի անմիջապես կողքին:Երբ հարցերը հնչեցին, Ռոբերտ Քոչարյանը մի տեսակ երեխայի նման նայեց իմ  կողմը, մի տեսակ, օգնություն խնդրողի պես:

Ամեն հարցի պատասխանելուց առաջ    նայում  էր այն մարդկանց, ովքեր, իր կարծիքով իր հանդեպ բարի էին տրամադրված եւ այդպես էր պատասխանում  հարցերին, դրանք կարճ, կծկտուր եւ վախվորած պատասխաններ էին: Հայերեն բառեր էր փնտրում  եւ չէր գտնում, շատ աննախանձելի վիճակում  էր, դրանից դեմքի հայտնի միմիկան ավելի նկատելի էր դառնում:  Քարոզարշավի ընթացքում   փնտրում  էի, շատ երկար էի փնտրում այն Ռոբերտ Քոչարյանին, ումով հիացել էի, երբ նա ԼՂՀ նախագահն էր:  Չէի գտնում: Գուցե  հեռուստաէկրանն   էր խաբուսիկ, գուցե  ես էի  Ղարաբաղով եւ ղարաբաղյան շարժումով  տարված, գուցե  երբ մարդը Ղարաբաղում է,  ուրիշ է եւ երբ գալիս  է   Երեւան, դառնում  է  բոլորովին ա՞յլ մարդ: Չգիտեմ, բայց, այդպես էլ  չգտա այն Քոչարյանին: Հետո եղան <մոսկաների> , <ականջ քաշելու., <կլիզմաների>, <բոմբոներկաների> /<Կոնգրես> հյուրանոցի շենքն  է ր նմանեցրել շոկոլոդի տուփի/, վատ պարողին խանգարող հանգամանքների,  <ուչաստկովիների մակարդակի>,  <մասանդրաների> , ջեմով կոնֆետի,  մակարոնի անցքի   եւ այլնի մասին պատասխանատու հայտարարությունները:  Չէր եղել նաեւ <Հոկտեմբերի 27>-ը եւ չէր եղել <անթրաշ լինելու մասին>  հայտարարությունը:   Արդեն նախագահ էր դարձել, եւ նույն 1998-ին առաջին պաշտոնական  այցերից մեկը  կատարեց դեպի Լեհաստան: Պատիվ ունեցա  լուսաբանել այդ այցը: Ֆոտոխցիկով նկարում էի Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերը, հանդիպումները եւ այլն, եւ ըստ ամենայնի, դա նրան կաշկանդում էր, ասաց՝ <մի  նկարի>, ես, իհարկե նկարեցի եւ այսօր  բազմաթիվ հետաքրքիր նկարներ  ունեմ այդ օրերից;

 

Ամեն անգամ,երբ նայում  եմ այդ նկարները,   ուզում   հիշեցնել մեր երկրի էքս-նախագահին՝ հիշիր վաղվա օրդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031