Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի բնակֆոնդը չի դիմանա երկրաշարժին

Դեկտեմբեր 07,2011 16:00

2010 թվականի մարտի 25-ին «2005 ընտանիքի անորոշ ապագան» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Վանաձորի 2005 ընտանիքներ երկրաշարժից 21 տարի անց ահուդողով ապրում են երրորդ կարգի վթարայնություն ունեցող շենքերում, որոնց վիճակը տարեցտարի վատանում է՝ տանիքների անմխիթար վիճակի, ջրհորդանների բացակայության ու թալանման պատճառով:

Այսօր՝ երկրաշարժից 23 տարի անց, վիճակը չի փոխվել: Վանաձորի բնակֆոնդի 1030 շենքերից 250-ը նորակառույց են, 84-ը՝ երրորդ կարգի վթարայնության, դրանցից 10-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեն: Վերջին տարիներին շենքերը քայքայվում են արտեզյան ջրերից եւ ջրամատակարարման համակարգի վթարային խողովակներից հոսող ջրերից, զգալի մասն էլ՝ տանիքից: «Եթե այսօր երկրաշարժ լինի՝ քաղաքի բնակֆոնդի կեսից ավելին կփլվի, իսկ Գրիգոր Լուսավորիչ 17 և 28 շենքերի հետքն անգամ չի մնա»,- տեղեկացնում են «Վանսեյսմշին» ՍՊԸ-ից:

Կազմակերպությունը շենքերի սեյսմակայունության վերջին հետազոտությունը կատարել է 2003թ.-ին: Տնօրեն Անդրանիկ Սուքիասյանը մտորում է. «Ո՞վ կարող է երաշխավորել, որ 10 տարվա ընթացքում շենքերը նույն սեյսմակայունությամբ են մնացել, տարեցտարի շենքը կորցնում է իր ամրությունը: Չգիտենք, որ թաղամասն է ավելի սեյսմակայուն, եւ ինչ է սպասվում մեզ, հնարավոր է՝ արտաքինից ամուր շենքն ավելի շուտ փլվի, քան վթարայինը»:

Վանաձորի քաղաքապետարանն էլ ավելի շատ ուշադրություն է դարձնում 84 վթարային շենքերին: Յուրաքանչյուր տարի Վանաձորը խնդրանք-դիմումներ է  ուղղում ՀՀ կառավարությանը: Եթե նախորդ տարիներին կառավարությունը պատասխանում էր, թե հարցը կլուծվի, երբ ՀՀ բյուջեն հնարավորություն ունենա, այս տարի որեւէ պատասխան չի եղել: «Դա մի կողմից հուսադրում է, մյուս կողմից՝ հիասթափեցնում: Հասկանում եմ, որ ՀՀ կառավարության ուշադրությունն այս պահին 24 գյուղական համայնքների շինարարական աշխատանքների վրա է սեւեռված, սակայն ոչ մի աղետ չի սպասում, թե երբ պիտի պատրաստ դիմակայեն , նոր գա»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի վարիչ Տիգրան Պապանյանը:

Այս պահին կառավարության ֆինանսավորմամբ 24 գյուղերում կառուցվում է 1857 առանձնատուն, այն ընտանիքների համար, որոնք 1988-ից այսկողմ չեն ստացել ոչ մի փոխհատուցում: 2013-ից հետո առանձնատներ կկառուցվեն Սպիտակում, Ստեփանավանում եւ Վանաձորում ապրող նման ընտանիքների համար. Սպիտակում՝ 600, Ստեփանավանում՝ 330, Վանաձորում 58 նման ընտանիք է ապրում:

Վանաձորցիները միայն երկրաշարժ բառը լսելիս սարսափում են, սակայն իրազեկված չեն, ինչպես պաշտպանել իրենց: Վթարային շենքերի բնակիչներն էլ զարմանում են, թե ինչպես կարելի  է 23 տարի ապրել, իշխանությունների կողմից անտեսված: «Իրենց երկրի քաղաքացու ճակատագրի վրա թքած ունեն, տեսնես ինչ է մտածում մեր լոռեցի վարչապետը, մոռացել է մեծ աղետը»,- ասում է երկրաշարժի պատճառով մեկ աչքն ու 2 երեխաներին կորցրած տիկին Սեդան:

Հ.Գ.-Այսօր Վանաձորի գերեզմանատները լիքն էին մարդկանցով, իսկ Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրած հուշաքարին, սովորույթը չխախտելու համար, ծաղկեպսակ են դնում միայն պետական օղակների ներկայացուցիչները: Իսկ ուսանողներն ու բարձր դասարանցիները գնում են միայն թվաքանակ ապահովելու համար, այն էլ՝ պարտադրանքի ուժով:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031