Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեքստիլում աշխատելը տարավ գույնս էլ, ֆասոնս էլ…»

Դեկտեմբեր 07,2011 18:51

 

Չինար տատը (իսկական անունը` Չինաստան) շուտով կբոլորի իր 87 տարին: Փոքր տարիքից փայլել է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև առաջադիմությամբ: Ինչպես ինքն է ասում. «Հայաստանի առաջին սովորողն էի»:

Մի անգամ եղբոր դասարանում աշխարհագրության դասին ոչ ոք չի կարողանում քարտեզի վրա  ցույց տալ այն, ինչ պահանջում է ուսուցիչը: Որպես գերազանց սովորողի ` կանչում են Չինարին, ով իրենից մեծերին ամոթով է թողնում: Երբ սկսվեց պատերազմը, Չինարը սովորում էր 10-րդ դասարանում: Ստիպված կիսատ թողեց ուսումը:

Աշխատանքի անցավ դպրոցի գրադարանում, սակայն դիպլոմ չունենալու պատճառով նրան ազատեցին   աշխատանքից: Պատերազմի տարիներին գյուղում համարյա տղամարդ չկար, կանայք աշխատում էին նրանց փոխարեն:  Չինարն էլ ցորենի ծանր  պարկերը տանում էր հարևան գյուղ` աղալու: Այդ ժամանակ նա եղբոր հետ աշխատում էր կոլտնտեսությունում` կոմբայնի վրա հաց ծեծելով:

Մի օր նրանց մեղքով հրդեհ է բռնկվում,  գարու դաշտը այրվում է: Որպես փոխհատուցում`տերերը պահանջում են 45 000 ռուբլի: Վաճառելով որոշ իրեր` նրանք վճարում են գումարի կեսը, իսկ մյուս կեսի փոխարեն` Չինարին  ամուսնացնում են ստրկատիրոջ որդու` Վարշամի հետ: Նա ամուսնուց մեծ էր 3 տարով, բայց իրար շատ էին սիրում: «Կյանքում ինձ մատով չի կպել»,- ասում է Չինար տատը:

Նրա ձեռքի վրա դաջվածք կա` ՉՎ -1925, Չինաստանի եւ Վարշամի սերն է  խորհրդանշում է: Ամուսնու քույրերը, տեսնելով Չինարին, ասում են. «Տեսեք ինչ հարս է` կարմիր թշերով ու ճերմակ: Բա մազե՞րը…» Սակայն տեքստիլում աշխատելը , ինչպես ինքն է ասում. «Տարավ գույնս էլ, ֆասոնս էլ…»: Չինարն առաջին հերթով աշխատում էր Լենինականի տեքստիլի գործարանի մանարանում:

Ուշանալ չկար. Ուշանալու դեպքում, գործարանի մեքենաները չէին աշխատի: Մինչև հիմա էլ ժպիտով է հիշում այն օրը, երբ առաջին անգամ մտավ մանարան.

«Նոր էի եկել գյուղից: Ներս մտա, ասացին որ պիտի գյուլլաշ կպնեմ մի չաղ աղջկա` Ժենիկի հետ: Կարգն էր այդպես: Մի վայրկյան տևեց. զարկեցի ու նստեցի վրան: Դեռ Ժենիկի կռնակին ոչ ոք չէր նստել»: Դրանից հետո Չինարին նշանակեցին բրիգադիր:  Իր անբասիր աշխատանքի համար բազմաթիվ  շքանշաններ է ստացել:

«Զարմանում եմ `որտեղից նրան այդքան աշխուժություն ու եռանդ: Նույնիսկ այս տարիքում հիշում է դպրոցում սովարածն ու իր գրած ստեղծագործությունները: Մինչև հիմա մշակում է այգին, տանը հանգիստ չի  նստում »,- ասում է թոռնուհի Կարինեն: Չնայած իր տարիքին ` Չինար տատը վազում է երիտասարդ աղջկա նման:

Եթե հարցնես ՝ որտեղից նրան այդքան աշխուժություն և ուժ, կպատասխանի. «Չգիտեմ,երևի նրանից է, որ գյուղում եմ ծնվել  ու մեծացել: Մինչև կյանքիս վերջ վազելու եմ….»:

 

Դիանա Ադամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031