Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սիլվա Ասատրյանը դեկտեմբերի 6-ին չի բերվել դատարան:
Չնայած Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, այդ օրը սկսվեց Սիլվա Ասատրյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի եւ Գլխավոր դատախազության՝ համաներում կիրառելու (ճիշտ կիրառելու) պահանջի մասին:
Սիլվա Ասատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը մեզ տեղեկացրեց, որ գրավոր բացատրություն է տվել: Ըստ փաստաբանի. «Գլխավոր դատախազության ցուցումով է Սիլվա Ասատրյանի նկատմամբ շարունակական բնույթ կրող խտրական վերաբերմունք ցուցաբերվում եւ դա է պատճառը, որ նա թեեւ 9 տարվա ազատազրկման է դատապարտվել երկու տարբեր հոդվածներով, որոնցից ավելի թեթեւի վրա տարածվում է «Համաներման մասին» որոշման 1-ին մասի 1-ին կետը եւ Սիլվա Ասատրյանը այդ մասով պետք է ամբողջությամբ ազատվեր պատժի կրումից, որն առնվազն 1 տարի է, իսկ մնացած մոտ 350 օրվա ազատազրկման վրա էլ պետք է կիրառվեր 8-րդ կետի 4-րդ ենթակետը: Այսինքն՝ այդ ժամկետը պետք է կրճատվեր առնվազն ¼-ով, սակայն դա չի արվել եւ թեթեւ արարքի համար պատժից ազատելու փոխարեն, այն ընդամենը ¼-րդով է կրճատվել»:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը նույնպես բացատրություն է տվել: Նա դատարանին հայտնել է, որ Սիլվա Ասատրյանը ծանր հոդվածով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, իսկ թեթեւ հոդվածով՝ 2 տարվա, որոնք էլ գումարելով՝ վերջնական պատիժ է նշանակվել 9 տարի ազատազրկում: Քրեակատարողականի ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ Սիլվա Ասատրյանի նկատմամբ կիրառվել է միայն «Համաներման մասին» Ազգային ժողովի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը, այսինքն՝ պատժի չկրած մասը կրճատվել է ¼-ով:
Կարդացեք նաև
Հենց դա էլ փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից որակվում է խտրական վերաբերմունք, քանի որ այն արարքով պատժի համար, որի կրումից Սիլվա Ասատրյանը պետք է ազատվեր ամբողջությամբ, կիրառվել է 1/4-րդ մասից ազատում, ինչի արդյունքում Սիլվա Ասատրյանը առնվազն 9 ամիս ավելի պետք է անազատության մեջ անցկացնի:
Սիլվա Ասատրյանին դատական նիստին մասնակից դարձնելու համար այն հետաձգվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ