Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրազենային վնասվածք է ստացել դատավորի որդին

Դեկտեմբեր 07,2011 15:18

Ինչպես երեկ` դեկտեմբերի 6-ին, Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սեւանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 4-ին Երևան-Սեւան ավտոմայրուղու վրա գտնվող, Իշխան Ներսիսյանին պատկանող «Օրսետո» հյուրանոցա-ռեստորանային համալիրում՝ ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում, մի խումբ անձանց միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, ըստ սեւանցիների, հնչել էր կրակոց:

Սևանցիները ֆոտոլրագրողին պատմել էին, որ վիճաբանությանը մասնակիցների մեջ եղել են տեղական կառույցի պաշտոնյաների զավակներ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել մի քանի անգամ այդ թվում նաև ավազակային հարձակման համար դատապարտված Սևանում հայտնի «կեղծ բարերար» անվամբ Ռազը` Ռազմիկ Մելոյանը:

Ֆոտոլրագրողին հայտնել էր, որ հնչած կրակոցի արդյունքում մեկ հոգի հրազենային վնասվածք էր ստացել, սակայն չգիտես ինչու հիվանդանոց չէր տեղափոխվել:

Այսօր` դեկտեմբերի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Այն նախատեսում է ազատազրկում` 5 տարի ժամկետով:

Այսօր քննիչի կողմից նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 40-ամյա Արա Սմբատյանը, որը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակոց է արձակել:

Որպես կասկածյալների` ոստիկանությունը որոնում է 7 հոգու, այդ թվում` «Կեղծ բարերար» մականվամբ Ռազմիկ Մելոյանին, ով վիճաբանության հաջորդ օրը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ոստիկանությունը արդեն պարզել է, որ հրազենային վնասվածքը ստացել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի 23-ամյա որդին` Հրաչյա Անտոնյանը, ով բակվում է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում և աշխատում է ՀՀ վարչական դատարանում որպես գործավար:

Թեպետ վնասվածքը լուրջ չէ, այնուամենայնիվ քննիչի որոշմամբ, նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031