ՀՀ կառավարությունը գարնանացանի համար Տավուշի մարզի համայնքներին տրամադրել է 79 տոննա գարու եւ 19 տոննա եգիպտացորենի սերմացու, գարու կիլոգրամը` 70, եգիտացորենինը` 200 դրամով: Դրա համար համայնքների բնակիչների հետ կնքել են պայմանագրեր, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ սերմացուն վերադարձվի պետությանը: Չնայած գարու եւ եգիպտացորենի բերքահավաքը վաղուց է եղել՝ ֆերմերները դեռեւս չեն վերադարձրել սերմացուն:
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարական է տվել մինչեւ տարեվերջ ապահովել սերմացուի վերադարձը:
Բացի սրանից, «Հազարամյակների մարտահրավերներ-Հայաստանի» ծրագրով Տավուշի մարզում իրականացված 3-րդ կարգի ջրանցքների վերականգնման համաֆինանսավորման համար մարզի Սեւքար, Աչաջուր, Լուսաձոր, Հաղթանակ, Կողբ համայնքներին ընդհանուր առմամբ 22 միլիոն դրամ փոխատվություն է տրվել, որը պետք է մարվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ էլի մինչեւ այս տարեվերջ: Ներկայումս 5 համայնքներից միայն Աչաջուրն է ամբողջությամբ վերադարձրել գումարը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ