Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ՝ մարդու ներաշխարհին

Դեկտեմբեր 07,2011 13:48

Գույների սխալ համադրությունը ազդում է մարդկանց առողջության վրա

Հաճախ մենք մարդու տեսակի, բնավորության, խառնվածքի մասին կարծիք ենք կազմում՝ ելնելով նրա նախընտրած գույներից: Հոգեբան Անուշ Նիկոլյանի ձեւակերպմամբ, գույնի ընտրությունը կարող է կախված լինել մարդու անհատականությունից, տվյալ պահին՝ նրա հոգեվիճակից: «Քանի որ մենք ավելի շատ հետեւում ենք նորաձեւության տենդենցներին, ուստի միանշանակ ասել, որ գույնի ընտրությամբ կարելի է եզրակացնել, թե մարդն ինչ ներաշխարհ ու հոգեբանական ինչ խնդիրներ ունի, մի փոքր սխալ է»,- ասաց հոգեբանը: Նրա խոսքով, այնուամենայնիվ, կան գույներ, որոնց գերակշռությունը մարդու անձնական զգեստապահարանում, որոշ բաներ «պատմում» է նրա անձնային առանձնահատկությունների մասին: «Եթե մարդը գերադասում է մշտապես հագնել միայն սեւ հագուստ եւ չունի իր վրա վառ դետալներ, ապա դա ոչ թե նորաձեւության տենդենցներին հետեւել է, այլ ինքնապաշտպանվելու, հասարակության մեջ թաքնվելու, սեփական «ես»-ը ավելի աննկատ դարձնելու միտում»,- նշում է Ա. Նիկոլյանը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաեւ շատ վառ գույների մասին, եթե դա եւս կրում է պարբերական բնույթ. «Եթե կինն ավելի քան երեսուն տարեկան է, եւ նրա զգեստապահարանում գերիշխում են վառ գույները եւ նա կրում է այդ վառ գույների ոչ ճիշտ համադրությամբ զգեստներ, ապա կարելի է ասել, որ նա ինֆանտիվ է (մանկամիտ), ունի սեփական «ես»-ի աճի հետ կապված խնդիրներ»:

Խոսելով գույների ազդեցության մասին՝ հոգեբանը նշում է, որ մարդու վրա գույների սխալ համադրությունը ազդում է, քանի որ մարդիկ բնության մի մասն են, իսկ բնության մեջ գույների չհամադրված տարրերի մենք երբեք չենք հանդիպում: «Բնության մեջ ցանկացած ծաղիկ, բույս ճիշտ համադրված են գույներով, եւ մենք էլ ենթագիտակցաբար կարիք ունենք ամեն ինչ ճիշտ համադրված տեսնել, ու եթե ինչ-որ տարածության մեջ վառ արտահայտված սխալ համադրություն ենք նկատում, այն միանշանակ ազդում է մեր ներաշխարհի վրա»,- ավելացնում է Ա. Նիկոլյանը: Ըստ նրա, կան գույներ, որոնք նույնիսկ ֆիզիոլոգիապես են ազդում մարդու վրա: Օրինակ՝ կանաչն ունի ճնշումը, արյան շրջանառությունը կարգավորող հատկություն, կապույտը ունի ցավազրկող ազդեցություն, նաեւ ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, խոսքը դանդաղեցնելու հատկություն: Կապույտ սենյակում խորհուրդ է տրվում հանգստանալ, եթե մարդը վատառողջ է, այս գույնի ազդեցությունը դրական կանդրադառնա: Դեղինը, ծիրանագույնը ակտիվացնում, կարգավորում են շնչառությունը, սրտի աշխատանքը, բարձրացնում են տրամադրությունը, այդ իսկ պատճառով հաճախ խորհուրդ է տրվում ճաշասենյակը, կամ այնտեղ, որտեղ մարդիկ անցկացնում են իրենց ակտիվ ժամանակի մեծ մասը, ներկել դեղինի, ծիրանագույնի երանգների մեջ: Կարմիրը, հոգեբանի խոսքով, մի կողմից ագրեսիայի, մյուս կողմից՝ կրքի գույն է: Այն նախընտրում են ավելի համարձակ, թեժ, կրակոտ խառնվածք ունեցող մարդիկ: «Կարմիրն ակտիվացնում է արյան շրջանառությունը, մարդիկ, ովքեր արյան ճնշման բարձրացման հետ կապված խնդիրներ ունեն, այդ գույնի սենյակում կսկսեն իրենց վատ զգալ»,- հավելում է հոգեբանը:

Մեր զրուցակցի մեկնաբանմամբ, քանի որ կարմիրը համարվում է սեքսուալ գույն, հետեւաբար, նրանք, ովքեր իրենց մեջ սեքսուալություն չեն տեսնում, ենթագիտակցաբար խուսափում են այդ գույնից:

Ա. Նիկոլյանի խոսքով, ագրեսիվ եւ ոչ ճիշտ են վառ վարդագույն-կանաչ, վառ դեղին-կապույտ, վառ կարմիր-վառ կապույտ համադրությունները, եւ եթե, օրինակ, երեխան գտնվում է մի սենյակում, որտեղ գերակշռում են գույների այս համադրությունները, ապա երեխայի մոտ կարող է ագրեսիվության նշաններ առաջանալ:

Հոգեբանի հավաստմամբ, այս կամ այն գույնի նկատմամբ հաճելի կամ տհաճ զգացողությունը կարող է ժամանակի ընթացքում փոխվել, սակայն բոլոր դեպքերում նախընտրած գույնն արտահայտում է տվյալ անհատի զգայունությունն ու բնավորությունը:

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031