Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ եղավ 2003-2007թթ. ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի «Սալիկ» կոոպերատիվը

Դեկտեմբեր 07,2011 13:57

Երեկ Սամվել Նիկոյանը դարձավ ՀՀ 20-ամյա խորհրդարանի 8-րդ նախագահը: Դեռեւս  2010 թվականի հունվարի 27-ին «Կենսագրությունները խմբագրվում են. հրադադարի հաստատումից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ որոշ պատգամավորների՝ Հրայր Կարապետյան, Հերմինե Նաղդալյան, Էռնեստ Սողոմոնյան, Սաշիկ Սարգսյան, Հեղինե Բիշարյան, Սամվել Բալասանյան եւ այլք, կենսագրականներում կան չհրապարակվող հատվածներ կամ հակասություններ տարբեր տարիներին հրապարակված կենսագրականներում: Հակասություններ կան նաեւ արդեն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կենսագրականներում:

Ըստ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի՝ Սամվել Նիկոյանը «արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ»: Նույն ձեւակերպումը, կրկին առանց տարեթվերի, առկա է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով. չորրորդ գումարման ուղեցույց» գրքում (Երեւան, «Անտարես», 2009, էջ 138): Իսկ ահա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով. երրորդ գումարում» գրքում (Երեւան 2004, Ազգային ժողովի աշխատակազմ, «Տիգրան Մեծ», էջ 120) գրված է, որ Սամվել Նիկոյանը «1991-1994 հատվածում եղել է Աբովյանի շրջանի «Սալիկ» կոոպերատիվի նախագահը»: Այդ ինչ է արել «Սալիկի» նախագահ Սամվել Նիկոյանը, որ հարիր չէ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ արժանի է մոռացության՝ Սամվել Նիկոյանը չի ասում:

Երեկվա քաղաքական փոփոխությունը, որ արդեն տեղ է գտել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում, դեռ չի երեւում Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքում: Այստեղ Սամվել Նիկոյանը, որի «Սալիկի» նախագահ լինելը թաքցրած չէ, դեռ ԱԺ փոխնախագահն է, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ նախագահ:

Սեփական կենսագրությունը հակասություններով ներկայացնելը կամ խմբագրելը՝ անձի մասին կարծիք ձեւավորելու հիմնական գործոններից մեկն է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.-1 Սամվել Նիկոյանի կենսագրականում նշված է, որ նա եղել է ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ: ԱՄԿ անդամ Պարույր Հայրիկյանն «Ա1+»-ին ասել է, որ այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Հ.Գ.-2 ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշված է, որ Սերժ Սարգսյանը «աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը»: Լավ կլինի, որ հանրապետականները հետեւեն իրենց նախագահին ու կենսագրականներում անցյալը ներկայացնեն ինչպես որ եղել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031