Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողները չգիտեն սպառողի պահանջները

Դեկտեմբեր 07,2011 13:42

Անուշ Վարդանյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Եվ, ըստ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի, չեն տիրապետում հեղինակային իրավունքի դաշտին:

Վերջերս մանկագիրներ Սուրեն Մուրադյանն ու Էդուարդ Միլիտոնյանը մտահոգություն հայտնեցին մոտ ժամանակներս մանկական գրականության հնարավոր «անհետացման» առիթով, քանի որ, ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշեցին՝ ամենաերիտասարդ մանկագիրը 65 տարեկան է:

«Առավոտի» հետ զրույցում գրողները փաստեցին, որ տարին ընդամենը մեկ անգամ, այն էլ ձեւական, անցկացվում է Գրքի շաբաթ, որի ընթացքում, 1-2 բացառությամբ, նույն դեմքերն են, դրանց մի մասն էլ վաղուց արդեն չի ստեղծագործում մանուկների համար: Ոմանք ստեղծված իրավիճակի մեղքը բարդում են Գրողների միության մանկական բաժանմունքի վրա, մյուսներն էլ գտնում են, որ պետպատվերի շրջանակներում տպագրվող մանկական գրականությունը առանձին տողով պետք է ներկայացվի, ինչը խթան կհանդիսանա: Ասվում է, որ ժամանակին մեր գրողները, հատկապես երիտասարդները (Էդ. Միլիտոնյան, Ռ. Շառոյան, Գ. Հարյանց, Ա. Պարսամյան եւ այլք) տեսնելով, որ իրենց գործերը քիչ են տպագրվում, գրում էին հենց մանուկների համար, քանի որ դա խրախուսվում էր պետության կողմից: Օրինակ, 1980-ականներին Ռ. Շառոյանի «Իշուկ Չոշուկի արկածները» աշխարհի միլիոնավոր հայ երեխաների սիրելի գործը դարձավ եւ այլն: Նշենք, որ այսօր ընդամենը երկու ամսագիր է տպվում մանուկների համար՝ «Ծիծեռնակ» եւ «Աղբյուր»: Մյուս կողմից, հրատարակվում են շքեղ, երգող, անջրանցիկ, մի խոսքով՝ օտար հեղինակների աչք շոյող բազմապիսի գրքեր: Նման արտադրանքով է զբաղվում «Անտարես մեդիա» հոլդինգը, որի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ի պատասխան նշված խնդրի, «Առավոտին» նախ հայտնեց, թե արդեն երեք տարի չի հրատարակում հայ մանկագրի գիրք, հետո էլ արդարացավ, ասելով. «Մեր մանկագիրները չեն տիրապետում հեղինակային իրավունքի դաշտին. նույն ստեղծագործությունը վաճառում են տարբեր հրատարակիչների, երբեք չեն հետազոտում շուկան եւ չգիտեն սպառողի պահանջները, Գրողների միությունը իր անդամներին «հերթի դնելով», յուրաքանչյուր տարի մեկին հռչակում է լավագույն գրող…»: Մեր զրուցակցի կարծիքով, թե ինչո՞ւ է ոլորտը տեղում դոփում, ասաց հետեւյալը. «Եթե հարցնենք մեր երեխաներին, թե ի՞նչ են ուզում դառնալ, կպատասխանեն՝ թիկնապահ, գողական… Արժեհամակա՛րգն է պետք փոխել: Երեխային գրավող ժամանակակից հերոսներ չկան, ո՞ւմ նմանվեն նրանք: Այստեղ, անկասկած, մեծ դեր ունեն TV-ները: Իսկ թե 1-2 բացառությամբ ինչ է տիրում դրանց եթերում, մեկնաբանման կարիք չկա: Մինչ մանկագիրների մասով մենք այս օրին ենք, աշխարհում կան տեսագրքեր, որոնք նպաստում են գիրք-մանուկ-ընթերցող կապին»: Հետաքրքրությանը, թե ե՞րբ է ավարտվելու դեռեւս գարնանը «Անտարեսի» կողմից հայտարարված պատմվածքների մրցույթը եւ արդյոք կա՞ն մանկական ստեղծագործություններ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ընդունել են 16 տարեկանից բարձր հեղինակների 121 գործ, ընտրվել է 19-ը, ցավոք, մանկական երկ չկա: Ամանորի շեմին կհայտարարվեն մրցանակակիրները:

Մտահոգող թեմային ի պատասխան՝ «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, Գրողների միության մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Վարդանյանն ասաց, որ իրենց նույնպես հուզող այս հարցով ժամանակին դիմել են քաղաքապետին, սակայն հանդիպումը չի կայացել եւ առաջիկայում որոշել են հանդիպել նորանշանակ քաղաքապետին: Նեղսրտեց, որ մանկագիրներին հաճախ անտեսում են, օրինակ՝ դասագրքեր կազմելիս չեն ընդգրկում… Խոստացավ քաղաքապետի հետ հանդիպումից հետո կիսվել «Առավոտի» հետ: Հարցին՝ ի վերջո, մենք քանի՞ մանկագիր ունենք, տիկին Վարդանյանը համեստորեն չնշելով ամուսնու՝ Էդվարդ Միլիտոնյանի անունը, հիշատակեց չորսին. Սուրեն Մուրադյան, Յուրի Սահակյան, Լիպարիտ Սարգսյան, Երվանդ Պետրոսյան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031