Լրահոս
Օրվա լրահոսը

Ոճիր եւ… շնորհակալություն

Դեկտեմբեր 07,2011 13:33

ՀՀ կառավարիչները շնորհակալ են Սյունիքի մարզպետից, մինչդեռ կա չորս քրեական եւ մեկ վարչական պատասխանատվություն, որ կարող են «սազել» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Շաբաթ օրը ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքում եւ ըստ պաշտոնական հաղորդագրության, գոհունակություն հայտնել Սյունիքի մարզպետին՝ այս տարվա աշխատանքների համար: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ Սյունիքի դատարկվող եւ ծերացող գյուղերի պարագայում Սյունիքի մարզպետին շնորհակալություն հայտնելը առնվազն տեղին չէ («Առավոտ», 4 նոյեմբերի 2010՝ «Միայն գովասանական նամակներ»:

Բայց ողջ խնդիրն այն է, որ անկուսակցական Արմեն Գեւորգյանը մարզպետներին նշանակել-ազատելու որեւէ լիազորություն չունի, նա ի պաշտոնե աշխատում է մարզպետների հետ: Նրանց նշանակում եւ ազատում է հանրապետական մեծամասնությամբ ՀՀ կառավարությունը (ՀՀ Սահմանադրության 88.1 հոդված): Ու եթե կառավարությունում որոշել են Սյունիքի մարզպետին շնորհակալ լինել անգամ այն բանից հետո, երբ Սյունիքի գյուղերը դատարկվում են, իսկ մարզպետը Երեւանում կռիվներ է սարքում, սա նշանակում է, որ էլի ներել են Սուրիկ Խաչատրյանին՝ վասն առաջիկա ընտրություններում իրենց ցանկալի, բայց իրականությունը չարտացոլող արդյունքի: Այս պարագայում Սյունիքի գյուղերը շարունակվելու են դատարկվել՝ ի ցավ ողջ Հայաստանի: Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանին առնվազն հինգ հոդվածով կարելի է պատասխանատվության ենթարկել. չորսը՝ քրեական, մեկը՝ վարչական:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 148. «Անձին տեղեկություններ ներկայացնելուց հրաժարվելը: Անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող եւ սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին եւ օրինական շահերին վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցածից հետո մարզպետի եւ մարզպետարանի պահվածքը տեղավորվում է այս հոդվածի տրամաբանության մեջ: Մարզպետարանը մի քանի օր լռում էր, մարզպետը հեռախոսազանգերին չէր պատասխանում: Այս պահվածքը պատժվում է նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 164. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցածի մասին լրագրողներին հետաքրքրող հարցերին չպատասխանելը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դասական օրինակ է:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 314. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով, կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցածի մասին մարզպետարանի պաշտոնական պատասխանը կեղծիք է: Ականատես ու վկա պատգամավորը պատմել է, որ միջադեպ եղել է: Կամ Սուրիկ Խաչատրյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, կամ պատգամավորը՝ սուտ խոսելու կամ զրպարտելու համար:

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 278. «Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երեւույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով»: Մարզպետն ու մարզպետարանը թաքցրել են տեղեկությունը, որ մարդու կարծիքը չկիսող կամ նրա ասածների դեմ ընդվզող Սուրիկ Խաչատրյանը իր դժգոհությանը օրենքով սահմանված ձեւով ընթացք տալու համար, կռիվ սարքելու, մարդկանց հայհոյելու եւ ծեծելու, մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծելու սովորություն ունի:

Սյունիքի մարզպետի «սխրանքներից» հետո մարզպետարանը տարածում է պարզաբանում. զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունները հորինված են, զրպարտություն, զուրկ որեւէ հիմքից, իրականության հետ աղերսներ չունեն, պատվիրված են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ, ընդամենը միտված են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարկաբեկմանը: Մարզպետն ու մարզպետարանը չեն ասում, թե ինչու մարդիկ մի օր որոշեցին ու սկսեցին վարկաբեկել Սուրիկ Խաչատրյանին: Ինչու նույն բանը չեն անում այլ մարզպետների կամ գործադիր իշխանություն կրող այլ պաշտոնյաների հանդեպ: Այդ ինչպես եղավ, որ բան չեղավ, բայց պատգամավորը ասում է, որ եղել է:

Դե իսկ ՀՀ քրեական օրենսգրքի «Ծեծը» հոդվածն էլ կա ու կա:

Այլ խոսքով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ թե շնորհակալություն պետք է ստանար, այլ՝ արժանի պատիժ: Վստահ եմ՝ Հանրապետական կուսակցությունը այսպես ավելի համակրանք կվայելեր ու քվե կստանար, քան ընտրություններում ցանկալի արդյունք ստանալու համար Սուրիկ Խաչատրյանին պահել-փայփայելով:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ


Հ. Գ. Սեփական նախաձեռնությամբ սույն հրապարակումը ուղարկել եմ տեղեկատվական վեճերի խորհուրդ: Խորհրդի կարծիքը կտպագրենք ստանալուն պես:

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031