Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանը՝ ճանապարհայինների մասին

Դեկտեմբեր 07,2011 13:29

Տիգրան Պետրոսյանի անվան փողոցը միակ կենտրոնական փողոցն Է

Դավիթաշենն ունի միայն մեկ կարգավորվող խաչմերուկ, որը գտնվում Է շուկայի մոտ, մնացածը կարգավորվում են «զեբրաներով»: Դրանք էլ դպրոց-մանկապարտեզ տանող ճանապարհների խաչմերուկներն են:

Անկարգապահ վարորդներից շատերը, հաշվի առնելով այդ փողոցի հարթ եւ ուղիղ լինելը՝ զարգացնում են ցանկացած արագություն՝ քամահրելով անցումով անցնող բարեխիղճ հետիոտներին: Նրանք արդեն գիտեն, որ այդ փողոցում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա չի երեւա, քանի որ դրանք երեւում են միայն վթարների դեպքում։

Գուցե ճանապարհային ոստիկանության բացակայությունը կապված Է այն բանի հետ, որ Դավիթաշենը եւ քաղաքի մյուս ծայրամասերում գտնվող թաղամասերը գտնվում են կենտրոնից հեռու, իսկ ճանապարհային ոստիկանությունը հիմնականում շրջագայում է, չգիտես ինչու, միշտ կենտրոնում: Անկարգապահ վարորդներն էլ (մասնավորապես՝ տաքսու վարորդները) արդեն անգիր են արել, թե որտեղ կարող են հանդիպել ճանապարհային ոստիկանությանը եւ իրենց ավելի զսպված են պահում։

Կան նաեւ շատ կարգապահ վարորդներ, որոնք տեսնելով անցումին մոտեցող հետիոտնին՝ արգելակում են եւ անգամ ձեռքով ազդանշան տալիս, որ անցնեն, սակայն այս դեպքում էլ անվտանգ հնարավոր չէ անցնել, քանի որ կողքից անցնող մեքենան շարունակում է ընթացքը կամ էլ կատարում վազանց՝ վտանգելով հետիոտնի կյանքը։

Նոյեմբերի 29-ին ես փորձեցի զանգել ճանապարհային ոստիկանության 1.77 համարին, ընդ որում՝ այդ համարի հետ անվճար կարելի է կապվել միայն «ՎիվաՍել» եւ «ԱրմենՏել» բջջային կապով։ Ես ցանկանում էի, որպեսզի գրանցվի իմ բողոքը, որ Դավիթաշենում առհասարակ բացակայում է ճանապարհային ոստիկանությունը: Ներկայանալով որպես նախկին ոստիկան, տալով իմ բոլոր տվյալները, հեռախոսահամարները, խնդրեցի բողոքս արձանագրել, սակայն, ի զարմանս ինձ, «թեժ գծի» աշխատակից Ռամազյանը, լսելով իմ բողոքը, փոխարենը հայտներ, որ այն ընդունված է, գրանցված եւ կտրվի համապատասխան ընթացք, հայտնեց, որ այդ հարցով ես պետք է դիմեմ 58-30-11 հեռախոսահամարով՝ պարոն Ենգիբարյանին կամ զանգեմ 56-79-44 եւ 58-56-21: Ես պատկերացրի, որ գործ ունեմ ոչ թե «թեժ գծի» աշխատակցի, այլ՝ տեղեկատու խորհրդակցական բաժնի հետ։

Ես փորձեցի կապվել պատասխանատու հերթապահի հետ եւ հայտնել իմ բողոքը, սակայն հեռախոսափողի մեջ լսեցի մի կնոջ ձայն, որն ասաց. «Խաչատրյան, էլի այն մարդն է, միանգամից ասա, որ զանգի Ենգիբարյանին ու վերջ»։ Նույն պատասխանը ստացա պարոն Խաչատրյանից, սակայն երբ համառորեն բացատրեցի «թեժ գծի» աշխատակցի պարտականությունները, ինչպես երեւում է, դրանից հետո իմ բողոքը գրանցվեց: Հետաքրքիր է, որ եթե «թեժ գծի» աշխատակիցը այդպես է պատասխանում նախկին ոստիկանին, ապա շարքային քաղաքացուն «վայը եկել ու տարել է»։

Պարզ է, որ ճանապարհային ոստիկանությունը, անգամ ցանկացած դեպքում, ի վիճակի չէ հետեւել ու նկատել բոլոր խախտումները, որոնք կատարվում են անկարգապահ վարորդների կողմից, ինչպես խաչմերուկներում, այնպես էլ նշված անցումներում: Իսկ ինչո՞ւ այդ նպատակով չօգտագործել «թեժ գիծը», որով քաղաքացիները կարող են հայտնել անկարգապահ վարորդների ավտոմեքենաների պետհամարանիշը, խախտման վայրը, ձեւը, որը հիմք կծառայի համապատասխան ստուգումներ կատարելուց հետո պատասխանատվության ենթարկել անսանձ վարորդներին, քանի որ այս դեպքում խախտողները կմտածեն, որ 10-ից գոնե մեկը կամ երկուսը կարող են ահազանգել: Գուցե դա կնպաստի հարցը կարգավորելուն, իսկ այդ մասին ճանապարհային ոստիկանության ղեկավարները հեռուստատեսությամբ իրենց ելույթներում կհայտնեն, թե քանի ահազանգ է ստացվել եւ քանիսն են պատժվել։

Քիչ գործ չունեն անելու նաեւ պարեկային ծառայություն կատարող ոստիկանները, որոնք նկատելով խախտում կատարողներին, նույնպես պետք է նշեն կարգազանցների պետհամարանիշները եւ զեկուցագրով ներկայացնեն ճանապարհային ոստիկանությանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031