Խորհրդարանական ընտրություներին «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ հերթական անգամ վստահեցրեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Մասնակցությունից հրաժարվելու հանգամանքը, բանախոսը բացատրեց ընտրությունների արդյունքների արդեն կանխորոշված լինելով. «Պաշտոնյաների վերադասավորումները ոչինչ չեն փոխելու: Իշխանական բուրգում հնչեղ վերադասավորումների նպատակը մեկն է՝ գործող բռնատիրոջ դիրքերն ամրապնդել»:
Պարոն Սեֆիլյանը վստահեցրեց, որ կուսակցությունները հայտնվել են քաղաքական թատրոնում ու խորհուրդ տվեց չհավատալ ՀՀԿ-ԲՀԿ կեղծ հակադրությանը. «Դերասանություն են անում : Այս հակասությունները կեղծ են, իրականում վերեւներում ամեն ինչ արդեն կանխորոշված է: Սուտ պայքար է, բոլոր գաղափարական մտածողներին խորհուրդ եմ տալիս չլարվել»:
Պարոն Սեֆիլյանի համոզմամբ, Հայաստանի նման օկուպացված երկրում արդար ընտրություններ հնարավոր չեն. «Երկիրը օկուպացված է գողերով եւ արդար ընտրություններ ակնկալելը հնարավոր չէ: Ընտրությունների կազմակերպիչները օրենքից դուրս են: Ժողովուրդն ընտրում է, բայց քվեները հաշվողը գողերն են: Գոյություն չունի անկախ դատարան, միայն այս փաստը բավական է, որ առողջ մտածողը հրաժարվի ընտրություններին մասնակցելուց»: Բանախոսի կարծիքով, ընտրությունները վերածվել են ռեժիմը վերարտադրելու գործընթացի, հետեւաբար ընտրության բոլոր մասնակիցները, ինքնաբերաբար իշխող ռեժիմի հանցակիցն են դառնում. «Ճահճից դուրս գալու համար միակ ելք կա՝ այլընտրանքային իշխանություն»:
Պարոն Սեֆիլյանը համոզված է, որ այս տարի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը չափազանց պասիվ է լինելու, չնայած իշխանությունների նախընտրական ակտիվ պատրաստվածությանը. «Իշխանությունները միլիոնավոր դոլարներ են վատնելու, ծախսատար համերգներ են լինելու ու այդ համերգների ռեժիսորը մեկն է՝ Սերժ Սարգսյանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ