Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում դատում են Լիդա Նանյանի խորհրդականի դստերը

Դեկտեմբեր 07,2011 13:26

Նա՝ լինելով պոլիկլինիկայի տնօրեն, մեկի աշխատավարձից որպես «նալոգ» է պահել, մյուսին ստիպել է վճարել ջեռուցման գումարը եւ պետության հաշվին «լեւի» հաստիքներ է պահել:

Անվանի բժշկուհին մեղադրվում է կաշառք վերցնելու, «լեւի» հաստիքներ պահելու մեջ:

Դեռեւս մի քանի ամիս առաջ Շիրակի դատախազությունը, մեկը մյուսի հետեւից, սկսել էր պատժել քաղաքի քիչ թե շատ անվանի կանանց, նրանցից մեկը՝ Գյումրիի թիվ 1 դպրոցի տնօրեն, կարկառուն հանրապետական Ջեմմա Ամիրխանյանն էր, որը մեղադրվում էր ավարտական վկայականներ վաճառելու մեջ: Մյուսը՝ Գյումրիի «Էնրիկո Մատտեի» անունը կրող պոլիկլինիկայի երիտասարդ տնօրեն, հայտնի անոթաբան Տաթեւիկ Փանոսյանն էր, որի կալանավորումը թերեւս ցնցեց ամբողջ քաղաքին: Նշենք, որ նա էլ հայտնի մարդու՝ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի խորհրդական, բժշկուհի Սուսաննա Քինաքցյանի դուստրն է: 44-ամյա տիկինը մեղադրվում է Քր. օրենսգրքի 4 ծանր հոդվածներով՝ խոշոր չափի կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու ու այն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացում կատարելու, հարկերից ու պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու մեջ: Մի խոսքով, եթե հաշվենք այս հոդվածներով նախատեսված պատժի չափերը, բժշկուհուն սպառնում է մոտ 20 տարվա ազատազրկում: Նրանով ԱԱԾ-ն հետաքրքրվեց այն ժամանակ, երբ պոլիկլինիկայի բուժքույրերից մեկը՝ Զ. Վարդանյանը, բողոք ներկայացրեց առ այն, որ տիկինն իրեն աշխատանքից չազատելու համար $1000 «հախ» է առել, սակայն խոստումը չի կատարել: ԱԱԾ-ի հետագա ուսումնասիրություններից պարզվեց, որ բժշկուհին կատարել է նաեւ մի շարք հափշտակություններ, մասնավորապես աշխատակիցներից ամեն ամիս ջեռուցման փողեր է հավաքել՝ 1 920 000 դրամ, որից 1 315 650 դրամը գրպանել է՝ չնչին մասը ծախսելով բուն նպատակի համար: Բացի այդ, ըստ քրեական գործի, նա «լեւի» հաստիքներ է պահել, օրինակ՝ իր նախկին ամուսնուն՝ Ա. Հարությունյանին ձեւակերպել է որպես բժիշկ–անոթաբան ու աշխատավարձը յուրացրել, նույն ձեւով նաեւ պահակ է պահել: Ինչպես ընթերցում ենք քրեական գործում, նա բժշկուհիներին պարտադրել է անաշխատունակության կեղծ թերթիկներ, այսպես ասած՝ «բյուլետեններ» ձեւակերպել ու նաեւ խուսափել է հարկ ու տուրքից՝ պետական բյուջե չվճարելով 1 302 444 դրամ գումարի սոցիալական վճար:

Մի խոսքով, արդեն մի քանի օր է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատում են բժշկուհուն: Ըստ Շիրակի մարզի դատախազ Վաղարշակ Մխիթարյանի, այս գործով կա 77 տուժող: Երեկ քննվում էր այն հարցը, թե արդյո՞ք Տաթեւիկ Փանոսյանը պոլիկլինիկայի ջեռուցման համար պարտադիր գումարներ է հավաքել աշխատակիցներից, եւ մի՞թե քաղաքացիներին տված անաշխատունակության թերթիկները եղել են առանց հիմքերի: Նշենք, որ մի տեսակ տհաճ մթնոլորտ էր ստեղծված դատարանում, նախ բոլոր բուժաշխատողները կանայք էին, որոնցից շատերն իրոք վատ էին զգում նախկին տնօրենի կալանավորման փաստից: Հարցաքննվողների մեծ մասը փորձում էր, այսպես ասած, սատարել իրենց նախկին շեֆին եւ մեղմել կատարվածը: Դատավոր Սարոյանի հարցը դարձել էր ավանդական՝ ինչքա՞ն գումար ձեր աշխատավարձից հետ պահեցին 2009-2010 թվականների ջեռուցման համար: Պարզվեց, որ տարբեր աշխատակիցներից տարբեր չափի գումարներ են գանձվել՝ գուցեեւ՝ ըստ «սիմպատիայի». մեկից 16000 դրամ, մյուսից՝ 17000, մեկ ուրիշից էլ՝ 10 000 դրամ, կային մարդիկ, որոնք չէին էլ հիշում գումարի չափը: Մեծ մասն ասում էր, որ ջեռուցման գումարն ինքնակամ է տվել՝ մտածելով սեփական առողջության մասին եւ գումարի վերադարձման հետ կապված ոչ մի պահանջ չունի: Նույնիսկ փաստում էին, որ պոլիկլինիկան տաքացնելու մտահղացումը եղել է ոչ թե տնօրենինը, այլ բժշկուհիներից մեկի՝ Քնարիկ Քյոսաբաբյանինը: Նա ժողովներից մեկի ժամանակ առաջարկել է հիմնարկը տաքացնել սեփական միջոցներով, ներկաներն էլ համաձայնել են: Սակայն կային բուժաշխատողներ, որոնք ոչ միայն քաղաքացիական հայց էին ներկայացրել Տաթեւիկ Փանոսյանի դեմ՝ պահանջելով իրենց գումարը, այլ մինչեւ վերջ պնդում էին, որ չեղած տեղից տիկինը հարկադրել է պարտք վերցնել ու ջեռուցման գումարը անպայման փակվել: Ընտանեկան բժիշկներից մեկը՝ Անահիտ Ամիրյանը, նշեց, որ պոլիկլինիկայում շուրջ 16 ամիս դրամահավաք է եղել, գումարը գանձվել է աշխատավարձի օրերին: Մի անգամ էլ, ըստ բժշկուհու, տհաճ մի միջադեպ է գրանցվել. նրանից ջեռուցման համար 5000 դրամ են ուզել, սակայն իր մոտ «ճգնաժամային վիճակ» է եղել, խնդրել է իրեն մոտենալ աշխատավարձի օրը, սակայն նրան տնօրենի մոտ են հրավիրել, որն էլ պահանջել է պարտք վերցնել ու փակվել: Ընտանեկան այս բժիշկը, իր հաշվարկներով, 42000 դրամ է մուծվել, հիմա էլ դատի է տվել ձերբակալված Տաթեւիկ Փանոսյանին՝ հետ պահանջելով գումարը: Նա նաեւ պնդում էր, որ իրեն հարկադրել են 2 անգամ անաշխատունակության թերթիկ տալ այնպիսի մեկին, որը հիվանդ չի եղել: Նշենք, որ գտնվեցին նաեւ բժշկուհիներ, որոնք արդարացրին տնօրենի արարքը՝ ակնարկելով, որ բոլոր հիմնարկներն էլ ունեն իրենց «ներքին կուխնյան»: Ի դեպ, Աբովյանի կանանց գաղութում գտնվող Տաթեւիկ Փանոսյանը անչափահաս երեխա ունի:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031