ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանքարդյունաբերության նպատակով համայնքի հողերը իրացվում են, բնակիչներին էլ ստիպում են հեռանալ գյուղից:
Քաջարան համայնքի գյուղատնտեսական նշանակության մոտ 200 հա հողատարածք, որը բնակիչների եկամտի, կարելի է ասել, միակ աղբյուրն է, ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն ինչպես գյուղացիներն են ասում՝ սա ամենեւին էլ հանրային շահ չէ, այլ 1-2 մեծահարուստի շահերից բխող որոշում է: Բանն այն է, որ գերակա շահ ճանաչված հողատարածք օգտագործվելու է հանքարդյունաբերության նպատակով: Սա նշանակում է, որ լուրջ վտանգ է սպառնում շրջակա միջավայրին: Բնապահպաններն ու գյուղացիներն ահազանգում են, որ հանքը բացելով՝ համայնքները թունավոր փոշու մեջ կկորեն: Թեեւ, ըստ կառավարության որոշման, հողի կատեգորիան շատ բարձր է գնահատվել, եւ գյուղացիներին բավականին խոշոր փոխհատուցումներ կտրամադրվեն, սակայն քաջարանցիները դրան կտրականապես դեմ են. «Սա մեր ծննդավայրն է, մենք այստեղ ենք ապրում եւ իրենց տված գումարով ի՞նչ ենք անելու: Մեզ այդ հողերը պետք են ապրելու նպատակով: Իսկ գումարը կծախսենք՝ կգնա: Ուզում են զոռով մեզ տեղահանել»: Ընդ որում, գյուղացիները մտածում են, որ կառավարությունը դեռ վաղուց է մտադրվել գյուղը բնակիչներից ազատել, եւ դրա ապացույցն այն է, որ միակ դպրոցը փակվեց, գյուղ տանելու ճանապարհ էլ տարիներով չի կառուցվում:
«Առավոտի» հետ զրույցում Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը բավականին զայրացած ու կիսագոռգոռոցով ասաց. «15 տարվա գյուղապետ եմ, ոչ գազ ունենք, ոչ ճանապարհ, ոչինչ, ոչինչ չունենք: Մի հող ունենք, էն էլ մեզանից խլում են: Առանց մեզ հետ քննարկելու մեր հողերը գերակա շահ են ճանաչել: Ուզում են մեզ աքսորեն մեր պապական հողերից: 131 ընտանիք ո՞ւր գնա: Ի՞նչ են ուզում մեզանից: Մարդիկ այստեղ գերեզմաններ ունեն, հին եկեղեցի կա, ո՞նց թողնենք՝ գնանք: Անկուշտի պես սաղ վերցնում են իրենց ու իրենց գրպանները լցնելու մասին մտածում: Այդտեղ մի 100 տարվա պաշար էլ չկա, ու դրա համար մարդկանց բռնի տեղահանում են: Պետք լինի, արյուն էլ կթափենք, բայց դուրս չենք գա»: Համայնքապետի ներկայացմամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը իբրեւ թե սոցիալական խնդիրներ է լուծում, սակայն հենց իրենց գյուղի համար մինչ օրս ոչինչ չի արել, եւ գյուղապետը վստահ է, որ դա նպատակային է եղել. «Խաբում են ու խաբում: Մի քանի անգամ տնօրենի հետ հանդիպել եմ, հա խոստումներ ա տվել ու աբսյալուտնի բան չի արել»:
Ուշագրավն այն է, որ Քաջարան համայնքը սահմանամերձ է եւ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նախիջեւանից: Այսինքն՝ կառավարությունը ռազմավարական նշանակության համայնքը փոխանակ է՛լ ավելի ուժեղացնի եւ անվտանգ դարձնի, դեռ մի բան էլ բնակչությունից դատարկում է: «Մենք դառնում ենք հարկադրաբար տեղահանվողներ»,- հայտարարում են բնակիչները: Գյուղացիները պնդում են, որ իրենց հողերի համար ակտիվ պայքարողներին պետական կառույցներն արդեն սկսել են հետապնդել: Մեզ հետ զրույցում գյուղապետը վստահեցրեց, որ օրը մեջ ոստիկան է հայտնվում. «Մեկ էլ ինչ-որ դատախազ է գալիս, ես շատ գիտեմ՝ ինչ են ուզում: Արդեն ներվերս չի հերիքում: Գյուղը քանդեն էլ՝ մեկ ա, դուրս չենք գալու»:
Քաջարանցիները կառավարությունից պահանջում են չեղյալ ճանաչել թիվ 627-Ն որոշումը: Նրանք նաեւ պահանջում են սահմանամերձ գյուղին հատուկ ուշադրություն դարձնել. «Մեր սրբավայրերը՝ 17-րդ դարում կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված փառահեղ հուշակոթողը, գերեզմանատունը, որտեղ ամփոփված են մեր անվանի նախնիների, ինչպես եւ լեռնահանքային ձեռնարկության վաստակաշատ աշխատողների աճյունները, ենթակա չեն բարբարոսության: Մենք չենք պատրաստվում հեռանալ: Հայրենի ծննդավայրը չի կարող գին ունենալ. այն անգին է, եւ որեւիցե փոխհատուցման մասին խոսակցություններն անգամ չեն կարող ստիպել մեզ փոխելու մեր մտադրությունը»:
Ուշագրավն այն է, որ երեկ մայրաքաղաքում գերմանական տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության առաջադրանքով տեղի է ունեցել «Կանաչ տնտեսություն» խորագրով բնապահպանական համաժողովը, որին մասնակցել են կառավարության անդամներ, գործարարներ: Այս համաժողովի գաղափարն այն էր, որ ուղղություններ մշակվեն, այսպես ասած, կանաչ տնտեսություն ունենալու համար եւ չվնասվի շրջակա միջավայրը: Փաստորեն Հայաստանի կառավարությունը միջազգային կառույցների աչքերին «թոզ է փչում», իսկ երկրի ներսում որդեգրած քաղաքականության ճիշտ հակառակ գործողություններ իրականացնում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ