Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի ծանր օրը

Դեկտեմբեր 07,2011 13:18

Երեկ հայրենի օրենսդիրներն աշխատեցին համարյա արտակարգ ռեժիմով՝ մինչեւ ուշ երեկո, բայց ընտրեցին իրենց խոսնակին ու փոխխոսնակին:

Հայրենի խորհրդարանում երեկ ծավալված  իրադարձությունների առանցքը, անշուշտ, ՀՀ ԱԺ նոր նախագահի ու փոխնախագահի ընտրություններն էին:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի սկզբներին, երբ խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, ՀՀԿ-ն որոշում ընդունեց այդ պաշտոնում առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանի, իսկ փոխնախագահի պաշտոնում՝ կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Թվում էր, թե ամեն ինչ պարզ ու ակնհայտ է՝ խորհրդարանական մեծամասնության հիշյալ երկու թեկնածուների ընտրությունը կասկածներ չի հարուցում, բայց նախօրեին «Ժառանգություն» խմբակցությունը որոշել էր դժվարացնել ՀՀԿ-ի եւ իշխանական մյուս պատգամավորների «կյանքը»: Խմբակցությունը նախ՝ ԱԺ խոսնակի պաշտոնում որպես այլընտրանքային թեկնածու առաջադրեց Լարիսա Ալավերդյանին: Երեկ կեսօրին տեղի ունեցան ԱԺ  նոր նախագահի ընտրություններ, ու այդ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 106 պատգամավորներից 102-ը քվեարկեցին Նիկոյանի օգտին, 4-ը, որ, ենթադրաբար, «Ժառանգության» պատգամավորներ էին՝ նրա դեմ: Ալավերդյանի դեպքում ճիշտ հակառակ պատկերն էր:

Տարօրինակ էր, բայցեւ՝ փաստ. անհամեմատ լարված մթնոլորտում անցան ԱԺ փոխնախագահի ընտրությունները: Ժամը 18:30-ին մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, ու արդեն նիստերի դահլիճում, առաջադրումների պահին հայտնի դարձավ, որ «Ժառանգությունն» այս դեպքում էլ իր սեփական թեկնածուն ունի: ՀՀԿ-ի առաջադրած Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը «Ժառանգությունը» «հակադարձեց» իր երիտասարդ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի առաջադրմամբ: Մինչ այդ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները կարծում էին եւ հույս ունեին, որ այս մի ընտրությունն արագ կլինի, բայց այդպես չեղավ:

ՀՀԿ-ականներն, այդուամենայնիվ, անակնկալը «խիզախությամբ» ընդունեցին, նույնիսկ Հանրապետականի թեկնածուն՝ Շարմազանովը, դա ողջունեց՝ առաջադրված այլընտրանքը համարելով ժողովրդավարական գործընթացների ապացույց: Սկսվեցին քննարկումները, «Ժառանգությունը» երեկ էլ իր դերի մեջ էր. նիստերի դահլիճում ներկա բոլոր պատգամավորները ակտիվորեն հարցադրումներ ուղղեցին Շարմազանովին, Լարիսա Ալավերդյանի հարցերը շատ էին: Նա հարցուփորձ արեց ոչ միայն թեկնածուի՝ բանակում ծառայած չլինելու, այլեւ ուսխորհուրդների ձեւավորման մասին ԱԺ փոխխոսնակի թեկնածուի դիրքորոշման շուրջ: ՀՀԿ-ականներն էլ հարցեր ունեին Արմեն Մարտիրոսյանին: Թերեւս պարիտետը պահելու համար Սպարտակ Մելիքյանը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ նա բանակում ընդամենը 1 տարի է ծառայել: Բանակային հարցադրումների շուրջ երկու թեկնածուներն էլ իրենց՝ մի դեպքում չծառայելը, մյուսում՝ 1 տարի ծառայելը բացատրելու համար վկայակոչեցին ՀՀ այն ժամանակ գործող օրենսդրությունը:

Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն կուսակից թեկնածուի մասին իր ելույթում նրան այսպես ներկայացրեց՝ «ընդդիմադիր հայացքներով, ընդդիմադիր այլընտրանքային մոտեցումներով…»: Նա շեշտված հանգիստ ու դանդաղ առոգանությամբ շարունակում էր ներկայացնել Մարտիրոսյանին: ՀՀԿ-ական պատգամավորները հասկացան, որ խորհրդարանում դեռ երկար են մնալու եւ սկսեցին նյարդայնանալ: Նրանցից մեկն անգամ նկատեց, թե սա «Ժառանգության» համար հերթական շոու է, ամբիոնից խոսելու տարեվերջյան վերջին շանս: Լրագրողների համբերությունն էլ էր արդեն հատում, որովհետեւ խմբակցության պատգամավորները քաջ գիտակցելով, որ քվեարկողների ճնշող մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ են ու, բնականաբար, անկախ «Ժառանգության» ելույթներից եւ Մարտիրոսյանի բարեմասնությունների ու առաքինությունների թվարկումից՝ քվեարկելու են Շարմազանովի օգտին, որոշել էին անպայման եւ բոլոր 3 պատգամավորներով՝ բացառությամբ Մարտիրոսյանի, անպայման ելույթ ունենալ: Նրանք տառացիորեն «մզեցին» իրենց՝ ելույթների համար հատկացված 10 րոպեները ու կոչ արեցին ընտրել Մարտիրոսյանին՝ հիշելով, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ոչ թե նշանակովի, այլ ընտրովի է, նաեւ հարցրին, թե՝ ընտրվելու դեպքում ինքն իր երիտասարդ գործընկերոջը առաջվա նման պիտի «Էդիկ»-ո՞վ դիմի, թե՞ «պարոն Շարմազանով»-ով: Վերջինս պատասխանեց՝ պաշտոնական հարաբերություններում՝ պարոնով, մնացած դեպքերում՝ ինչպես եղել է նախկինում:

Այս ողջ ընթացքում հատկապես ճեմասրահում իրավիճակը լարված էր, պատգամավորների մի ստվար հատված անհամբերությունից եւ «Ժառանգության» կողմից ժամանակ ձգելու մարտավարությունից զայրացած լքեցին նիստերի դահլիճը, ինչը Լարիսա Ալավերդյանը որակեց որպես անհարգալից վերաբերմունք եւ անվստահություն պետական ինստիտուտի՝ խորհրդարանի նկատմամբ:

Շարմազանովի թեկնածությանն իր զորակցությունը շատ ինքնատիպ կերպով արտահայտեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նա նախ՝ հակադարձեց Ստ. Սաֆարյանին՝ ասելով, թե փոխնախագահի պաշտոնը, իհարկե, ոչ թե նշանակովի, այլ ընտրովի պաշտոն է, եւ շարունակեց. «Ուզում եմ ասել, որ դա արդեն եղած բան է. Շարմազանովն  ընտրված է»: Այս արտահայտությունը լսելիս ճեմասրահում պայթեց հավաքված լրագրողների ու պատգամավորների ծիծաղը: Իսկ Բոստանջյանը շարունակում էր՝ ասելով, թե դա պայմանավորված է ոչ թե այն բանով, որ դա որոշված է, այլ նրանով, որ «մենք դրանում համոզված ենք»:  Նա հակադարձեց նաեւ Ալավերդյանին՝ ասելով, թե ինքը դաստիարակված մարդ է ու իր մոտ հարց չի առաջանում՝ ինչպե՞ս դիմել Շարմազանովին, եթե նա նույնիսկ իրենից տարիքով անհամեմատ երիտասարդ է: «Անկախ ամեն ինչից՝ ինձ համար նա միայն պարոն Շարմազանով է, եւ դա պայմանավորված է ոչ միայն մեր դաստիարակությամբ, այլեւ նրանով, որ մենք պիտի հարգենք մեր պետականությունը, որի պարագայում խնդիրները՝ թե ինչպես անվանել ձեզ, հօդս են ցնդում»,- դիմելով Շարմազանովին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ի վերջո ելույթներն ավարտվեցին, եւ պատգամավորներն անցան ընտրության բուն գործին: Քվեաթերթիկներով, ասել է թե՝ փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրությունները դեռ նոր էին մեկնարկել, բայց պատգամավորներն արդեն շնորհավորում եւ գրկախառնությամբ եւ համբույրներով շնորհավորում էին Շարմազանովին: Վերջինս, իհարկե, հորդորում էր սպասել քվեարկության արդյունքներին, բայց… Լրագրողներից մեկը նկատեց՝ էս մարդիկ ամեն ինչ ունեն՝ բացի ամոթից:

Իսկ քվեարկության արդյունքում Էդուարդ Շարմազանովը, ինչպես եւ ակնկալվում էր, ընտրվեց ԱԺ փոխնախագահ: Նրա օգտին քվեարկել էր 192 պատգամավոր, 6-ը դեմ էին եղել: Հակառակ պատկերն էր Արմեն Մարտիրոսյանի քվեարկության դեպքում:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031