Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ քիմիայի մագիստրոսների հանրապետական առաջին միջբուհական գիտաժողովը: 2011 թվականը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում հռչակվել է որպես քիմիայի միջազգային տարի, որի կարգախոսն է «Քիմիան մեր կյանքն է, մեր ապագան»:
Գիտաժողովը բացեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Շնորհավորելով ներկաներին` նա հիշեց, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, դպրոցում ամենասիրելի դասասենյակներից դեռեւս շարունակում է մնալ քիմիայինը: «Այսօր համագործակցելով մի քանի առաջատար համալսարանների հետ, առաջին անգամ կազմակերպել ենք մագիստրոսների հանրապետական նման միջբուհական գիտաժողով: Քիմիայի զարգացումը մեզանում պայմանավորված կլինի, ինչու ոչ, նաեւ այսօրվա մեր մագիստրոսների, նրանց ներկայացրած գիտական հետազոտությունների որակի եւ մակարդակի հետ: Քիմիան ունի մեծ ավանդույթներ, հետեւապես նաեւ մեծ ապագա»,- ընդգծեց նա: Գիտաժողովի ընթացքում տարբեր բուհերի 35 մագիստրոսներ ներկայացրին բազմաբնույթ զեկուցումներ: Դրանց ավարտից հետո ծավալվեցին բուռն քննարկումներ, որի ընթացքում արծարծվեցին բոլոր այն խնդիրներն ու թերությունները, որոնք տեղ էին գտել ներկայացվող աշխատանքներում:
«Առավոտ» օրաթերթ