Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուրյուպայից մինչեւ Հայաստանի եկող տարվա գարուն

Դեկտեմբեր 07,2011 13:10

Հայ պատգամավորները դիտարկել են ՌԴ Պետդումայի ընտրությունները

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը որպես ԵԱՀԿ դիտորդ մասնակցել են ՌԴ խորհրդարանական ընտրություններին: «Առավոտի» հետ զրույցում Արամ Սաֆարյանն ասաց, թե Պետական դումայի ընտրությունները անցել են բավականին հանդարտ եւ առանց սկանդալների, համենայնդեպս՝ այն տեղամասերում որտեղ ինքն իր գործընկերների հետ եղել է. «Մենք եղել ենք մեկ տեղամասում, ժամը 8-ին դիտարկել ենք արկղերի փակումը եւ ընտրությունների սկիզբը, օրվա ընթացքում եղել ենք նույն օկրուգի երկու շրջաններում՝ Նովոչերյոմուկինսկայա եւ Ակադեմիչեսկայա, եւ մի տեղում դիտարկել ենք 6, մյուսում՝ 5 տեղամաս: Իսկ ձայների հաշվարկմանը մասնակցել ենք Ցուրյուպա փողոցի վրա գտնվող մի տեղամասում, որտեղ գրանցված էր 2700 ընտրող: Ուզում եմ ասել, որ մեր դիտարկած բոլոր 12 տեղամասերում էլ եղել է հանգիստ, նորմալ մթնոլորտ: Ընտրությունների մասնակիցների ներկայությունը ակտիվ չէր, չնայած որոշ տեղերում մասնակցությունը անցավ 50 տոկոսից, մնացած տեղերում՝ 40 եւ ավելի»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք որպես դիտորդ Սաֆարյանը չի՞ նկատել ընտրակեղծիքներ, ասենք՝ լցոնումներ, կարուսելներ եւ այլ ընտրական «չարություններ»: Մեր զրուցակցի բախտը չի բերել եւ նման բաներ չի տեսել. «Ընդհանրապես, ես հետաքրքիր եմ համարում իրենց մոտ ընտրությունների հաշվարկը: Ամեն տեղ կային դիտորդներ, սակայն ոչ մի տեղ աղմուկ-աղաղակ չենք լսել, լցոնումներ չենք տեսել, կարուսելներ չենք տեսել: Այն տեղամասերում, որտեղ մենք եղել ենք, այդպիսի բաներ չեն եղել, եղել է հանգիստ, նորմալ քվեարկությունների ընթացք: Ուզում եմ ասել արդյունքների մասին, որոնք մեզ բավականին հետաքրքիր թվացին: Նշածս Ցուրյուպայի փողոցում երեք տեղամաս կար, որոնցից երկուսը նույն դպրոցի ներսում էին: Այն տեղամասում, որտեղ մենք էինք նստած, մեզ հետ միասին ընտրությունները դիտարկում էին «Եդինայա Ռոսիայի» կոմունիստների, «Յաբլոկոյի» եւ «Սպռավեդլիվայա Ռոսիայի» դիտորդները: Հետաքրքիր է, որ ձայների հաշվարկը տեղի ունեցավ երեք անգամ: Մոտ 1300 քվեները երեք անգամ հաշվարկվեցին եւ վերահաշվարկվեցին, քանի որ մեկ-երկու ձայնի տարբերություն էր լինում, եւ մինչեւ գիշերվա 3-ն անց 20 րոպեն դեռ հաշվում էին: Արդյունքում այդ տեղամասում հաղթեց ՌԴ-ի Կոմկուսը՝ ստանալով 300 ձայն, երկրորդ տեղում «Սպռավեդլիվայա Ռոսիան» էր, երրորդում՝ «Եդինայա Ռոսիան»: Ուզում եմ ասել՝ այն շրջաններում, որտեղ մենք դիտարկում էինք անցկացնում, բնակվում է ռուսական միջին խավը, դրանք հին մոսկվացիների բնակության շրջաններն են, այդտեղ մարդիկ ապահովված են ապրում, բնակարաններ ունեն, որոնք Մոսկվայի չափանիշներով բավականին բարձր գին ունեցող բնակարաններ են՝ չհաշված նորակառույց էլիտարները:

Փաստորեն այս շրջաններում եւս ժողովրդի մասնակցությունը շատ հանգիստ էր, նույնիսկ բողոքում էին, որ ընտրողների թիվը շատ չէ: Ընդ որում, արդյունքները եւս շատ տարբեր էին, օրինակ՝ այդ նույն դպրոցի երկրորդ հարկում տեղավորված տեղամասում հաղթեց «Եդինայա Ռոսիան», իսկ մոտ 800 մետր հեռավորությամբ գտնվող տեղամասում հաղթեցին կոմունիստները, այդ նույն տեղում «Եդինայա Ռոսիան» երկրորդ տեղում էր»:

Արամ Սաֆարյանի ներկայացմամբ՝ իրենց դիտարկած բոլոր տեղերում ընտրությունները գնահատվել են «լավ»:

Արամ Սաֆարյանի այս բուռն նկարագրությունից հետո հասցրինք նաեւ մի քանի հարց ուղղել, մասնավորապես ուզեցինք իմանալ՝ այդ կարգի ընտրություններ հնարավո՞ր է նաեւ Հայաստանում կատարվեն: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Որպես ԵԱՀԿ անդամ երկրներ՝ մենք բոլորս էլ ձգտում ենք ունենալ ընտրությունների միասնական համակարգ, բայց շատ բաներ տարբեր են եւ նույնը չի կարող լինել, ասենք, Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ մեզ մոտ՝ Հայաստանում. կան էական տարբերություններ: Օրինակներ ներկայացնեմ՝ մենք տուն տարվող արկղեր չունենք, մենք արտասահմանում քվեարկող հայրենակիցներ չունենք, մենք բժշկական տոմսով քվեարկելու իրավունք եւ լրացուցիչ ընտրական ցուցակներ չունենք: Հիշեցնեմ, որ մեր «Ընտրական օրենսգիրքը» մշակվել է 12 տարվա ընթացքում ԵԱՀԿ կառույցների հետ համերաշխորեն համագործակցելու արդյունքում, եւ ես չեմ կարծում, որ այսօր այն փոխելու անհրաժեշտություն կա»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ կարեւորը ոչ թե «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն է, այլ այն, որ «քաղաքական ուժերի մեջ լինի համերաշխություն՝ արդար, նորմալ ընտրություններ ունենալու, որ քաղաքական ուժերը համաձայն լինեն, որ ընտրությունները նորմալ են անցել, եւ համաձայն լինեն դրանց արդյունքների հետ: Եթե այս վիճակը կա, ուրեմն չկա կոնֆլիկտ»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031