Կյանքը ոչ բոլորի հանդեպ է բարեհաճ, իսկ ճակատագրի հարվածները երբեմն այնքան դաժան են, որ թվում է, թե ապրել այլեւս անհնար է ու արդեն իմաստ էլ չունի: Սակայն մարդիկ կան, որոնք ոչ միայն չեն հանձնվում, այլեւ, անհավասար կռվում պայքարելով՝ հաղթում են ու ապացուցում, որ կյանքում անհնարին ոչինչ չկա: Aravot.am-ը պարբերաբար կներկայացնի այդպիսի մարդկանց պատմությունները:
Դասթին Քարթերի ձեռքերն ու ոտքերն անդամահատել են 5 տարեկանում` արյան հազվագյուտ հիվանդության պատճառով, բայց նա 8-րդ դասարանում անդամագրվել է իրենց դպրոցի ազատ ըմբշամարտի հավաքական: Ոչ ոք չէր հավատում, թե պատանին երբեւէ ինչ-որ հաջողություն կունենա: Սկզբում այդպես էլ կար. երկար ժամանակ ոչինչ չէր ստացվում: Սակայն կամքի, աշխատասիրության եւ ամենօրյա համառ մարզումներն իրենց պտուղները տվեցին արդեն բարձր դասարաններում:
Վերջերս Դասթինը Օհաոյում անցկացված առաջնությունում ներկայացնելով սեփական դպրոցը` իր քաշային կարգում 16 մասնակիցների պայքարում զբաղեցրել է մրցանակային տեղ: Եվ հատկանշականն այն է, որ նա գոտեմարտում է միանգամայն առողջ մրցակիցների հետ եւ հաղթում արդար պայքարում:
Այժմ նրա անունը հիշատակվում է Ամերիկայի յոթ լավագույն ըմբիշների կողքին: «Ես պայքարում եմ, ինչպես բոլորը, անում այն, ինչ բոլորն են անում, կարողանում եմ ինքնուրույն ապրել: Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ինձ խղճահարությամբ են նայում», – ասում է 50 կիլոգրամ կշռող մարզիկը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ