Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը, զինակիցը եւ գործընկերն էր»

Դեկտեմբեր 07,2011 13:06

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ վիլնյուսյան հայտարարության եւ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին:

Երեկ Վիլնյուսում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Նրանք համաձայնության են եկել շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ բարելավել մթնոլորտը խնդրի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար: Որպես առաջին քայլ՝ նրանք համաձայնել են հավելյալ ջանքեր գործադրել՝ գտնելու հրադադարի խախտման դեպքերի քննության կազմակերպան մեխանիզմի մանրամասները:

Պատվիրակությունների ղեկավարները նաեւ ափսոսանք են հայտնել, որ հակամարտության կողմերը չեն կարողացել վճռական քայլեր ձեռնարկել Դովիլում նախագահների հայտարարությունից հետո: Պատվիրակությունների ղեկավարները եւս մեկ անգամ բացառել են Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական կարգավորման հնարավորությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել համանախագահ երկրների ղեկավարներին եւ պատրաստակամություն հայտնել նորից հանդիպել եւ շարունակել բանակցությունները համանախագահների հովանու ներքո:

«Առավոտի» խնդրանքով ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանելով սույն հայտարարությունը՝ ասաց.

– Ըստ իս, այս հայտարարությամբ բոլոր կողմերն արձագանքում են այն իրավիճակին, որում հայտնվել է գործընթացը. դա ամբողջական փակուղին է: Որովհետեւ ամենաբարձր մակարդակով հունիսից հետո չի եղել հանդիպում, եւ չկա որեւէ պայմանավորվածություն առաջիկայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Հայտարարության տոնայնությունը նույնպես վկայում է, որ որեւէ առաջընթաց, որեւէ զարգացում գործընթացում չկա:

Մեկ փոփոխություն, որը ես նկատել եմ, որ կա միջնորդների վերջին հայտարարություններում, այն է, որ շեշտվում է ստատուս-քվոյի պահպանման անընդունելի լինելը: Սա, կարծում եմ, Ադրբեջանի արտաքին քաղաքականության հաջողությունն է, որը կարողացել է այդ դիրքորոշումը կորզել միջնորդներից, եւ որն արտացոլվում է մեկը մյուսի ետեւից հրապարակվող ԼՂ հակամարտությանը վերաբերող միջազգային կազմակերպությունների հայտարարություններում: Այլ կարեւոր պահեր ես այդ հայտարարությունում չեմ տեսնում եւ չեմ պատկերացնում, թե ինչո՞վ է այն ազդելու փակուղում գտնվող գործընթացի վրա:

– Այս փակուղային իրավիճակն ինչքա՞ն կարող է շարունակվել, մանավանդ, որ կողմերը թեւակոխում են նախընտրական փուլ:

– Կարծում եմ՝ մինչեւ ընտրական շրջանի ավարտը: Ես հույս ունեմ, որ ընտրություններից հետո կձեւավորվի օրինակարգ իշխանություն եւ կվերանա հիմնական խոչընդոտը՝ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ: Այսինքն՝ բոլորին պիտի պարզ լինի՝ եթե իշխանություններն օրինակարգ չեն, չունեն ժողովրդի աջակցությունը, չեն կարող լուրջ առաջընթաց ապահովել որեւէ հարցում, այդ թվում՝ նաեւ պետության առջեւ կանգնած խնդիրներին տալ լուծում: Կարծում եմ՝ այս ընկալումն ավելի ամրանում է միջնորդների, մյուս գործընկերների մոտ, եւ հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում միջնորդներն ու օրինակարգ իշխանությունները ձեռնամուխ կլինեն պետության զարգացման հիմնական խոչընդոտները վերացնելուն:

– Իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում չեն դադարում հայտարարել, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի առաջիկա ընտրություններն իսկապես արդար եւ թափանցիկ լինեն: Որքանո՞վ են արժանահավատ այդ հավաստիացումները:

– Նման հայտարարություններ եղել են նաեւ նախորդ ընտրություններից առաջ, որոնք ուղեկցվել են 10 զոհերով, հարյուրավոր հրազենային վիրավորներով եւ 150 քաղբանտարկյալներով: Այսօր այդ հայտարարություններն անողներն իրենց աթոռներին են հայտնվել նախորդ ընտրություններին հաջորդած բողոքողների արյունը թափելու արդյունքում, եւ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է իրենց հայտարարությունների արժանահավատ լինելը գնահատել:

– Իսկ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության հավանականություններն, ըստ Ձեզ, որքա՞ն են:

– Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը հասարակությանը լուրջ քաղաքագիտական վերլուծություն ներկայացրեց: Պայմանները, որպեսզի առարկայանան կամ այդ վերլուծության շրջանակներում զարգացումներ տեղի ունենան, շատ հստակ են, եւ քանի դեռ այդ պայմանները չեն բավարարվել, այս պահին անհնար է որեւէ զարգացման մասին խոսել:

– Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը, ով Ռոբերտ Քոչարյանի դաշնակիցը, զինակիցը եւ գործընկերն է ու այս տարիների ընթացքում մի շարք անօրինական մեթոդներով է գործել, ինչո՞ւ եք կարծում, որ մի օր կքնի ու կարթնանա եւ կորոշի անսալ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու այլեւս ապրել օրենքով:

– Անպայման չէ, որ մարդիկ օրենքով ապրեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորից հետո: Ավելի լավ է՝ դա նրանց ներքին համոզմունքը լինի:

Ռոբերտ Քոչարյանն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը, զինակիցը եւ գործընկերն էր: 1996-95-94 թվականներին Տեր Պետրոսյանի՝ ԼՂ վերաբերյալ բոլոր գործողությունները, հատկապես ԼՂՀ-ի պաշտպանության առումով, ընդունվում էին Ռոբերտ Քոչարյանի կողմից առանց վերապահումի: Բայց այն ժամանակ ով գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ իր հրամանատարության տակ գործող իրավապահները կկրակեն անզեն ժողովրդի վրա, մարդկանց կսպանեն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031