Եթե մարդը որոշել է ինչ-որ բանի մասին չլռել, խոսել, աղաղակել, ապա անհրաժեշտ է, որ նա հանդես գա որպես անձ, անհատ: Օրինակ՝ 20-րդ դարի սկզբում Ռուսաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել «Չեմ կարող լռել» հոդվածը: Բայց դրա հեղինակը ոչ թե ինչ-որ անհայտ մարդկանց «նախաձեռնություն» էր, այլ ռուս գրականության դասական Լեւ Տոլստոյը, որը խարազանում էր իր երկրի արատները: Ճիշտ էր խարազանում, թե սխալ՝ կարեւոր չէ. կար հեղինակը՝ իր կենսագրությամբ, իր հայացքներով, որը պատասխանատվություն էր կրում հոդվածի բովանդակության համար:
Հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը՝ մազերով կամ առանց դրանց, իմ հավանած կամ չհավանած գործունեությամբ, ինձ ներկայանում է իր դեմքով, եւ եթե ես որպես լրագրող կամ քաղաքացի հարց ունեմ նրան տալու, նա կպատասխանի անձամբ, ոչ թե «պրես-ռելիզներով» կամ հայտարարությամբ: Ասացեք խնդրեմ, դուք տեսե՞լ եք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որեւէ անդամի դեմքը, դուք գիտե՞ք նրանցից որեւէ մեկի անուն-ազգանունը, աշխատելու կամ սովորելու վայրը: Դուք վստա՞հ եք, որ դա իսկապես երիտասարդական նախաձեռնություն է, գուցե նրանք 70 տարեկան «կագեբեշնիկ»-ներ են: Ի վերջո՝ դա հասարակական կազմակերպությո՞ւն է, թե՞ լրատվամիջոց, եթե հնարավորություն ունի Արմեն Ջիգարխանյանից բացառիկ հարցազրույց վերցնելու: Ես կասկածամիտ չեմ, ոչ էլ կողմնակից եմ դավադրության տեսությանը: Ավելին՝ այդ նախաձեռնության որոշ քայլեր ինձ դուր են գալիս: Բայց մինչեւ ես չտեսնեմ, թե ով եւ ինչի համար է դա անում, ես չեմ կարող այդ քայլերին oբյեկտիվ գնահատականներ տալ: Շատ հնարավոր է, որ, ի պատասխան իմ այդ մտահոգության, նախաձեռնությունը հանդես գա ցասումնալից հայտարարությամբ, որտեղ, սակայն, չի լինելու ոչ մի հեռախոս, ոչ մի հասցե եւ ոչ մի անուն:
Դա նման է ինտերնետում անանուն «խիզախ հրապարակախոսությունների». ներկայանալով «հայ» կամ «մտահոգ քաղաքացի» ոչինչ չասող անուններով՝ «մեկնաբանողները» քաղաքացիական արիության դասեր են տալիս կենդանի, դեմք ունեցող (կրկնեմ, կարեւոր չէ՝ հաճելի, թե տհաճ) մարդկանց: Գուցե իմ պատկերացումները հնացած են, բայց ինձ թվում է, որ այսօր, համընդհանուր ստանդարտացման ժամանակաշրջանում, ամենաթանկ փոխարժեքը մարդու անհատականությունն է: Դրա համար էլ կարծում եմ, որ հասարակական նախաձեռնությունները պետք է հանդես գան որպես հզոր անհատների միասնություն:
Ի հակադրություն «Չենք լռելու» նախաձեռնությանը՝ ստեղծվել է (հավանաբար, իշխանության կողմից) «Բանակում ծառայած երիտասարդների» նույնքան անդեմ, որեւէ «կենդանի» ներկայացուցիչ չունեցող միավորումը: Եվ ահա «երիտասարդները» հայտարարել են, որ պատռելու են «չլռողների» դիմակը: Սիրելիներս, պետք է նախ ունենալ դեմք, որի առկայության դեպքում միայն հնարավոր է դրա վրա ինչ-որ մի դիմակ հագնել: Առանց դեմքի դիմակը ինձ հիշեցնում է Ֆրանկենշտեյնին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ