2005 թվականից Իջեւան քաղաքի ծայրին գործում է բնական քարի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Քարարտ» ընկերությունը, որի սեփականատերը Մոսկվայում հաջողակ գործունեություն ծավալած Արթուր Բաղրյանն է: Բաղրյանի
նախաձեռնությամբ հռչակավոր Մակարավանքի տարածքից գործարան է բերվել հին 6 խաչքար: «Քարարտ» ՓԲԸ տնօրեն Կարեն Գիշյանն այդ առթիվ տրամադրեց պատմական արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Է. Քամալյանին ուղղված իր գրությունը, որով ինքը հայտնել է, թե 6 խաչքարը իրենց մոտ են տեղափոխվել «ռեստավրացիոն աշխատանքների համար: Խաչքարերը պետք է հետ վերադարձվեն Մակարավանքի վանական համալիրի տարածք»:
Կարդացեք նաև
Գործարանի տնօրենին հարցրի, թե քարի վերամշակող ձեռնարկությունն ի՞նչ իրավունք ունի հին խաչքարերը վերանորոգելու: Կարեն Գիշյանն ասաց, որ խաչքարերին չեն դիպել, միայն մաքրել են հողից: Նրա խոսքերով` խաչքարերը բուն Մակարավանքի տարածքից չեն բերվել, այլ` վանքի շրջակա գոտուց, նաեւ Աչաջուր գյուղի բնակիների բակերից:
«Քարարտի» սեփականատեր Արթուր Բաղրյանն անցյալ տարի եղել է Մակարավանքի խաչքավորը, այս տարի` Կարեն Գիշյանն է այդ «պաշտոնը» զբաղեցնում: «Մաքրման բավական աշխատանքներ ենք կատարել Մակարավանքի տարածքում, ֆելզիտից պատրաստել եւ տեղադրել ենք սուրբ խորան եւ մկրտության սեղան: Մկրտության սեղանը փայտից էր, խարխուլ»,-ասաց Կ.Գիշյանը: Նա ցավով ասաց, որ Մակարավանքի վատ վիճակում է, քանի որ սողանքային գոտում, տուժել է հենց սողանքից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ