«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է մի շարք լրատվամիջոցներում, նաեւ «Առավոտում» ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի տված մեկնաբանություններին՝ Լարիսա Ալավերդյանին չպաշտպանելու վերաբերյալ: Ներկայացնում ենք պրն Սաֆարյանի անդրադարձը՝ հրապարակման իր թույլտվությամբ:
«Այսօր ոչ մի կերպ չմեկնաբանեցի ՀՅԴ գործընկերներիս կողմից ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի օգտին քվեարկելը եւ մեր թեկնածուին` Լարիսա Ալավերդյանին ակնհայտ չսատարելը: Բայց տեսնում եմ, որ արդեն լռություն պահելը լավ բանի չի բերում, եւ ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը կարող է իրեն թույլ տալ թեկուզ կատակով, բայց ակնարկել, թե Լարիսա Ալավերդյանի օգտին գրանցված չորս ձայնի մեջ հնարավոր է եւ եղել են «ազատ թողնված» ՀՅԴ-ականների քվեներ: Իրականում Լարիսա Ալավերդյանին կողմ ենք քվեարկել ես, ինքը` Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը եւ դրանում 100 տոկոսով վստահ ենք, որովհետեւ այնքան բարոյականություն ունենք, որ մեր սիրելի կոլեգաների թիկունքում երբեք խաղեր չենք տալիս, հրապարակավ չենք արտահայտում մի կարծիք, հետո քվեարկում ճիշտ հակառակը: Չեմ կարծում, թե սա կատակի թեմա է: Իմ համար մեւնույնն է, թե ինչ դրդապատճառներով ՀՅԴ-ն կողմ քվեարկեց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի օգտին: Դա իրենց խնդիրն ու որոշելիքն է: Բայց անթույլատրելի է խունջիկ-մունջիկներով ակնարկել, թե անգամ »Ժառանգությունն» իր թեկնածուին լիարժեք չի պաշտպանել:
Նույն կերպ կեսկատակ Արտյուշա Շահբազյանին խորհուրդ եմ տալիս հետեւյալը. քանի որ ՀՅԴ պատգամավորներին ազատ թողնելու դեպքում նրանց չգիտես ինչու հրապուրում է ՀՀԿ, այլ ոչ թե «Ժառանգության» թեկնածուն /որքան էլ իրենց տեղյակ պահած չլինենք մեր լուրջ լինելու ու հաղթելու մտադրության մասին/, առաջարկում եմ հետայսու խմբակցության պատգամավորներին ազատ չթողնել` միգուցե անազատ դեպքում այլեւս չձգվեն դեպի իշխանությունը:
Եվ կրկին կեսկատակ-կեսլուրջ առաջարկ. քանի որ նորմալ է պետության երկրորդ դեմքի ընտրության հարցում ՀՀԿ թեկնածուին սատարելը, ապա ինչո՞ւ պետք է նորմալ չլինի առաջին դեմքի` նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուին սատարելը: Ու նաեւ` ինչո՞ւ պետք է նորմալ լինի ՀՀ երկրրոդ դեմքի` վարչապետի հրաժարական պահանջելը, ինչը պատրաստվում են անել ԱԺ նիստում իրենց հարցապնդման միջոցով: Քանի որ Սամվելի Նիկոյանը հայտարարեց, որ ինքը եւ Ազգային Ժողովը կառավարության հենարանն է լինելու, առաջարկում եմ վաղը պահանջել հենարանի հրաժարականը, եւ ապա նոր` կառավարության»: