Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ համաքաղաքացի հայն ու թուրքը այսօր թշնամիներ են- Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու

Դեկտեմբեր 07,2011 01:01

Ինչպես որ ԱՍԱԼԱ-ի ասպարեզ գալով Թուրքիան գիտակցեց համաշխարհային հանրությունում հայկական հարցի գոյությունը, և ինչպես որ սառը պատերազմի ավարտը անպատրաստ դիմավորեց, այնպես էլ ամեն տարի ապրիլի 24-ի սինդրոմն է ապրում:

Թուրքիան մի պատերազմ է մղում, որտեղ ակադեմիական իմաստով պարտություն է կրում, սակայն, փակելով սահմանները և պատերազմելով սփյուռքի հետ, շարունակում է պայքարը, ինչի անարդյունավետությունը ցանկացած տեսակետից ակնհայտ է:

Հարևան երկրի հանդեպ մոտեցումները Սփյուռքի միջոցով ձևավորելու նախաձեռնությունները  բերում են նրան, որ ցեղասպանության օրինագիծը տեղ է գտնում  նոր օրակարգերում, և շահագրգիռ երկրները Թուրքիայի վրա ճնշում են գործադրում: Հատկապես Թուրքիայի Արտգործնախարարության համար հոգնեցուցիչ է` ամեն տարի սպասել ԱՄՆ-ի ասելիք խոսքին ու գրաված դիրքորոշմանը այս հարցի շուրջ:

Մի կողմից Հայաստանի հետ հասարակական դիվանագիտության բացակայությունը, մյուս կողմից հզոր հայկական լոբբի ունեցող երկրներում թուրքական հակալոբբինգի կիրառման անհաջողությունը Թուրքիային փակուղի են տանում միջազգային ասպարեզում: Հատկապես այս տարի Սուրբ Զատիկի հետ համընկած ապրիլի 24-ը հայերի կրոնական և ազգայնական զգացմունքների առավել գունեղ արտահայտման պատճառը դարձավ:

Թուրքիայում անցկացվող ազդեցիկ հանրահավաքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է խնդրին խելամիտ մոտեցումներ ցուցաբերել:

 

Հնարավո՞ր է արդյոք Սփյուռքի հետ ստեղծել առողջ հաղորդակցություն, ինչը չհաջողվեց անել Հայաստանի հետ

 

Թուրքիան փորձում է տարբեր առիթներով համատեղ փառատոններ,  ծրագրեր ու հանդիպումներ կազմակերպել այն երկրներում, որտեղ հայկական լոբբին առավել հզոր է և սփյուռքը` առավել ազդեցիկ:

Եթե ոչ մշտապես, ապա պարբերաբար hայ համայնքների հետ երկխոսության կառուցման ջանքեր են գործադրվում:

Մինչ քաղաքական գործիչների միջև սկսված կարճատև երկխոսությունը հանգեց իր ավարտին, քաղաքացիական հասարակությունն իր լայն ցանցով իրականացնում է այն, ինչը չհաջողվեց պետություններին: Մոտակա ժամանակներում քաղաքացիական հասարակության դերը խնդիրների լուծման հարցում տեսանելի կլինի:

Մենք էլ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների միջոցով ԱՄՆ-ում հայկական ներկայությունը ուսումնասիրելու և համատեղ երկխոսության ստեղծման ուղղությամբ ենք շարունակում աշխատել:

Տեղահանումից առաջ և հետո ԱՄՆ մեկնած հայերի մեծամասնության կարծիքով` Թուրքիան պետք է ընդունի պատմական սխալները և խթանի  տարածաշրջանային համագործակցության տանող ճանապարհի բացումը:

Դատապաշտպան ու գրող Մարկ Մուսթյանը, ում նախնիները ավելի քան երկու հարյուր տարի առաջ գաղթել են Ամերիկա Օսմանյան կայսրությունից, նույնպես այդ տեսակետն ունի:

Մուսթյանը ջանացել է պահպանել իր նախնիների ինքնութունը, ովքեր եկել են Ամերիկայի մայրցամաք` օգտվելու նոր ժամանակների նոր հնարավորություններից: Այս ջանքերը հանգեցրել են նրան, որ Մուսթյանի մոտ  պատասխանատվության զգացում է ձևավորվել հայ հասարակության նկատմամբ:

Մուսթյանը երկար տարիներ աշխատել է  Ֆլորիդայում որպես դատապաշտպան: Սկսել է գրել մի վեպ, որտեղ խոսում է անցյալում  հայ ու թուրք ժողովուրդների բաժանման մասին:

 “The Gendarme” վերնագիրը կրող վեպը, որը գրվել է յոթ տարիների ընթացքում, լույս է տեսել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Իսրայելում, Իտալիայում, Բրազիլիայում և Անգլիայում:

Մուսթյանը` հայ հասարակության որոշ մասի սեփական ինքնությունից և պատմությունից անտեղյակ ապրելակերպով անհանգստացած, գրել է  այս գիրքը, որտեղ նկարագրում է հետևյալ պատկերը` սփյուռքահայերի 70%-ի համար պատմական խնդիրները մշտապես օրակարգում են, 10%-ը ապրում է հայ ինքնությունից անտեղյակ, մնացած մասն էլ ավելի չափավոր վերաբերմունք  ունի:

Մուսթյանը ասում է, որ այցելել է Թուրքիա, չնայած որ երբևէ առիթ չի ունեցել  այցելել Հայաստան,  շատ սիրել է Թուրքիան և հավատացած է, որ երկու երկրները իրենք պետք է գտնեն առկա խնդիրների լուծումը:

Հավատում է, որ բաց սահմանների պայմաններում մշակութային շփումը էլ ավելի կակտիվանա և խնդիրները սպասվածից ավելի  արագ լուծում կգտնեն:

Ֆլորիդայում բնակվող Վազգեն Հագոբյանը և Զոհրաբ Հովսեփյանը, ովքեր ավելի մեղմ դիրքորոշում ունեն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, տեղահանման շրջանում են լքել Թուրքիան:

Հագոբյանը Ադանայից է, այժմ Ֆլորիդայի Պետական Համալսարանում ֆիզիկա և աստղագիտության պրոֆեսոր է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում բարեկամների զգալի մասը կորցրած Հագոբյանի ընտանիքը գաղթում է Սիրիա, Լիբանան, ֆրանսիա, և հետո Հունաստան: Հայրը Օսմանյան եկեղեցիներում է ծառայել և անցյալի հիշողությունները թղթին է հանձնել: Հագոբյանը Սփյուռքի ու Հայաստանի մեջև եղած հարաբերությունները գնահատում է որպես “բարեգործական բնույթ կրող” և գտնում է, որ Թուրքիան ներկայիս պայմաններում դժվարանալու է Եվրոմիությանը անդամակցելու:

Ըստ Հագոբյանի, չնայած որ երկու դարավոր ժողովուրդները ապրել են կողք կողքի, անհասկանալի է, թե ինչու այսօր երկխոսություն չի կայանում: Մյուս կողմից` Հագոբյանը անիրական է համարում քաղաքական տեսանկյունից Հայաստանի կողմից հնարավոր հողային հավակնությունները Արևելյան Անատոլիայի նկատմամբ:

Զոհրաբ Հովսեփյանը Դիարբեքիրից է, Սիլվանից:

Պատերազմի ժամանակ յոթանասուն հոգանոց ընտանիքից փրկված հինգ հոգին Սիրիայից Ֆրանսիա է գաղթում: Ընտանիքի մեծերի հիշողությունները գրի առնելու հետ մեկտեղ, Օսմանյան ժամանակահատվածից եկող Քեշիշյան ազգանունն էլ են փոխում: Ըստ Հովսեփյանի, այսօրվա աշխարհում առանց երկխոսության ապրելը ուղակի անհնար է:

Հովսեփյանը նշում է, որ Սովետական Միությունը վերացրել է ազգային գիտակցությունը` ընդգծելով իրենց համար Վիլսոնի սկզբունքների կարևորությունը:  Հովսեփյանը շեշտում է, որ     խոշոր երկրների կողմից  ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի շնորհումը կամ այդ իրավունքից զրկումը անարդարություն է:

Իմացանք, որ Հովսեփյանը շատ բարեկամներ ունի Թուրքիայում: Նա հավատացած է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը և համատեղ ծրագրերի ընթացքը կենսական է: Հավատում է, որ արդյունավետ համագործակցություն կհաջողվի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, վերջինս ներկայումս նույնիսկ էներգետիկ ծրագրերից է դուրս մնում:

Երկուսն էլ նշում են, որ առանց երկխոսության անհնարին է հասնել խաղաղության, և որ ամեն կողմը պետք է իր լուման ներդնի ընդհանուր հայտարարի գալու համար:

Ժամանակին երկու ժողովուրդները համաքաղացի, գործընկեր, դրկից, հարևան, խնամի ու բարեկամ էին, հազարավոր տարիներ կողք կողքի են ապրել, և միայն վերջին հարյուրամյակում բաժանվել ու օտարացել են միմյանցից, սակայն համատեղ անցյալի հետքերը  երբեք չեն ջնջվել:

Քաղաքական մոտեցումներից ձևավորված նախապաշարմունքները երկու երկրների մոտ էլ անվստահություն են առաջացնում անելիք քայլերի վերաբերյալ:

Մի կողմից` երկխոսության կառուցման անպատրաստ ժողովուրդները, մյուս կողմից` Սփյուռքը, որին հնարավոր չէ համախմբել, խնդիրը սինդրոմի վերածման պատճառ են դարձնում:

Թուրքիան, որ ջանում է ազատվել այս սինդրոմից, պետք է հաշվարկի իր քայլերը Արևելյան ու Արևմտյան հայերի շահերը հաշվի առնելով և խթանի քաղաքացիական դիվանագիտությունը Հայաստանի հետ այնպես, ինչպես դա անում է մյուս բոլոր երկրների հետ:

Քանզի  Հայաստանի հետ երկխոսության մեջ թշնամական ճառերից ավելի համագործակցության ճառեր են անհրաժեշտ:

Այսինքն, պարզ է, որ թշնամանքը շահեկան է որոշ խմբերի համար ու հակառակը` վնասակար է այլոց համար:

 


Թարգմանեց` Արմինե Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031