Այսօր՝ դեկտեմբերի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող 19-ամյա Դավիթ Խաչատրյանը վարելով «Մերսեդես-Բենց» մակնիշի 29 ԼԼ 635 համարանիշի ավտոմեքենան Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց տանող սկզբնամասում վրաերթի է ենթարկել 18-ամյա Նարեկ Մխիթարյանին եւ 16-ամյա Գոռ Մնացականյանին: Վերջինս սովորում է Երեւանի 137 դպրոցի 12-րդ դասարանում: Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Երեւանի թիվ 3-րդ կլինիկական հիվանդանոց: Նրանք տեղեկացրել են նաեւ, որ վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելուց են եղել չթայլատրվող հատվածից: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: