«Ամեն ինչ սկսվեց մեկ տարի առաջ, երբ մենք ընտանիքով Ռուսաստանից տեղափոխվեցինք Հայաստան: Արտակս այնտեղ ռուսական դպրոց էր գնում և հայերեն կարդալ-գրել շատ քիչ գիտեր, իսկ այստեղ մենք որոշեցինք նրան հայկական դպրոց տանել: Բայց հենց առաջին օրվանից նա շատ հիասթափված տուն եկավ և ասաց, որ չի ուզում դպրոց գնալ, որ հայերեն ճիշտ կարդալ չի կարողանում և դասընկերները նրան ձեռք են առնում»,-պատմում է Արտակի մայրը` տիկին Արմինեն:
14-ամյա Արտակը, չնայած մեկ տարի է, ինչ հայկական դպրոց է գնում, և արդեն բավականին տիրապետում է մայրենի լեզվին, սակայն դասընկերների հետ գրեթե չի շփվում, իսկ դասերին հրաժարվում է պատասխանել: Ընկերներից բաժանվելը, նոր միջավայրին չհարմարվելը, դասընկերների անբարյացակամ վերաբերմունքը տղային մշտական լարվածության մեջ են պահում, ինչի հետևանքով նախկինում աշխույժ ու ընկերասեր երեխան այսօր անհանդուրժող ու չշփվող է դարձել: Տղայի վարքագծով մտահոգված ծնողները դիմել են բժշկի և պարզել, որ երեխան դեպրեսիա է տանում: «Երեխաների վրա շրջապատը շատ մեծ ազդեցություն ունի: Հատկապես վաղ տարիքում մարդիկ ավելի խոցելի են լինում և այն ամենը, ինչ լսում կամ տեսնում են, ընդունում են որպես անհերքելի ճշմարտություն: Այս պարագայում շրջապատի կողմից չհասկացված լինելը տղային ստիպել է իրեն միայնակ ու անպաշտպան զգալ, ինչը շարունակվել է մի քանի ամիս և դարձել դեպրեսիայի առաջացման պատճառ»,-նշում է հոգեբան Արման Առաքելյանը և ավելացնում, որ դեպրեսիան այսօր ավելի տարածված է, քան 20-30 տարի առաջ և ունի շատ խորություններ, որոնցից դուրս գալը դժվար է: Այս հիվանդությունը առաջանում է այն ժամանակ, երբ լարվածության հետևանքով խանգարվում է մարդու ուղեղի ֆունկցիան: Մարդու մտքում իրար են խառնվում լսողականը ու տեսողականը, անցյալն ու ներկան: Նրա մոտ առաջանում են հազարավոր մտքեր, որոնք մարդը փորձում է կապել իրար, բայց արդյունքում հայտնվում է «մեկ այլ աշխարհում»: «Ծանր ապրումները, լարվածությունը միշտ նստվածք են տալիս մարդկանց մոտ, սակայն ամբողջ հարցը նրանում է, թե մարդիկ ինչպես են արձագանքում դրանց: Այն մարդիկ, ովքեր կարողանում են այդ լարվածությունը իրենցից դուրս օգտագործել, այսինքն` մտածում են, որ և՛ լավ կյանքը, և՛ վատ կյանքը իրենց համար է, մեծ արդյունքների են հասնում, իսկ ովքեր իրենց ներսում են տանում այդ ամենը և դժվարությունների հանդիպելիս շատ շուտ հիասթափվում են, նրանց մոտ առաջանում է ուղեղի ֆունկցիայի խանգարում` վատ մտքեր, ներշնչանքներ, ի վերջո դեպրեսիա»,-նշում է հոգեբանը:
Դեպրեսիայի առաջացման շատ պատճառներ կան` հիասթափություն, վատ ապրելակերպ, ինչո՞ւ չէ նաև ազգային արժեքներ և այլն: Հոգեբան Արման Առաքելյանը նշում է, որ կանանց մոտ դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառն այն է, որ նրանցից շատերը զոհ են գնում հասարակության մեջ ընդունված կարգերին` պահպանելով բարոյական արժեքները իրենց նյարդերի հաշվին: «Ամենակարևորը առողջությունն է: Քո կյանքում ամենակարևորը դու ես, ոչ թե այն պատճառով, որ քեզանից այն կողմ էլ աշխարհ չկա, այլ այն պատճառով, որ դու հասարակությանը առողջ ես պետք: Դու պետք է մտածես քո ուժերի մասին, քո ապագայի մասին, որպեսզի կարողանաս օգնել նաև մտերիմներիդ»:
Եթե դեպրեսիան բացասաբար է անդրադառնում բոլոր տարիքի ու սեռի մարդկանց վրա, ապա սթրեսը, որը դեպրեսիայի ավելի թույլ դրսևորումներից է, համարվում է մեր կյանքի հիմքը: Այսօր կան տեսակետներ, որ սթրեսը բացասական երևույթ է, և մարդիկ խուսափում են դրանից, սակայն հոգեբանական նոր մոտեցումների համաձայն` մարդը չի կարող ապրել առանց սթրեսի: Ըստ հոգեբանների` եթե չլինի սթրես, չի լինի նաև կյանք:
Հերմինե Աղաջանյան