Նոյեմբերի 6-ի երեկոյան ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց՝ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրումներ անելու եւ քվեարկություն իրականացնելու համար։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց այսօր այն բանից հետո, երբ խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանն ընտրվեց ԱԺ նախագահ։
Ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ ՀՀԿ-ն այդ պաշտոնում առաջադրեց խմբակցության քարտուղար եւ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։ «Ժառանգությունը» որպես` այլընտրանք այդ պաշտոնում առաջադրեց խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։
Իր ելույթում Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ իր գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու ,նաեւ վստահության համար, իսկ իր առաջադրումը գնահատեց որպես` կուսակցության ավագ եւ կրտսեր սերունդների համագործակցության օրինակ։ Նա նաեւ ողջունեց «Ժառանգության» կողմից Մարտիրոսյանի առաջադրման փաստը՝ այն որակելով որպես ժողովրդավարության դրսեւորում։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, իհարկե, ԱԺ փոխխոսնակ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը։ Քվեարկությունը մասնակցեց 98 պատգամավոր, նրանցից 92-ը Էդ. Շարմազանովի թեկնածությանը «կողմ», իսկ 6-ը «դեմ» քվեարկեցին: Ճիշտ հակառակ պատկերն էր Արմեն Մարտիրոսյանի պարագայում՝ 6 «կողմ» եւ 92 «դեմ»:
Կարդացեք նաև
Ի դեպ, քվեարկությունը դեռ նոր էր սկսվել, բայց խորհրդարանի պատգամավորներից շատերն իրենց պարտքն էին համարում նախապես մոտենալ ու շնորհավորել Շարմազանովին, սակայն նա, ի պատիվ իրեն, առաջարկում էր սպասել քվեարկության արդյունքներին, բայց ապարդյուն:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ