Ինչպես մյուս համալսարանները, այնպես էլ Մաշտոցի անվան համալսարանն ունի խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում են ուսանողները: «Մեր համալսարանի խնդիրն ուսանողն է, պատկերացրեք, որ ոչ մի բանով չի տարբերվում մյուս համալսարաններից: Ամեն ինչն էլ նույնն է, մնում է ուսանողը սովորի»,- ասում է 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Սարգսյանը: Հոգեբանության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Պետրոսյանը բողոքում է, որ իրենց գրադարանը շատ քիչ գրքեր ունի. «Մեր գրադարանը նորմալ չի գործում: Մեզ անհրաժեշտ գրքերը չկան»:Մեկ այլ ուսանողուհի էլ` Հայարփի Մելիքաղաջանյանն ասում է. «Բուֆետ չունենք, պետք է գնանք դիմացի փողոցի խանութից մի բան առնենք` ճանապարհն էլ շատ վատն է: Բացի դա պատճենահանման տեղ չունենք, բուժկետ չունենք»: Կային ուսանողներ էլ, ովքեր բողոքում էին դասախոսներից: «Դասախոսներն էլ մակարդակ չունեն: Օրինակ` այսօր դասախոսը հարց տվեց, չգիտեինք, ինքն էլ ալարեց չպատասխանի: Բացի դա` գալիս են դասախոսներն ու ուրիշ թեմայից են խոսում` դասի փոխարեն: Ի՞նչ գիտելիք են տալիս, չգիտես: Գալիս են լեկցիա են թելադրում ու վերջ, էդ կարամ տանն էլ կարդամ»,- ասում է Սոնա Զատիկյանը: Նշում է նաեւ, խոսքը բոլորին չի վերաբերվում: Աննա Բարսեղյանն էլ ճիշտ չի համարում, որ համալսարանն ու քոլեջը միացրել են իրար: «Դասախոսները մեզանից են բողոքում, բայց ամենամեծ խնդիրն իրենցն է: Քոլեջը բերել միացրել են համալսարանին: Մենք դեռահասների հետ գտնվում ենք նույն համալսարանում, եւ իրենք ինչպես դպրոցում, այնպես էլ բուհում պահում են դպրոցի կարգավիճակը: Վազվզում են, պատերին գրում` էն, ինչ անում էին դպրոցում»:
Մագդա Թեւանյանը` Բանասիրական եւ Ռոմանոգերմանական ֆակուլտետների դեկանը, դժգոհում է ուսանողների դաստիարակությունից: «Դպրոցից արդեն պետք է ուղղված գային, բայց տարրական էլեմենտների չեն տիրապետում: Պատերին փակցված է, որ ծխելն ու հեռախոսով խոսելն արգելվում է, բայց դա ուղղակի փակցված է: Ուսանող կա, ում երկու տարի անընդմեջ նկատողություն ենք անում»: Մագդա Թեւանյանն ամենակարեւոր խնդիրը համարում է այն, որ պետությունը չի աջակցում իրենց. «Եթե պետությունը մեզ հավատարմագրել է, հետեւաբար ճանաչում է մեր համալսարանն որպես պետական հաստատություն: Պետությունը պետական բոլոր բուհերին գումար է տրամադրում, վարձն է փոխհատուցում, բայց նույն սկզբունքով, անվճար տեղեր չի տրամադրում այս կարգի բուհերին: Գուցե ավելի ճիշտ լինի մեր ուսանողների՞ն էլ ոգեւորեն»: Դեկանը հայտնեց, որ համալսարանը զիջումների գնում է ու որոշ ուսանողների աջակցում սեփական միջոցներով:
Ռուբինա Սաֆարյան