Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն չպաշտպանեց իր ընդդիմադիր գործընկերոջը

Դեկտեմբեր 06,2011 17:38

Նոյեմբերի 5-ին, երբ ՀՀ խորհրդարանում տեղի էին ունենում ԱԺ խոսնակի պաշտոնում առաջադրումները, ու խմբակցությունները ներկայացնում էին իրենց դիրքորոշումները՝ ՀՅԴ-ն միակն էր, որը ոչ քննարկումներին մասնակցեց եւ ոչ էլ առավել եւս հայտնեց իր դիրքորոշումն առաջադրված երկու՝ ՀՀԿ կողմից՝ Սամվել Նիկոյանի եւ «Ժառանգության» կողմից՝ Լարիսա Ալավերդյանի, թեկնածությունների վերաբերյալ։

Այսօր արդեն ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ընտրություններից հետո «Առավոտը» ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանից փորձեց ճշտել, թե արդյոք խմբակցությունն այդ հարցում միասնական դիրքորոշում ունեցե՞լ է եւ ինչպե՞ս է քվեարկել: «Այո, ընդհանուր, բայց հստակ դիրքորոշում եղել է՝ ազատ քվեարկություն»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։

Իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն չի քվեարկել իր ընդդիմադիր գործընկերոջ՝ «Ժառանգության» թեկնածուի օգտին. «Իսկ Լարիսա Ալավերդյանն ուզո՞ւմ էր ընտրվել: Չեմ զգացել»: Նկատի ունեք նախօրեի նրա ելո՞ւյթը. «Նախ եթե լիներ՝ մեր գործընկերներն էին, մի հատ մեզ կասեին, որ էդ տեսակ խնդիր ունեն: Մենք հաճախ ենք տարբեր, ամենափոքր խնդիրների շուրջ իրար հետ խորհրդակցում եւ ճշտում: Նախ՝ չեմ կարծում, թե նման ցանկություն եղել է։ Երկրորդ, նույնիսկ իրենք ամբողջ խմբակցությունով նրան ձայն չեն տվել: Նշանակում է՝ իրենք էլ նման խնդիր չեն ունեցել»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը 7 պատգամավոր ունի, մինչդեռ Ալավերդյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել ընդամենը 4 պատգամավոր: ԱԺ-ում չէին Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու այդ խմբակցության պատգամավոր՝ այլեւս ՍԴՀԿ-ական Վարդան Խաչատրյանը։

Այդուհանդերձ, եթե ԱԺ նիստին գրանցված բոլոր 106 պատգամավորերից ընդամենը 4-ն են Ալավերդյանին կողմ քվեարկել, ենթադրվում է, որ նրանք ժառանգականներ են եղել, ապա ստացվում է, որ ՀՅԴ-ն էլ է Նիկոյանի թեկնածության օգտին քվեարկել: Մեր այս թվաբանությանը պատգամավոր Արտյուշա Շահբազյանը կատակով հակադարձեց. «Կարող է ձայն է՞լ են տվել Լարիսա Ալավերդյանին, վստահ չգիտեմ»: Այսինքն, ասել կուզեք՝ Ալավերդյանին կողմ քվեարկած 4 պատգամավորներից ոչ բոլո՞րն են եղել «Ժառանգության» պատգամավորներ: «Հնարավոր է»,- դարձյալ կատակով հավելեց ՀՅԴ պատգամավորը։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031