Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողովի եկան հեծանիվներով

Դեկտեմբեր 06,2011 17:26

Այսօր «Կանաչ տնտեսություն» անունը կրող հայ-գերմանական համաժողովի ավելի քան 200 մասնակից,  համաժողովի անցկացման վայր՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց եկան հեծանիվներով: «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության ղեկավար Ջեյմս Մաքբեթը համաժողովի բացման ժամանակ հայտնեց, որ հեծանվարշավի նպատակը իրենց անկեղծ նվիրվածության ցուցադրումն է Հայաստանի բնապահպանական խնդիրներին. «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության ջանքերը մեծ են բնապահպանության ոլորտում, սակայն քաղաքացիական հասարակությունը միայնակ խնդիրներ լուծել չի կարող: Կարեւոր է նաեւ մասնավոր եւ կառավարող հատվածի ներգրավվածությունը խնդրի մեջ»:

Այս համաժողովի նպատակն էր մեր մասնագետներին սովորեցնել, թե ինչպես պետք է տնտեսական արդյունավետ գործունեությունը վարել, որ վնաս չհասցվի շրջակա միջավայրին: Չնայած դրան, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը  Aravot.am-ին ասաց, որ մեր երկրում դրա փայլուն օրինակները արդեն կան՝ Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու ծրագրի տապալումը, լեռնահանքարդյունաբերության մեջ կատարվող ներդրումները եւ այլն. «Ես կարծում եմ, որ Թռչկանի նախաձեռնությունը շատ լավն է, քանի որ քաղաքացիական նախաձեռնությամբ արգելվեց այնտեղ  ՀԷԿ-ի կառուցումը, որովհետեւ այն վնաս էր հասցնելու շրջակա միջավայրին: Ես համարում եմ դա լավ օրինակ, քանի որ ձեր կառավարությունը արձագանքեց բնապահպանների բողոքի ակցիաներին»: Նրա խոսքերով, լավ է նաեւ այն, որ ՀՀ կառավարությունը պլաններ ունի մշակել հատուկ ծրագիր՝ շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու. «Շատ բարդ է, շրջակա միջավայրը պահպանելու գնով հասնել տնտեսության զարգացմանը, բայց անհրաժեշտ է: Գերմանիայում մեր կառավարությունը շրջակա միջավայրը պաշտպանելու համար առաջին հերթին բարձրացրեց տուգանքների շեմը, որը պետք է մուծվեր, եթե ինչ որ տեղ վնաս էր հասցվել շրջակա միջավայրին»: Ըստ նրա, մասնավոր սեկտորը պետք է մեծ ներդրումներ անի, որպեսզի գյուղատնտեսությանը եւ օդի մաքրությանը  հասցված վնասի հետեւանքները վերականգնվեն: Նա ասաց, որ արդեն կա նաեւ Վանաձորում աղբի վերամշակման ծրագիր, որը պիլոտային ծրագիր է դեռեւս:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031