ՀՅԴ-ն Ազգային Ժողով գալու դեպքում խոստացել էր «բնակչության սեռատարիքային կառուցվածքը» բարեփոխել, այսինքն՝ այնպես անել, որ տղաներն ու աղջիկները հավասար թվով ծնվեն կամ ծերերն ու երիտասարդները բնակչության մեջ հավասարակշռված լինեն: Դա ՀՅԴ-ի նախընտրական խոստումներից էր: Կուսակցությունն ԱԺ-ում հայտնվեց, սակայն տղաների եւ աղջիկների հավասարության հարցն այդպես էլ չլուծվեց, ավելին` խնդիրը վերջին տարիներին ավելի խորացավ: Եթե նորմայում 100 աղջկա բաժին պետք է ընկնի 105 տղա, ապա Հայաստանում 10 %-ի շեղում կա` 100 աղջկա բաժին է ընկնում 115 տղա: Ինչ վերաբերում է ծերացմանը, ՄԱԿ-ի տվյալներով` մեր բնակչության 14.6%-ը 60-ն անց տարիքի է, մինչդեռ համաձայն միջազգային դասակարգման, երկրի բնակչությունը համարվում է ծերացած, եթե այդ ցուցանիշը գերազանցում է 12%-ը: Ժողովրդագրական անբարենպաստ վիճակը արմատապես խոստացել էր լուծել նաեւ ԲՀԿ-ն, վերջինս վստահեցրել էր, որ ծնելիությունը կխթանի, մահացությունը կկրճատի, սակայն ոչ մեկն է եղել, ոչ էլ՝ մյուսը. ծնելիության անկումը շարունակվում է, մահացության դեմն էլ չեն առնում: Ծնելիությունը խթանելու խոստումներ էր տվել նաեւ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ