Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես շարունակվել այլեւս չի կարող. բնապահպաններն ահազանգում են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2011 16:16

Այսօր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնելու նպատակով բնապահպանական կառույցների ներկայացուցիչները «Արմատ» ակումբում ասուլիս էին հրավիրել: Մինչ բանախոսները կհասցնեին ներկայանալ՝ սրահը հոսանքազրկվեց, իսկ մի քանի րոպե անց հայտնվեցին Բնապահպանության նախարարության 6-7 ներկայացուցիչներ:

«Այն, ինչ որ այսօր Հայաստանում արվում է բնապահպանության ոլորտում՝ կաթվածահար է անում ամբողջ բնապահպանական ոլորտը: Հերթական մոլիբդենի հանքավայրը Հանքավանում, ինչպես նախկինում՝ իհարկե դրական եզրակացություն է տրված»,- նշեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության» անդամ, բնապահպան Արման Վերմիշյանը: Ավելի ուշ հավելեց, թե դիմում են հանրապետության նախագահին, պահանջում հանդիպում եւ ակնկալում, որ բնապահպանական ոլորտում առաջիկայում կտրուկ փոփոխություններ կարվեն. «Ղեկավարարությունն իսկապես պետք է իր վերաբերմունքը փոխի բնապահպանության նկատմամբ, այսպես այլեւս չի կարող շարունակվել»:

Իրավաբան Մերի Խաչատրյանը Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանին հարց ուղղեց՝ կարո՞ղ եք իրավական հիմնավորում տալ՝ ինչո՞ւ օրենքի նախագիծը պատրաստվեց եւ 2 ամսում ներկայացվեց խորհրդարան: «Չգիտեմ, թե որքանով է հապճեպ, բայց այն որ օրենքի նախագիծը պետք է ընդունվի, օդի, ջրի պես անհրաժեշտություն է: Ներկա օրենքը 95 թվից է գործում, հազար բան է փոխվել»,- պատասխանեց նա:

Բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ-ի փորձագետ Ազգանուշ Դռնոյանը հավելեց, որ երկար ժամանակ նախագիծը քննարկումների մեջ է եղել. «Այլ հարց է, որ գնում ենք քննարկման, հասարակայնության ոչ մի անդամ մասնակից չի լինում քննարկմանը, մենք չունենք լծակներ, որ նրանց բերման ենթարկենք»:

Հ. Գրիգորյանը նաեւ հակադարձեց Ա. Վերմիշյանին, որ Հանքավանի պարագայում դեռեւս դրական եզրակացություն չի տրվել: «Հույս ունենա՞նք, որ գոնե մի անգամ բացասական եզրակացություն կտրվի»,- հարցրեց բնապահպանը: «Հնարավոր է Նոր տարին շնորհավորելուց առաջ ասենք»,- պատասխանեց նա:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031