Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստավայրում իր 17-րդ Գլխավոր ասամբլեան է գումարել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը: «Ժառանգության սպառնալիքներ» բաժնում ընդունվել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից առաջարկված բանաձեւը` Անիի Մայր տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ: Ըստ ԻԿՕՄՕՍ/Հայաստանից ստացված հաղորդագրության, բանաձեւի քվեարկության ժամանակ թուրք պատվիրակ, Ստամբուլի Յիլդիզի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Կան Բինանն առաջարկել է բանաձեւում ներառել առանձին պարբերություն` Հայաստանի կողմից Անիի քարհանքում պայթեցումները դադարեցնելու պահանջով: ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանը, ի պատասխան թուրք գործընկերոջ առաջարկի, հանդես է եկել ելույթով եւ տեղեկացրել, որ քարհանքի շահագործումը դադարեցված է, ինչպես նաեւ կոչ է արել պատվիրակներին քվեարկել Հայաստանի բանաձեւի օգտին: Թուրք պատվիրակի առաջարկը մերժվել է եւ դահլիճի բացարձակ մեծամասնությամբ ընդունվել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի առաջարկած բանաձեւը: Ըստ վերջինիս, ճանաչելով՝ միջնադարում Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաք Անիի` որպես միջնադարյան քաղաքաշինության բացառիկ օրինակի մեծ արժեքը եւ հաշվի առնելով այն, որ քաղաքն այս տարի նշում է իր հիմնադրման 1050-րդ տարեդարձը, նկատի ունենալով նաեւ Անիի Մայր տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցու ամրակայման եւ վերականգնման հրատապ միջոցների անհրաժեշտությունը, որոշում է ընդունվել՝ դիմել ԻԿՕՄՕՍ-ի նախագահին ` Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության հետ, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի ու ԻԿՕՄՕՍ/Թուրքիայի, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, մասնագետների խումբ կազմել, որի միջոցով կխրախուսվի պահպանության եւ վերականգնման պրոֆեսիոնալ պարտավորությունը` Անիի մայր տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ