Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարտինետի. Խոսքի ազատությունը կարող է արգելել միայն քստմնելի բռնապետությունը

Դեկտեմբեր 06,2011 15:00

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ համաժողով՝ «Եվրոպական միության ջանքերը խոսքի ազատության ամրապնդման ոլորտում» խորագրով: Համաժողովի նպատակն էր մասնակիցների եւ ներկաների հետ քննարկել ԵՄ հիմնական գործողությունները խոսքի ազատության ոլորտում:  Համաժողովի բացման արարողությանը մասնակցեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին, իսկ բանախոսներն էին Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի հանրային իրավունքի ավագ դասախոս, նույն համալսարանի վիրտուալ իրավաբանական ֆակուլտետի հանրային իրավունքի թիմի մանկավարժական ղեկավար Լյորան Էկը եւ ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայկական ՊիԱր գիտատեղեկատվական հ/կ փորձագետ Անուշ Մարտիրոսյանը:

«Մեր մտածածն ասելու եւ տպագրելու իրավունքը մերն է, այն կարող է արգելել միայն քստմնելի բռնապետությունը: Տհաճ է, երբ մարդիկ չեն կարող իրենց մտածածն ազատ արտահայտել»,- հայտարարեց Ալեքսանդր Մարտինետին:

Լյորան Էկն էլ հավելեց. «Յուրաքանչյուր ոք ունի մտածելու, խոսքի, կրոնի ազատություն: Անձը չպետք է  հետապնդվի իր կողմից ասած ազատ խոսքը կամ կարծիքը տարածելու համար, նա լիովին դրա իրավունքը ունի: Խոսքի ազատության 2 համակարգ կա` մեկ խոսքի ազատությունը ամերիկյան ձեւով, մյուսը՝  եվրոպական ձեւով: Ամերիկայի կոնգրեսի համար դժվար է սահմանափակել խոսքի ազատությունը: Այնտեղ թույլատրելի է անգամ ռասիստական եւ թշնամական արտահայտություններ անել, գաղափարների ազատ շուկա է: Իսկ խոսքի ազատությունը Եվրոպայում պաշտպանվում է, այն ունի որոշակի սահմաններ: Խոսքի ազատությունը նաեւ շատ փխրուն ազատություն է: Ամբողջ աշխարհում խոսքի ազատության խախտումներ լինում են: Այն պետք է ամեն օր պաշտպանել եւ զգոն լինել՝ խախտումները վերացնելու համար»:

Այն հարցին՝ Հայաստանում արդյոք գործո՞ւմ է խոսքի ազատություն, պարոն Էկը պատասխանեց. «Ես տարվա մեջ 2 անգամ լինում եմ Հայաստանում եւ դասախոսությունների միջոցով փորձում լուծում տալ խոսքի ազատությանը վերաբերող հարցերին: Իմ տպավորությամբ՝ Հայաստանում խոսքի ազատությունը աստիճանաբար ավելի «լայնանում» է եւ դա ՀՀ իշխանությունների եւ հատկապես Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատական պրակտիկայի շնորհիվ, աստիճանաբար լրատվամիջոցները եւ խոսքի ազատությունը բացվում են, բայց պետք է մշտապես զգոնությունը պահպանել, որովհետեւ նույնիսկ ժողովրդավարական մեծ ավանդույթ ունեցող երկրներում կարող են խոսքի ազատությունը վտանգել: Պետք է միշտ հիշել, որ խոսքի ազատությունը բոլոր  ազատությունների հենասյուներից մեկն է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031