10 օր է, ինչ օլիգարխի ճակատից սառը թրջոցը չի անհետանում:
Նա, որ գիտեր, թե շաքարավազի ո՞ր պարկում քանի ավազահատիկ կա եւ ամեն մի հատիկն ինչ անուն ունի, ուշքի չի գալիս:
Օրեր առաջ օլիխարխին էր զանգել «Բերդի գողը», որին իսկապես չգիտեր: Նրանից առաջին անգամ լսեց, թե նա է Մոսկվան «նայել», նրանից առաջին անգամ լսեց, թե Պուտինի ախրանայի պետին ինչպես է իր գումարով այդ պաշտոնին նշանակել, նրանից լսեց, թե «Վարատնիք Սյամոն» հեսա գալու է…
Չնայած օլիգարխն այդպես էլ չհիշեց «Բերդի գողին» ու նրա մեջքի տատուն՝ Ֆեմիդայի երկու կշեռքով, բայց ձեւ արեց, թե հիշում է:
«Բերդի գողն» ասաց, որ միայն «մեծ ախպորն» է զանգել ու ուզում է հանդիպել:
«Մեծ ախպոր» ինքնասիրությունն իսկապես շոյվեց, դե, մանավանդ, դեմը ընտրություն կար, վերընտրություն, էլի ու էլի ընտրություն…
Հեռախոսազրույցի հաջորդ օրը նա իր «Բեթլին» թանկարժեք սիգարետով, «քննիչի թոքով-սրտով», «դատախազի լյարդով», խմիչք ու անանասով լցրած կանգնեցրեց բերդի դռանը:
Տեսակցության գնաց: Հանեց անձնագիրը, ցույց տվեց ու երբ ասաց գնում է «Բերդի գողի» մոտ, մի ուրիշ հայացք նկատեց: Ինքը զգաց, զգաց, բայց ոչինչ չասաց: Զգաց, երբ հանդիպեց «Բերդի գողին»: Հանդիպեց ու էլի բան չասաց: Մտածեց. գուցե խաբուսիկ է արտաքինը, խոսքը, պահվածքը…
Հանդիպումը տեւեց 10 րոպե: Ու երբ աստիճաններից իջավ, նրան դիմավորեց բերդի իսկական գողը՝ պետը: Նա երբ իմացավ, թե ում մոտ է եկել օլիգարխը, քահ-քահ ծիծաղեց:
«Բերդի գողը» երեւակայական հիվանդ էր, որը սիրում է անվերջ զանգել, զանգել, զանգել:
Օլիգարխին այլ բան չէր մնում, քան իր «Բեթլին» դատարկել մուտքի մոտ ու շտապ հեռանալ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ