Թբիլիսյան խճուղում գտնվող Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի բակում 2-3 գամփռ շներ են շրջում, որոնք տարածքում ապրող բնակիչներին ահ ու սարսափի մեջ են պահում: Դատարանի տարածքով իրենց երեխաներին մանկապարտեզ, դպրոց տանող բնակիչներն ամեն օր «լեղապատառ» են լինում՝ մինչեւ անցնում են այդ հատվածով: Շներն ակտիվանում են հատկապես երեկոյան ժամերին: Որպեսզի շների բաժին չդառնան, դպրոցականներն ու իրենց ծնողների հետ մանկապարտեզ գնացող փոքրիկները ստիպված են մոտ 200 մետր շրջանցել դատարանի տարածքը, եւ գնալ-գալ մայրաքաղաք մտնող միջպետական ճանապարհի եզրով: Այս ճանապարհն արագընթաց եւ ավտոմեքենաներով ծանրաբեռնված փողոց է, ուստի երեխաների ծնողները մտահոգված են իրենց փոքրիկների անվտանգությամբ:
Բնակիչների բողոքներին ի պատասխան՝ դատարանի պատասխանատուները հերքում են, որ շներն իրենց հետ որեւէ կապ ունեն, սակայն փաստ է, որ դրանք դատարանի կարգադրիչների հովանու ներքո են ապրում: Կարգադրիչները շներին կերակրում են ու ընտելացնում, որպեսզի տարածքը հսկեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ