Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոյանն իր հաղթանակը կնշի դեկտեմբերին խորհրդարանում

Դեկտեմբեր 06,2011 14:42

ՀՀ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ նոր նախագահի ընտրություններ, որին զուգահեռ խորհրդարանի դատարկ դահլիճում օրենսդիրները շարունակում էին օրինագիծ քննարկել։ Թե ինչպե՞ս են նրանք առանց այդ նախագծի քննարկումներին մասնակցելու  քվեարկելու՝ դժվար է ասել։

Իսկ նիստերի դահլիճից դուրս, ճեմասրահում օրենսդիրները մասնակցում էին փակ ու գաղտնի քվեարկության։ Հիշեցնենք, որ քվեաթերթիկում երկու թեկնածուի անուն է նշված. ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Նիկոյանի եւ «Ժառանգության» առաջադրած թեկնածու Լարիսա Ալավերդյանի։

Քվեարկեց նաեւ Նիկոյանը։ Քիչ անց պատասխանելով լրագրողների հարցերից մեկին՝ արդյոք իր ընտրությունը ԱԺ խոսնակի պաշտոնում յուրատեսակ պարգեւատրո՞ւմ չէր Մարտի 1-ի հանձնաժողովը գլխավորելու եւ դրա գործունեությունն իշխանության համար բարեհաջող ավարտի հասցնելու համար, Նիկոյանը պատասխանեց.  «Ես բազմաթիվ նման մոտեցումներ լսել եմ։ Մարդ իր կենսագրության մեջ կատարում է բազմաթիվ հանձնարարություններ՝ կուսակցական եւ պետական։ Իսկ եթե ավելի անկեղծ՝ ինձ համար հանրային նշանակություն ունեցող  եւ կարեւորության գործ էր, որովհետեւ ես մեծ հոգի, էներգիա, առողջություն, կամք եմ ներդրել Մարտի 1-ի հանձնաժողովում կատարած իմ գործունեության մեջ»:

Ո՞նց եք նշելու ձեր հաղթանակը հարցին էլ Նիկոյանն արձագանքեց. «Ձեզ հետ միասին, դեկտեմբերին, այստեղ»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է աշխատելու ընդդիմության հետ, ԱԺ նոր նախագահն ասաց. «Խորհրդարանում ես եւս արտահայտեցի կարծիքս. երբ գալիս է նախընտրական տարին՝ որոշակի շեշտադրումներ փոխվում են։ Օրենսդրական աշխատանքին զուգահեռ ավելի ակտիվանում է քաղաքական գործունեությունը եւ, ինչպես հաճախ է լինում,  օրենսդրական աշխատանքը մղվում է երկրորդ պլան եւ առաջ են գալիս քաղաքական տեսակետներ։ Դա պետք է բնական համարել, եթե քաղաքական ուժը խորհրդարանում է՝ նա անպայմանորեն պետք է օգտագործի այդ խոսափողը։ Իհարկե, ես եթե ընտրվեմ ԱԺ նախագահ, բոլոր այդ գործընթացները կպահեմ օրենքի շրջանակներում, բայց նաեւ հասկանում եմ, որ քաղաքական գործոնն ավելանալու է»:

ԱԺ նախագահի քվեարկությանը մասնակցել էին 106 հոգի: Լարիսա Ալավերդյանին «կողմ» էին քվեարկել 4-ը, դեմ՝ 102-ը, Սամվել Նիկոյանին՝ կողմ 102 հոգի, դեմ՝ 4-ը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031