Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներքաղաքական իրավիճակը բնութագրեց հանդարտ ու տոնական: Ասուլիսից հետո Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հանդարտ ու տոնակա՞ն է, երբ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին ակնարկում է, որ կարող է համագործակցել իր հետ, ինչին պատգամավորը պատասխանեց. «Դա ավելի շատ հոգեբանական ներազդեցության որոշակի ոլորտից էր, որը կարող է ե՛ւ ԲՀԿ–ի վրա հոգեբանական առումով որոշակի ազդեցություն թողնել, ե’ւ կոալիցիոն մյուս գործընկերների վրա: Ես այդքան լուրջ չեմ վերաբերվում դրան, որ ինձ թույլ տամ ավելի լուրջ մեկնաբանություններ անել, թե դա ինչ հետեւանքներ կունենա: Որքան ես տեղյակ եմ, ԲՀԿ–ն տեղեկատվություն էր տարածել, որ դա ընդունում են ի գիտություն, մենք առավել եւս դա ընդունում ենք ի գիտություն»:
Լրագրողները Հովհաննես Սահակյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ԱԺ նախագահի պաշտոնի համար Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը անակնկալ չէ՞ր, ինչին նա պատասխանեց, որ ոչ: Խոսակցություններ կար, որ նախագահն այդ պաշտոնի համար կին է փնտրում, ուստի հարցին` հնարավո՞ր է Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը պաշտպանվի` ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնելու եւ միջազգային մարմիններին ինչ-որ բան ապացուցելու համար` պարոն Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՀՀԿ վարկանիշը պետք է Լարիսա Ալավերդյանի ընտրությամբ բարձրանա: Եթե հիշում եք, անգամ Արմեն Մարտիրոսյանը նոյեմբերի սկզբին ասուլիսներից մեկում Սամվել Նիկոյանի մասին կարծիք էր հայտնել, որ միայն նա ունի բավարար փորձ եւ անցած ճանապարհ, որը թույլ կտա Հովիկ Աբրահամյանից հետո պաշտոնավարել: Ուստի այդ, թե ինչի են առաջադրել Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը` նրան հարցրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ