Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան ծնվում է սիրված լինելու պահանջով

Դեկտեմբեր 06,2011 13:54

Երեխա ունենալը խաղ չէ

«Երեխայի կյանքի չծնված ինը ամիսները եւ ծնված առաջին տարին հոգեբանական առումով շատ ավելի կարեւոր են, քան նրա կյանքի հետագա տարիները»,- նշում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Անուշ Նիկոլյանը: Պտուղը բեղմնավորման պահից սկսած, ինչպես նաեւ հղիության ողջ ընթացքում իր վրա կրում է շրջապատի ազդեցությունը. նա սկսում է լսել ու տեսնել դեռ ներարգանդային շրջանում. եթե հղիության ընթացքում հայրը հաճախ խոսի կնոջ «փորիկի» հետ, բալիկը կսկսի ճանաչել նրա ձայնը եւ ծնվելուց հետո արդեն բոլոր ձայների միջից կտարբերակի  հոր ձայնն ու այն իր համար կդառնա  հաճելի եւ հանգստացնող:

Ընտանիքում՝ հղի կնոջ հետ տեղի ունեցող վեճերը, կոնֆլիկտները  ազդում են պտղի վրա ինչպես ներարգանդային, այնպես էլ նորածնային շրջանում: Ծննդաբերությունը ինչպես մոր, այնպես էլ փոքրիկի համար լուրջ սթրես է համարվում: «Ինը ամիս շարունակ պտուղը սովոր է գտնվել որոշակի տարածության մեջ, որտեղ ինքն իրեն հարմար, ապահով է զգում, իսկ ծնվելուց հետո փոխվում են  միջավայրը, զգացողությունները, եւ նա ֆիզիկապես առանձին է մայրիկից, հետեւաբար գտնվում է գերլարված վիճակում, եւ ցանկացած աղմուկ կարող է իր անդրադարձն ունենալ նորածնի վրա»,- ավելացնում է հոգեբանը՝ հավելելով, որ այդ աղմուկը իր անդրադարձը կարող է ունենալ ոչ միայն անմիջապես երեխայի վրա,  նաեւ մոր միջոցով: «Քանի որ նորածնային շրջանում մոր ու փոքրիկի միջեւ դեռ կա հոգեբանական հատուկ կապ  (թեպետ ֆիզիկապես անջատվել են, բայց այդ շրջանում իրենք դեռ մեկ ամբողջություն են), ուստի եթե մայրիկը այդ շրջանում  կոնֆլիկտային է, տագնապալի՝ չի կարող փոքրիկին ապահովել անհրաժեշտ այն հուզական գործոնները, որոնք պետք են նրա լույս աշխարհ գալուց հետո, եւ հետագայում երեխայի մոտ կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ»,- նշում է հոգեբանը:

Ա. Նիկոլյանի խոսքով, երբ երեխան ծնվում է, ունենում է մեկ պահանջ՝ սիրված լինել. «Եթե հատկապես նորածնային շրջանում մայրը փոքրիկին չի գրկում, չի համբուրում, չի խնամում, հետագայում փոքրիկն ունենում է անձի հոգեբանական շեղումներ»: Հոգեբանը այս պարագայում ընդգծում է կրծքով կերակրելու կարեւորությունը ոչ միայն առողջական տեսանկյունից, այլեւ հոգեբանական, քանի որ կրծքով կերակրումը դառնում է մոր եւ երեխայի մեջ երկրորդ պորտալար, որով իրենք կապված են միմյանց հղիության ընթացքում: «Այս դեպքում բալիկը ոչ միայն ուտում եւ կշտանում է, այլեւ զգում, որ իրենք դեռ մեկ միասնություն են, իր մոտ դեռ կա ապահովության զգացողությունը, ինչի բացակայության դեպքում երեխաները հետագայում ունենում են հոգեբանական խնդիրներ ոչ միայն մոր, այլեւ սոցիալական շփումների, իրենց անձի զարգացման հետ կապված»,- մեկնաբանեց հոգեբանը:

Եթե փոքրիկը լարված է, անհանգիստ, անդադար լացում է, իսկ մայրերը այդպես էլ չեն հասկանում՝ որն է պատճառը, հոգեբանը խորհուրդ է տալիս երեխային գրկել այնպես, որ մոր սրտի զարկերն իրեն լսելի լինեն. «Երեխային գրկած քայլեք սենյակով. փոքրիկը կհանգստանա, որովհետեւ նա մեխանիկորեն արդեն ճանաչում է այդ զարկը, քայլելու տեմպը եւ մտնում է նույն՝ իրեն ծանոթ իրավիճակի մեջ, ու նորից իրեն ապահով է զգում»:

Հոգեբանը ծնողներին կոչ է անում՝ անգամ սուր թեմաների մասին փոքրիկի ներկայությամբ խոսել ցածր տոնով, հակառակ դեպքում՝ նրա մոտ առաջանում է զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ: «Եթե հղիության ընթացքում մայրը  լարվում է, նրա մոտ ավելանում են սթրեսային հորմոնները՝ կատեխոլամինները, որոնք պորտալարի միջոցով փոխանցվում են բալիկին, եւ նա այդ սթրեսային հորմոնի ազդեցության տակ սկսում է վատ զգալ իրեն, քաոսային շարժումներ անել, կծկվել»,- ասում է հոգեբանը:

Հոգեբանի ձեւակերպմամբ՝ եթե հղիության ընթացքում մայրերի մոտ ենթագիտակցաբար, իրենց ֆիզիոլոգիական վիճակից ելնելով, կա մայր դառնալու գիտակցությունը, ապա հայրերի մոտ դա մի փոքր ավելի լուրջ խնդիր է, քանի որ իրենց մոտ ֆիզիոլոգիապես որեւէ փոփոխություն չի լինում, ուղղակի անցնում է ինը ամիս, եւ իրենք արդեն հայր են: «Հաճախ հայրերի մոտ այդ գիտակցությունը առաջանում է միայն երեխային գրկելուց հետո, ուստի լավ կլինի, որ հայրիկներն իրենց կանանց հետ գնան կոնսուլտացիայի,  սոնոգրաֆիայի միջոցով լսեն փոքրիկի սրտի զարկերը, որպեսզի ավելի մոտ լինեն իրենց բալիկին»,- հավելեց Ա. Նիկոլյանը՝ ապագա ծնողներին խորհուրդ  տալով երեխա ունենալուց առաջ լավ մտածել, որովհետեւ երեխա ունենալը խաղ չէ, եւ եթե փոքրիկը ծնվել է, ուրեմն այսուհետեւ իրենք պատասխանատուն  են նրա համար. ծնողները պետք է նախապես «կարգի բերեն» իրենց ընտանեկան վիճակը, գնան ոչ միայն առողջական ստուգման, այլեւ կարգավորեն իրենց հոգեբանական վիճակները:

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031