Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շիրակը» տարիքն առած աֆրիկացիների չի հյուրընկալի

Դեկտեմբեր 06,2011 13:51

 ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերը փորձում է հայրենի ֆուտբոլը զարգացնել սեփական կադրեր պատրաստելով  

Երկու օր առաջ Գյումրիում հրավիրած հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտքեր հայտնեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր, հայտնի գործարար Արման Սահակյանը:

Ապրանքների եւ խմիչքների ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ՍՊԸ-ի, «Պրեսս ստենդի» ու մի շարք ԶԼՄ-ների հիմնադիրը այս ֆուտբոլային ակումբը ձեռք բերեց անցած տարվա օգոստոսին ու նույն տարում էլ հռչակվեց «Գյումրու տարվա մարդ»: Նրա խոսքերով՝ ակումբի սեփականատիրությունը թեեւ իրեն ֆինանս չի բերում, այդուհանդերձ, ֆուտբոլի զարգացման համար հսկայական ներդրումներ է կատարում՝ հույս փափայելով, որ մի օր այստեղից էլ եկամուտ կստանա: Ասուլիսի սկզբում խոսվեց կադրերի մասին: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է գործարարը արտասահմանից ֆուտբոլիստների հրավիրում. մի՞թե Հայաստանում կադրեր չկան, ասաց. «Ո՞վ ասաց՝ տեղում կադրեր չկան, 400 պարապող երիտասարդներ ունենք, կան, իհարկե, բայց աշխարհում ընդամենը մի թիմ կա՝ Բիլբաոյի «Ատլետիկը», որտեղ խաղում են միայն տեղացիները, բայց էդ թիմը 10-րդ տեղից առաջ չի գնում սովորաբար: Ես չեմ կարծում, որ գյումրեցիները այդպիսի թիմ են ուզում ունենալ: Մեզ պետք է մարտունակ, ուժեղ թիմ, իհարկե, տեղի կադրերով, բայց դե բնական է, ինչքան էլ դպրոցը լավ աշխատի, ինչ-որ տեղերում թույլ օղակներ մնում են, որը պատրաստվում ենք համալրել արտասահմանցի ֆուտբոլիստներով»:

Արման Սահակյանը նաեւ ասաց, որ չեն պատրաստվում Գյումրի հրավիրել երեսունն անց ինչ-որ աֆրիկացի ֆուտբոլիստների, այլ կհրավիրեն ավելի ջահել՝ 20-21 տարեկան տղաների, որոնք կկարողանան գործին օգուտ բերել ու Հայաստանից էլ կուղարկեն Եվրոպա: «Երբ որ կան դրսից ուժեղ ֆուտբոլիստներ, տղաները լավ են խաղում, եթե մեկ ուրիշ ֆուտբոլիստը թիմի մակարդակը բարձրացնում է, բնական, լավ պրոցես է»,- ասաց Արման Սահակյանը՝ մատնանշելով, որ իրենց միակ լեգեոները՝ Յորո Լամին, ով ուժեղ խաղացող է, անչափ սիրված է թիմի կողմից: Գործարարը ներկայացրեց նաեւ առաջիկա պլանները, օրինակ՝ տեղեկացրեց, որ Գյումրու Մուշ թաղամասում ՀՖՖ-ի կողմից ֆուտբոլային ակադեմիա է կառուցվում, վերանորոգվում է մարզադաշտը: «Առաջին գործը, որ արեցինք, մարզադաշտի վերանորոգումն էր, դա երկար պրոցես է, չեմ էլ խոստացել, որ շուտ կավարտենք, բայց գլխավորը խոտածածկի խնդիրը լուծելն է: «Հրազդանից» միշտ ասում են, որ 71 թվից խոտածածկը չի փոխվում, այսինքն, դա ամենաերկարատեւ ու ամենադժվար խնդիրն է, դրանից հետո կսկսենք մարզադաշտի մյուս մասերը վերակառուցել: Շինարարական աշխատանքները կարող են 1,5 տարի տեւել»,- ասում է սեփականատերը: Նրա երկրորդ գործը եղել է Գյումրու քաղաքապետարանի ձեռքից ֆուտբոլի դպրոցի կառավարումը վերցնելը. արդեն 370 պարապող երիտասարդներ ունեն, փորձում են միջազգային չափանիշներին համապատասխան մարզչական աշխատանք ներդնել ու լավացնել պայմանները: Գործարարի տեղեկացնելով, սկսել են համագործակցել նաեւ ռուսական ու եվրոպական մի շարք կառույցների հետ, իրենց մարզիչները պատրաստվում են գնալ Ֆրանսիա՝ վերապատրաստման: «Չգիտեմ գիտե՞ք, թե չէ, ֆեդերացիայի կողմից ֆուտբոլային ակադեմիա է կառուցվում: Այնտեղ լինելու է Հայաստանի առաջին արհեստական դաշտը՝ տաքացումով: Հայաստանում երկու արհեստական խոտածածկով դաշտ կա, բայց սա լինելու է միակը, որ կտաքացվի, այսինքն, ձմռան պայմաններում մանկապատանեկան թիմերը՝ թե «Շիրակը», թե «Շիրակ 2»-ը կարող են նորմալ պարապմունքներ անցկացնել: Բացի այս, կառուցվելու է եւս 4 դաշտ: Այսինքն՝ կլինի բացառիկ կառույց մարզերից միակում: Մայիսին առաջին դաշտը կլինի պատրաստ՝ խաղալու համար, եւ, բնականաբար, պատանի ֆուտբոլիստների թիվը 400-ից էլ կավելանա, աշխատանքների որակն էլ բավականին կլավանա: Արդյունքում կունենանք ավելի լավ ֆուտբոլիստներ»,- հույս է հայտնում գործարարը: Ըստ նրա, տարվա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ «Շիրակ» ֆուտբոլային թիմը 12 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ:

Ի դեպ, Արման Սահակյանը պատրաստվում է պատգամավորության թեկնածու առաջադրվել Գյումրիից՝ ընտրապայքարի մեջ մտնելով ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031