Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ արհեստավարժ իրավաբանը չարիք է

Դեկտեմբեր 06,2011 13:42

Բարձրագույն կրթության աջակցության միջազգային ծրագրի (HESP) նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում ս.թ. նոյեմբերի 25-ին կայացած «Սահմանադրական իրավունքի արհեստավարժ դասավանդման մասին» թեմայով կայացած  գիտաժողովը նվիրված է եղել ՌԴ-ում գործնական պահանջներին լիարժեք բավարարող արհեստավարժ իրավաբանների պատրաստման խնդրի քննարկմանը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ԵՊՀ-ից գործուղված «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեվորգ Դանիելյանը:

 -Պարոն Դանիելյան, դատելով Երեվանի պետական համալսարանի կայք-էջի տեղեկատվությունից, գիտաժողովը նվիրված է եղել կոնկրետ Ռուսաստանի Դաշնության բուհերում արհեստավարժ իրավաբանների կրթության խնդրին, այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված մեր հանրապետության ներկայացուցչի մասնակցությունը: Ի դեպ, այդ խնդիրը նույն կերպ արդիական չէ՞ նաեվ մեր երկրում:

-Տվյալ դեպքում հաշվի առնելով համագործակցության ձեվավորված ավանդույթները եվ Երեվանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի, ինչպես նաեվ Ղազախստանի պետական համալսարանի նույնանուն ֆակուլտետի` ուսումնասիրության արժանի փորձը, գիտաժողովին հրավիրված են եղել ներկայացուցիչներ նաեվ այդ համալսարաններից: Ընդ որում, հիմք է ընդունվել միջոցառման նախաձեռնող միջազգային կազմակերպության` HESP-ի դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է քննարկվող ոլորտում իրավիճակի համընդհանուր լինելուն, ապա դժվար է Ձեզ հետ չհամաձայնել: Հենց այդ խնդիրների շուտափույթ ու արդյունավետ լուծմանն են ուղղված կոնկրետ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի շարք նախաձեռնություններ: Մասնավորապես, ավելի քան 10 տարի ֆակուլտետում գործում է ուսանողական իրավախորհրդատվական ծառայությունը` Իրավաբանական կլինիկան, որն անվճար հիմունքներով իրավաբանական խորհրդատվություն եվ դատական ներ¬կայա¬ցուցչություն է ապահովում սոցիալապես անապահով խավերին: Բացի այդ, գործում է  դատախաղերի համար արդի տեխնիկական միջոցներով հագեցած դահլիճ, մշակվել են հատուկ դասընթացներ, որոնց դասավանդումն իրականացվում է գիտամանկավարժական աշխատանքի մեծ փորձ ունեցող պրակտիկ աշխատողների միջոցով, ուսուցման ծրագրերը հարստացվել են գործնական ունակություններ զարգացնող մեթոդաբանությամբ եվ այլն: Այս ամենը, ինչ խոսք, խթանում է ուսանողների մոտ տեսականի հետ մեկտեղ նաեվ գործնական հմտությունների ձեվավորումը:

-Ի՞նչ մոտեցումներ կան իրավաբանների արհեստավարժությունը պատշաճ որակի հասցնելու խնդրի լուծման առնչությամբ:

–Մոտեցումները դեռեվս խիստ իրարամերժ են. դասախոսների մի մասը հակված է այդ խնդրի լուծման գրավականը համարել բացառապես ակադեմիական գիտելիքների ուսուցանումը, համարելով այդ մեթոդաբանությունը արհեստավարժությունը խորացնելու միջոց, մինչդեռ` դասախոսների երիտասարդ հատվածը հոռետեսական տրամադրություններ են տածում հիշյալ մեթոդի նկատմամբ եվ գտնում, որ արհեստավարժության գրավականը բացառապես գործնական ունակությունների ու հմտությունների ձեվավորումն է:

Կարծում եմ, այս երկու տեսակետներն էլ գոյության իրավունք ունեն, սակայն լուծումը հենց այդ մեթոդների խելամիտ ներդաշնակության մեջ է: Վերջին հաշվով, չենք կարող անտեսել, որ գործնական հմտություններն արդյունավետ ձեվավորվում են միայն անհրաժեշտ ակադեմիական գիտելիքների հենքով: Պարզապես պետք է համակարգված ու համալիր ուսումնասիրությունների արդյունքում պարզել նշված գիտելիքների ճշգրիտ շրջանակները եվ դասավանդման առավել ընդունելի մեթոդները:

Ներկայումս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում որդեգրված քաքականությունը միտված է գործնական ունակությունների զարգացմանը, հատկապես, բակալավրիատում, իսկ արդեն մագիստրատուրայում` նախապատվությունը տրվում է հետազոտական, վերլուծական եվ ստեղծագործական հմտությունների բացահայտմանն ու համակողմանի կատարելագործմանը:

 

-Արդյո՞ք միայն դասավանդման նոր մեթոդների ներդրմամբ հնարավոր կլինի լուծել արհեստավարժ իրավաբաններ պատրաստելու խնդիրը: Իրենք` ուսանողները, զուտ հոգեբանական տեսանկյունից պատրա՞ստ են այդպիսի ծանրաբեռնվածության:

-Նախ, երբեք չի կարելի շեշտադրում անել անհիմն ծանրաբեռնվածության վրա: Մյուս կողմից՝ խնդիրը միայն դասավանդման որակը չէ, առավել մեծ արժեք ունի արդարացի պահանջարկի ձեվավորման գործոնը. քանի դեռ ուսանողը վստահ չէ, որ աշխատանքի անցնելու եվ գործնականում առաջխաղացման գրավականն իր գիտելիքներն ու արհեստավարժությունն են լինելու, չի կարելի ակնկալել ուսման նկատմամբ համարժեք վերաբերմունք: Կադրային քաղաքականության որոշ ձեվախեղումների բացասական դրսեվորումները չեն սահմանափակվում միայն պետական ապարատի շրջանակներով, դրանք ունեն տարաբնույթ ներազդեցություն, որոնցից մեկն էլ կրթության նկատմամբ անհրաժեշտ ազդակի նվազումն է:

Ցավոք, մասնավոր սեկտորում եվս այս երեվույթներն անպակաս չեն, քանզի բարոյահոգեբանական մթնոլորտը եվ ձեռնարկատիրական շահերի անհամարժեք ընկալման ներկայիս դրսեվորումները դեռեվս ոչ միշտ են «պարտադրում» ձեռնարկատիրոջը, որպեսզի վերջինս նախապատվությունը տա առավելապես արհեստավարժ, պիտանի մասնագետներին: Թեպետ, բոլորս ակնկալում էինք, որ գոնե մասնավոր սեկտորում կգործի բացառապես արհեստավարժությանը նախապատվություն տալու չափանիշը: Սա, ի դեպ, խոսում է նաեվ մեկ այլ բացասական երեվոււյթի մասին. տնտեսավարող սուբյեկտները իրենց նկատմամբ կիրառվող վարչարարությամբ պատճառված վնասի հետ կապված խնդիրները գերադասում են լուծել ոչ թե զուտ իրավական լծակներով, այլ` ստվերային տրամաբանությամբ, որի դեպքում արդեն արհեստավարժ իրավաբանն անելիք չունի: Ինչեվէ, այս խնդրին բազմիցս հրապարակայնորեն անդրադարձել եմ, ուստի սահմանափակվենք այսքանով:

Մյուս կողմից, բարձրակարգ իրավաբան լինելու ձգտումը շատ ուսանողների մոտ այնքան կայուն է, որ հասարակական կյանքի որեվէ բացասական երեվույթ չի կարող հուսախաբ անել նրանց: Այնուամենայնիվ, չի կարելի լուրջ ծրագրեր կառուցել սոսկ կամային ու զգացմունքային որակների հաշվառմամբ:

-Գաղտնիք չէ, որ մարդկային ճակատագրերի հետ անմիջական առնչություն ունեցող պաշտոնյան կամ փաստաբանը չարիք է, եթե պատշաճ չի տիրապետում իր մասնագիտությանը:

-Իհարկե, ներկայումս տարաբնույթ վերապատրաստման ծրագրերով նկատելի քայլեր են արվում հանրային ծառայողների մասնագիտական ունակությունները բարելավելու ուղղությամբ, որոնց ուղղվում են մեծ ֆինանսական միջոցներ: Սակայն այդ ոլորտում առկա են դեռեվս խորհրդային իրավական համակարգից ժառանգություն մնացած երեվույթներ, որոնք էապես խոչընդոտում են վերապատրաստման ինստիտուտի կայացմանը:

Այսպես, մտահոգող է, որ եղած մարդկային եվ ֆինանսական ռեսուրները միավորելու եվ առավել արդյունավետ օգտագործելու փոխարեն, դեռեվս իրավաչափ է համարվում յուրաքանչյուր գերատեսչության շրջանակներում վերապատրաստման ինստիտուտների եվ զանազան այլ հրապուրիչ անվանումներով կառույցների առկայությունը: Ի դեպ, նաեվ այս փաստարկը հաշվի առնելով էր, որ ժամանակին նախաձեռնեցի դատական դպրոցի եվ դատախազության դպրոցի միավորման գործընթացը, ինչն արժանացավ հանրապետության նախագահի միանշանակ հավանությանը: Բավարար չի կարող համարվել նաեվ այդ կառույցներում մշակված ծրագրերի որակը: Նկատի ունեմ այն, որ դրանց մի խոշոր հատվածը նվիրված է այնպիսի թեմաների, որոնք արդեն իսկ անհրաժեշտ խորությամբ ուսումնասիրվել են բուհերում, ինչը, իմ խորին համոզմամբ, պայմանավորված է ինչպես այդպիսի ծրագրեր կազմելու չափանիշների ու արհեստավարժության բացակայությամբ, այնպես էլ` անհրաժեշտ դասավանդողների պակասով:

– Պարոն Դանիելյան, մի ցավոտ հարց էլ. արհեստավարժության մասին ցանկացած խոսք կարող է արժեք ունենալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը վստահ կլինի, որ կոռուպցիոն երեվույթները արմատացած չեն կրթության համակարգում:

-Հասարակությունը վստահ լինի, երբ հենց ինքը ձեռնպահ մնա կոռուպցիոն երեվույթներին հետեվողականորեն «աջակցելուց». վերջին հաշվով, կոռուպցիան հնարավոր է դառնում միայն այն դեպքում, երբ ուսանողների ծնողներն իրենք են նախապատվելի համարում ապօրինի եղանակներով իրենց երեխաներին նախ բուհ ընդունելը, ապա նաեվ նրանց առաջադիմության խնդրի լուծումը: Համոզված եմ, որ ընդունելության համակարգի կատարելագործումը, գիտելիքներով հարուստ ուսանողների մուտքը բուհ արդեն իսկ զգալիորեն կնվազեցնի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Իհարկե, խոսքս բնավ շորթման դեպքերի մասին չէ, որը բարդ, իսկ երբեմն էլ անելանելի վիճակի մեջ է դնում ուսանողին: Թեեվ կարող եմ վստահաբար փաստել, հաշվի առնելով նաեվ դասավանդման անձնական փորձս, որ գոնե ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այդ խիստ բացասական երեվույթն իսպառ բացակայում է:

Այնուամենայնիվ, չէի ցանկանա այն տպավորությունը ստեղծել, թե հիշյալ արատավոր երեվույթների պատասխանատուն միայն ուսանողությունն է: Կարծում եմ, զուտ կազմակերպական միջոցներից զատ, հարկ է հնարավորինս համարժեք լուծել դասավանդման համար պատասխանատու անձանց սոցիալական ու նյութական ապահավության խնդիրները, ընդ որում, դրանց աղբյուրը չպետք է լինի միայն ուսման վարձավճարը: Հարկ է էլ ավելի կատարելագործել այն ընթացակարգերը, որոնք հնարավորինս մեղմում են ուսանողների գիտելիքների գնահատման գործընթացում սուբյեկտիվ գործոնները եվ այլն: Որպես օրինակ, կարող եմ վկայակոչել վերջին 2-3 տարիների ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ձեռնարկված գործնական քայլերը, ինչի արդյունքում բոլոր գրավոր քննություններն անցկացվում են բացառապես թեստերի կամ խնդիրների ձեվով, իսկ բանավոր ստուգումները թե՛ ստուգարքային եվ թե՛ քննական առարկաներից` տվյալ կուրսի կամ հոսքի բոլոր ուսանողների ներկայությամբ ու դասախոսի եվ սեմինարավարների մասնակցությամբ, ինչը նկատելի չափով նվազեցնում է գիտելիքների գնահատման գործում սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը:

Կարող եմ ասել, որ դա լուրջ ու համակողմանի ներգործություն պահանջող խնդիր է, իսկ տարաբնույթ ինտրիգային տհաճ նախաձեռնությունները (լուսանկարների տարածում, վերացական ելույթներ եվ այլն) վստահություն չեն ներշնչում եվ առավելապես միտված են ինչ-ինչ խմբային շահերին ու պատվերներին հագուրդ տալուն: Այդպիսի գործելաոճը վկայում է ոչ այնքան երեվույթի մեջ խորանալու եվ այն արմատախիլ անելու կամքի, որքան` հենց այդ խնդրի լուծումից շեղվելու եվ այն լուծելու մեծ ցանկության սոսկ պատրանք ձեվավորելու մասին:

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031