Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջակա միջավայրը աղտոտող երկրները չեն կարող ձեւավորել կայուն զարգացում»

Դեկտեմբեր 06,2011 13:29

«Առավոտի» հարցազրույցը GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքբեթ Ֆորբսի հետ

Կլիմայի փոփոխությունները, շրջակա միջավայրի համատարած աղտոտվածությունը եւ բնական պաշարների արագընթաց վերացումը այն լուրջ խնդիրներն են, որոնք առաջացել են մարդու գործունեության արդյունքում: Մի կողմից՝ այս խնդիրները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, մյուս կողմից էլ՝ հենց տնտեսությունն է որոշ առումով ազդում շրջակա միջավայրի վրա: Մինչդեռ կայուն էկոնոմիկայի համար պետք է հիմք ծառայի բնական պաշարներին, կլիմային չվնասող տնտեսությունը: Այս գաղափարները խթանելու նպատակով այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GTZ) կազմակերպում է «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը:

– Պարոն Ֆորբս, որո՞նք են GTZ-ի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում:

– GTZ-ը գերմանական տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության առաջադրանքով աջակցում է Հայաստանին իրականացնելու տնտեսական, արդյունավետ կառավարման, բնապահպանական եւ իրավական բարեփոխումներ: Մեր կազմակերպությունը համագործակցելով հայաստանյան բոլոր պետական կառույցների հետ՝ նպատակ ունի ստեղծել տնտեսապես ավելի կայուն եւ զարգացած համակարգ:

– Ո՞րն է «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական ֆորումի նպատակը:

– Համաժողովի ամբողջ գաղափարն այն է, որ կառավարությունները հասկանան՝ միայն պատասխանատու տնտեսական գործունեություն իրականացնելով է հնարավոր ունենալ կայունություն: Արագ, հեշտ եւ մեծ շահույթ ստանալու նպատակով սեփական շրջակա միջավայրը աղտոտող պետությունները չեն կարող ձեւավորել կայուն զարգացում: Նույնը վերաբերում է մասնավոր հատվածին:

Շրջակա միջավայրին առնչվող խնդիրները ուղղակիորեն կապված են հասարակության, պետության եւ վերջապես սերունդների առջեւ պատասխանատվության հետ: Մի կողմից՝ այս հասկացությունները շատ վերացական են թվում, սակայն զարգացած պետությունների պատմությունը ցույց է տալիս, որ պատասխանատվության այս մոդելները չափազանց կարեւոր են ապագայի համար:

– Կարո՞ղ եք նշել աշխարհում մի զարգացած պետություն, որը ունի չափազանց աղտոտված շրջակա միջավայր:

– Ոչ, քանզի զարգացվածության չափանիշներից ամենակարեւորն էլ «կանաչ տնտեսությունն է»: Այս թեման ներկայում գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Հենց այս պահին Հարավային Աֆրիկայում՝ Դուրբանում, ընթանում է ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների գագաթաժողովը, որին մասնակցում են աշխարհի 191 երկրների ներկայացուցիչներ: Իսկ հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունենալու, այսպես կոչված, երկրի գագաթաժողովը, որը մի կողմից՝ կենտրոնանալու է կայուն զարգացման եւ աղքատության կրճատման վրա, եւ մյուս կողմից՝ կայուն զարգացման ինստիտուցիոնալ ասպեկտների վրա: Ես կարող եմ վստահաբար ասել, որ հաջորդ տասնամյակներում կանաչ տնտեսությունը լինելու է մարդկության առաջնային թեմաներից մեկը, եթե ոչ՝ ամենակարեւորը:

– Ի՞նչ եք կարծում, «Կանաչ տնտեսությունը» սահմանափակո՞ւմ, թե՞ ընդարձակում է որեւէ ձեռնարկության կամ պետության տնտեսական շահութաբերությունը:

– Այն պետությունները կամ կազմակերպությունները, որոնք ստիպված են ինչ-ինչ պատճառներով դեմ գնալ կանաչ տնտեսության հիմնական փիլիսոփայությանը, տուժելու են ապագայում: Վստահաբար կանաչ նշանակում է՝ կայուն, իսկ կայուն նշանակում է՝ զարգացած: Որքան շուտ որեւէ պետություն կամ ձեռնարկություն հասկանա սա, այնքան հեշտ այն կդիմակայի ապագա մարտահրավերներին: Ահա GTZ-ն իր գործընկեր երկրների հետ խթանում է էկոբիզնեսի հնարավորություններն ու ներուժը, քաջալերում կայուն արտադրության ու սպառման մոդելների ստեղծումը: Համապարփակ լուծումների հետ, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին, այս ամենը տանում է դեպի պատասխանատու տնտեսական գործունեություն՝ ճանապարհ բացելով ավելի բարեկեցիկ ապագայի համար:

– Իբրեւ միջազգային կազմակերպության ղեկավար՝ Դուք գո՞հ եք Հայաստանում իրականացվող բարեփոխումներից:

– Մենք Հայաստանի կառավարության հետ բավականին արդյունավետ ենք համագործակցում իրավական, բնապահպանական եւ համայնքային զարգացման ուղղություններով: Հայաստանում բարեփոխումները ընթանում են բավականին դանդաղ, սակայն պետք է նշեմ, որ վերջիններս բավականին հաստատուն են եւ համապատասխանում են մեր համագործակցության ոգուն: Ապագայում մենք կուզենանք Հայաստանում իրականացնել ավելի շատ ծրագրեր եւ ավելի շատ աջակցել Հայաստանին: Սա կախված է նաեւ այն հանգամանքից, թե որքանով է ձեր երկիրը պատրաստ այդ փոփոխություններին: Սակայն մենք քաղաքական կամք տեսնում ենք եւ լավատես ենք:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031