Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ երկրից արտագաղթ չի լինում, ընդհակառակը՝ ներհոսք է լինում

Դեկտեմբեր 06,2011 13:22

Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը

Կարինե Հակոբյանը, որը մասնագիտությամբ բանասեր է, ոչ ֆինանսիստ լինելով՝ մի պարզ հաշվարկ է կատարել եւ համոզվել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցները ծախսվում են անխնա եւ անարդյունավետ, իսկ որ ամենակարեւորն է՝ անարդար:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Հակոբյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բյուջեի փաստաթղթում անորոշ ծախսերի անվան տակ մեծ գումարներ են ֆիքսված, իսկ կոնկրետ խնդիրների համար հատկացված գումարները շատ ավելի փոքր են. «Երբ նայում ես այդ փաստաթուղթը, շատ ակնհայտ ձեւով, սեւով սպիտակի վրա գրված տեսնում ես գումարների յուրացման եւ փոշիացման բոլոր ճանապարհները: Օրինակ՝ ամբողջ հանրապետությունում մաքուր աշխատավարձին, որը որոշակի ծախս է, 1 տրիլիոն 44 միլիարդ դրամ կազմող ծախսերի մեջ ընդամենը 75 միլիարդ է հատկացված, փաստորեն, եթե Հայաստանում ոչ միայն նվազագույն, այլեւ բյուջետային բոլոր աշխատավարձերը եռապատկվեն, կծախսվի ընդամենը լրացուցիչ 150 մլրդ դրամ: Կոռուպցիոն ռիսկերով լեցուն դրամաշնորհներ բաշխելու փոխարեն, կարելի էր ուղղակի ի սկզբանե ավելի մեծ գումար հատկացնել համայնքային բյուջեներին, ինչպես նաեւ աշխատավարձերին»:

Ըստ Կարինե Հակոբյանի, յուրաքանչյուր նախարարություն, երբ ոլորտ առ ոլորտ ներկայացնում է իր ծախսերը բյուջեում, ակնհայտ երեւում են գումարների փոշիացման հնարավորությունները. «Եթե ես եմ դա նկատում, ապա դա նկատում է նաեւ վարչապետը, նաեւ ֆինանսների նախարարը: Ուստի այս ամենաթողության պայմաններում խոսել բյուջեի մուտքերի ավելացումից, ուղղակի անիմաստ է, քանի որ այդ ավելացումն էական ոչին չի տա, քանի որ նման է անտակ տակառի՝ ինչքան լցնես, միեւնույն է՝ այդ տակառը դատարկ կմնա: Խնդիրը շատ հստակ է, քանի դեռ կայացած չէ մեր քաղաքական համակարգը, եւ չկա այն պատասխանատվությունը, որը թույլ չէր տա այսպիսի բյուջե գնար Ազգային ժողով եւ հաստատվեր ԱԺ-ում, իսկ ընդդիմությունը ԱԺ-ում չունի այդ ուժը, որպեսզի կարողանա մերժել այս բյուջեն, ապա հաջորդ բյուջեն նույնպես կլինի այսպիսին, դեռ ավելի խորացած խնդիրներով»: Մեր զրուցակցի համոզմամբ, այս տարվա բյուջեն բնական եւ տրամաբանական շարունակությունն է նախորդ տարիների բյուջեների. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքում ոչինչ չի փոխվել, իսկ բյուջեն մի իրավական, ֆինանսական փաստաթուղթ է, որն արտացոլում է մեր իրականությունը: Երբ կարդում ենք ուղերձը, որը բյուջեի գաղափարախոսությունն է, առաջինը, ինչը մեզ զարմացնում եւ վրդովեցնում է, դա հենց առանցքում դրված կեղծիքն է: Իմ խորին համոզմամբ, երբ ներկայացնում են մի փաստաթուղթ, որի հիմքում արդեն սուտ տեղեկատվություն է, այդ փաստաթուղթը պետք է ոչ թե քննարկել, այլ վերադարձնել: Այդ տեքստը մեզ հիշեցնում է խորհրդային շրջանի լճացման տարիները, երբ սկսեցին քողարկել խնդիրները, որոնք դրա հետեւանքով ավելի խորացան, եւ բոլորս գիտենք, թե դա ինչի հանգեցրեց»:

Այդուհանդերձ, «Ժառանգության» քարտուղարը համոզված է, որ այս բյուջեն հաստատվելու է Ազգային ժողովում, որովհետեւ ամբողջ քաղաքական տարածքը զբաղեցված է իրենցով, ընդդիմությունը զրկված է աշխատելու, վերահսկելու եւ մերժելին չընդունելու լծակներից, որի արդյունքում հնարավոր է դառնում Ազգային ժողով ներկայացնել մի բյուջե, որն իր բնույթով հակասոցիալական է եւ հակապետական:

«Սա մի մեծ քայլ է դեպի հետ, մի քայլ, որը վտանգում է մեր ապագան: Այս բյուջեն ընդունել նշանակում է հաշտվել երկիրը դեպի կործանում տանող քաղաքականության հետ»: Տիկին Հակոբյանի կարծիքով, խնդիրը քաղաքական լուծում է պահանջում. «Պատրանք են ստեղծում, որ ամեն ինչ լավ է, երկիրը զարգանում է: Սակայն իրականում հակառակն է: Ընդհանրապես իրավիճակի ամենաբնորոշ ցուցանիշը այն է, թե արդյոք երկրի բնակչությունն ավելանո՞ւմ է, թե՞ նվազում: Լավ երկրից, եթե կա տնտեսական աճ, ոչ ոք չի հեռանում, ընդհակառակը՝ ներհոսք է լինում»:

Ինչ վերաբերում է բյուջեում հարկային մուտքերն ավելացնելուն, ապա Կարինե Հակոբյանը գտնում է, որ նախ պետք է հնարավորություն տալ փոքր եւ միջին բիզնեսին ոտքի կանգնել, զարգանալ եւ հետո միայն հարկեր պահանջել. «Այսինքն՝ սկզբից տուր հնարավորություն, որ եկամուտ ունենա, շահույթ ունենա, որպեսզի հետո դու նրանից կարողանաս հարկեր վերցնել: Բայց երբ դու ոտքի չկանգնած տնտեսությունը ոչնչացնում ես, ումի՞ց ես հարկեր պահանջելու: Այսօր մեծ բիզնեսն իր ճանապարհին պարզապես ոտնատակ է տալիս փոքր եւ միջին գործարարներին: Այսպես շարունակվելու դեպքում ասպարեզում միայն խոշոր բիզնեսը կմնա, որն էլ, լինելով սերտաճած իշխանության հետ, կշարունակի հարկեր չվճարել: Այսինքն՝ մեզանում խնդիրը ոչ թե օրենսդրական է, այլ՝ քրեական. նրանք հարկեր չեն վճարում ոչ այն պատճառով, որ հարկերը ցածր են, այլ նրանք խուսափում են հարկերից, որովհետեւ անպատիժ են մնում, որովհետեւ սերտաճած են իշխանությանը»:

Նշենք, որ բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Ժառանգության» գրասենյակ հրավիրված մասնագետները մատնանշել են մի շարք հնարավորություններ՝ հարկային մուտքերը ավելացնելու: Տիկին Հակոբյանը դրանցից հատկապես առանձնացնում է հանքարդյունաբերությունը, որը հարկային դաշտ բերելով՝ ոչ միայն բնապահպանական շատ հարցեր կլուծվեն, այլեւ էականորեն կփոխվի բյուջեի եկամուտների պատկերը: Սակայն, նրա կարծիքով, դա չէ կարեւորը, այլ այն, թե ինչպես են ծախսվում այդ գումարները. «Ամենից կարեւորը բյուջեի ծախսերի բովանդակությունն է: Իմ խորին համոզմամբ՝ այս բյուջեն իր գրեթե երկու երրորդ մասով չի ծառայում պետական, հասարակական կարիքներին, քանի որ այն լեցուն է կոռուպցիոն ահռելի հնարավորություններով»:

Տիկին Հակոբյանը մի դիտարկում էլ ունի. «Տարիներ շարունակ մեր ականջին թմբկահարում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, բայց իրենք ինչ աստիճան չեն հասկանում, թե ինչ է պետական բյուջեն, որ այդպիսի բան են ասում: Պետական բյուջեն ուրիշ ի՞նչ կարող է լինել, բացի սոցիալականից»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031