ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ որեւէ մեկը թիկնապահներ պահելու հարցում արտոնյալ չի լինելու:
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսելով «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագծի մասին, նշեց, թե այն անձը, որը կխախտի օրենքը՝ մեկից ավելի տրանսպորտային միջոցի ուղեկցությամբ կամ մեծաքանակ թիկնապահներով կշրջի` կտուգանվի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Aravot.am-ի հարցին`ձեր կարծիքով, այն օլիգարխը, որն իրեն կարող է թույլ տալ 10-15 թիկնապահ ունենալ, այդ տուգանքից կխուսափի՞` պարոն Սահակյանը պատասխանեց. «Անկախ տուգանքից, չեմ կարծում, որ օրենքի ընդունումից հետո որեւէ մեկն իրեն թույլ կտա այդ սահմաններն անցնել»:
Հասարակության մեջ շրջանառվում է այն կարծիքը, որ թիկնապահների քանակը սահմանափակել են ճիշտ այնպես, ինչպես բազմակնությունը` եթե արգելվում է քրիստոնյա հայերին մեկից ավելի կին ունենալ, ապա քրիստոնյա օլիգարխներին թույլ չեն տալիս 3-ից ավելի թիկնապահ ունենալ: Ասուլիսից հետո մեզ հետ զրույցում պատգամավորը պատասխանելով մեր այս դիտարկմանը, նշեց. «Հաշվի առնելով բազմակնության եւ քրիստոնեական հոգեւր գաղափարախոսությունը` շատ եք սրբացնում այս ոլորտը: Այս 1 տարվա ընթացքում մենք զրուցեցինք ոլորտի մասնագետների հետ, հասկացանք, որ երբ կա իրական վտանգ, 3 կամ 10 հոգի կամ 100 հոգանոց զորք չի կարող չեզոքացնել այն: Կարող է աշխատել, ենթադրենք, դիպուկահար, եւ որեւէ թիկնազոր չի կարող չեզոքացնել այդ վտանգը, եթե չլինի ճիշտ տեղեկատվություն: Ընդամենը սա անվտանգ տեղաշարժ ապահովելու, որոշակի վտանգներ չեզոքացնելու խնդիր է դնում»: Մեր հարցին` ինչպե՞ս պետք է վերհսկվի, որ օլիգարխը չթաքցնի իր թիկնապահներին, որովհետեւ բռնացնելու դեպքում կարող է ասել, թե սուրճ եփողս է հետս, կամ քարտուղարս է, ո՞վ կարող է ապացուցել հակառակը, պատգամավորը պատասխանեց. «Եթե անձը շրջում է մոտ 5 մեքենայով եւ հասարակության մեջ տարբեր տեղերում նույն մեքենաներով է, դա արդեն ակնհայտ է, ոստիկանության օպերատիվ հետախուզության մարմինները կարող են այդ տեղեկատվությունը հավաքել ու ներկայացնել: Չեմ կարծում, որ, ենթադրենք, անձը կարող է թաղում կամ հարսանիք գնալ 3 մեքենայով, սա պետք է առիթ հանդիսանա, որ մենք ասենք` ա’յ, տեսեք, այսինչ անձը հարսանիք գնաց 4-5 մեքենայով: Խնդիրը վերաբերում է ամենօրյա աշխատանքին, որը ակնհայտ է, բոլորի աչքի առաջ»: Ենթադրենք, Սամվել Ալեքսանյանը մի տեղ է գնում եւ հասարակությունն արձանագրում է, որ նա մի քանի մեքենաներով է եւ մի քանի ուղեկցողներ ունի` դա դեռ հիմք չէ՞ նրան մեղադրելու, որ խախտել է օրենքը. «Եկեք անուններով շեշտադրում չանենք, որեւիցե մեկը այս առումով արտոնյալ չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ