Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան սխալ է»…

Դեկտեմբեր 06,2011 13:14

 Վ. Սարոյանի այս խորիմաստ խոսքերը, թերեւս, կարելի է վերագրել մեր մշակութային այն օջախներին, որոնք հանդիսատեսի կամ ունկնդրի խնդիր ունեն։ Ես կխոսեմ թատրոններից ամենամեծի եւ ամենագլխավորի՝ օպերային արվեստի խնդիրների մասին:

Մենք ապրում ենք 1,5 միլիոնանոց Երեւանում, ուր գործում  է ընդամենը մեկ օպերային թատրոն։ (Համեմատության կարգով նշեմ, որ Վիեննան էլ է համարյա Երեւանի չափ՝ մոտ 1,7 միլիոն բնակչությամբ, ուր լիարժեք ձեւով գործում են մոտ 10 օպերային թատրոններ): Եկեք մտածենք՝ Երեւանի բնակչության որ մասն է կազմում մեր միակ օպերային թատրոնի հանդիսատեսը։ Շատ մեծ թիվ ասած կլինեմ, եթե ասեմ մեկ տոկոսը։ Մենք 15 հազար հանդիսատես, հաստատ, չունենք։ Ես ի նկատի ունեմ այն հանդիսատեսին, որը կգա թատրոն եւ տոմս կգնի։ Բայց, ընդունենք, որ ունենք 1%, իսկ մնացած 99%-ը մի՞թե մեր պոտենցիալ հանդիսատեսը չէ։ Ի՞նչ ենք անում՝ նրանց օպերային արվեստի կողմը գրավելու համար։  Ոչինչ… Ուրեմն, Սարոյանի խոսքերը տեղին են նաեւ հայ օպերային արվեստի համար։

Մինչ օրս էլ, օպերային թատրոնի ղեկավարությունը շարունակում է գործել սովետական ժամանակներից մնացած պլանային սկզբունքով, բոլորովին հաշվի չառնելով մեր հասարակության հոգեւոր պահանջները։ Մինչդեռ, ներկայիս գործող օրենքները ենթադրում են մշակութային շուկայի զարգացում։ Այսօր մեզանից պլան պահանջող չկա։

Մշակութային շուկայի զարգացումը կայանում է թատրոնի եւ կոմպոզիտորի շահագրգիռ համագործակցության շնորհիվ։ Որպեսզի ստեղծվեն եւ բեմադրվեն հասարակությանը հոգեհարազատ, նրա կողմից պահանջարկ վայելող շուկային մրցունակ ներկայացումներ։ Այսպես է Եվրոպայում զարգացել օպերային արվեստը։ (Օպերա ասելով, ես ի նկատի ունեմ նաեւ բալետը, քանի որ նրանք միասին են գործում եւ զարգանում):

Մեզանում օպերային արվեստը ընկալվում է որպես վոկալ-կատարողական արվեստի տեսակ, լավ ենք կատարում, ուրեմն լավ օպերա ու բալետ ունենք, չէ՝ ուրեմն չէ։ Հարկ եմ համարում նշել, որ օպերա կամ բալետ ասվածը՝ դա ներկայացումն է, որը ստեղծում է կոմպոզիտորը, իսկ վոկալը եւ խորեոգրաֆիան արտահայտչամիջոցները։

Մեր թատրոնը այսօր կատարողական խնդիր չունի։ Գուցե, եվրոպական մի քանի հռչակավոր թատրոններին զիջում է, բայց, հաստատ, հարյուրավորների համեմատ լավ վիճակում է գտնվում։ Ես նկատի ունեմ կատարողական ուժերին։ Ուրեմն, ո՞րն է պատճառը, որ հանդիսատեսի խնդիր ունենք։

Մենք այսօր չունենք մեր հասարակությանը հոգեհարազատ ներկայացումներ։ Եվրոպական դասական ներկայացումները շատ քչերին է հետաքրքրում, իսկ եղած հայկականներն էլ (թեկուզ «Անուշ», «Գայանե» կամ մյուսները) արդեն հնացած են (եկեք անկեղծ լինենք):

Հայ օպերային արվեստի ներկայիս ամենագլխավոր խնդիրը նոր ներկայացումներ ունենալն է։ Դրա համար եվրոպական թատրոնների օրինակով, մեր թատրոնի ղեկավարությունը սերտորեն եւ շահագրգիռ ձեւով պետք է համագործակցի ներկայիս կոմպոզիտորների հետ, նրանց առջեւ կոնկրետ խնդիրներ դնելով, որոնք կհամապատասխանեն ներկայիս շուկայի պահանջներին, որպեսզի ստեղծվեն եւ հետագայում անպայման բեմադրվեն մեր հասարակությանը հոգեհարազատ նոր ներկայացումներ։ Այսպես կզարգանա օպերային արվեստի մշակութային ներքին շուկան։

Այս խնդիրը լուծելու համար ցանկալի է (կամ գուցե պետք է) բավարարվել եղածով եւ մի որոշ ժամանակով (մի քանի տարով) մի կողմի վրա թողնելով եվրոպական դասականներին, զբաղվել հայ օպերային, բալետային եւ այլ երաժշտա-թատերական ժանրերի զարգացման գործով։ Ինչի կարիքը վաղուց է զգացվում։

– Իսկ ի՞նչ է ուզում հասարակությունը…

– Հասարակության ուզածը բոլոր ժամանակներում մեկն է՝ իրեն հետաքրքրող արդիական թեմաներ եւ հոգեհարազատ ու նորագույն արտահայտչամիջոցներ։ Այս, արդեն, կոմպոզիտորի լուծելիք խնդիրն է։ Կստեղծվեն համապատասխան գործեր՝ կբեմադրվեն։ Ստեղծված գործերը չեն համապատասխանի ներկայիս պահանջներին, ուրեմն թող մտածի հեղինակը։ Այսօր կան կոմպոզիտորներ, որոնք պատրաստ են համագործակցության։

Ընդառաջ քայլ կատարողը պեաք է լինի թատրոնի ղեկավարությունը, որպես ոլորտի զարգացման շահագրգիռ կողմ։ Վերջին տարիների համագործակցության մի քանի փորձերը արդյունավետ չեն եղել։ Դրանք, ավելի շուտ, ձեւական բնույթ են կրել ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով։ Այժմ անհրաժեշտ է նոր որակի համագործակցություն՝ ելնելով շուկայի եւ մեր հասարակության հոգեւոր պահանջներից։ Անցել են ժամանակները, երբ մեղքը գցվում էր հանդիսատեսի վրա։ Իբր, մեր հանդիսատեսը «պատրաստ չէ»։ Հանդիսատեսը պատրաստվելու կարիք չունի, հասարակությունը բացարձակ արժեք է, իսկ արվեստի եւ արվեստագետի նպատակը նրա հոգեւոր պահանջները բավարարելն է։ Այս դեպքում հասարակությունը անպայման կգնահատի արվեստագետին։

Առաջնահերթ բեմադրություններից եմ համարում  Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի եւ Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» բալետի բեմադրելը։ Սրանք որպես յուրօրինակ գործեր, կարող են ընդգրկվել նաեւ մշակութային տուրիզմի ծրագրերում։ Մանավանդ, բեմադրելիս եթե հաշվի առնվեն մեր թատրոնի կառուցվածքային հնարավորությունները։ Այն աշխարհում միակն է, որն ունի միաժամանակյա գործող երեք բեմ, (ինչպիսի~ հետաքրքիր ստեղծագործական եւ բեմադրական լուծումներ կարող են լինել), որը մինչ օրս լիարժեք չի օգտագործվել։

Այս հարցերը թատրոնի գեղարվեստական խորհրդումI բարձրացված են, բայց պահպանողականությունը շա~տ է կարծրացած։ Ուրեմն «Ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան սխալ է»…

 

 Աշոտ Բաբայան

կոմպոզիտոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031