Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ՝ Շիրակի մարզի ոստիկանությունում

Դեկտեմբեր 06,2011 13:08

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խառնաշփոթ է ստեղծել Շիրակի մարզի ոստիկանությունում. մի քանի օր առաջ պաշտոններ էր բաժանել, որոշել էր Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանին տեղափոխել Գյումրի, Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին՝ Ախուրյան, Ղուկասյանինը՝ Ամասիա եւ այլն, սակայն ուրբաթ օրը մտափոխվել էր ու նրանց հրամանները չէր ստորագրել: Երբ Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը մեկնել էր Երեւան՝ իր հրամանը ստանալու, պարզվել էր, որ նա պետք է զբաղեցնի ոչ թե Գյումրու ոստիկանապետի պաշտոնը, այլ պիտի դառնա Շիրակի մարզի օպերատիվ գծով փոխոստիկանապետ: Այս փաստը անակնկալի էր բերել այդ պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Թադեւոսյանին, ով նեղսրտել էր՝ իր հերթին չհամաձայնելով ստանձնել Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը, որը բնականաբար ավելի ցածր է, քան իրենը: Մեր աղբյուրների տեղեկացնելով, Գեւորգ Թադեւոսյանը փորձել էր բանակցել Վովա Գասպարյանի հետ, սակայն վերջինս անդրդվելի է եղել, այնպես որ՝ երեկ Գեւորգ Թադեւոսյանը ստանձնեց իրեն հրամցվող աշխատանքը: Նրան կեսօրին ներկայացրեցին որպես Ախուրյանի ոստիկանապետ, Վահրամ Ենգոյանն էլ պաշտոնապես նշանակվեց մարզի փոխոստիկանապետ: Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցելով, այս նշանակումները ոչ անքան գցել է Գեւորգ Թադեւոսյանի տրամադրությունը, որքան Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանինը: Մեր աղբյուրների ասելով, եթե նրան տային Գյումրու ոստիկանապետ, դա մեծ առաջխաղացում կլիներ, քանի որ Գյումրու ոստիկանապետը վարչության պետին հավասար պաշտոն է, իսկ մարզի օպերատիվ գծով փոխոստիկանապետի աշխատանքը ոչ միայն եկամտաբեր չէ, այլեւ պասիվ է ու անշուք, պիտի բավարարվի մի քանի գողություններ բացահայտելով: Գյումրու ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է, նույնիսկ անուններ դեռ չեն շրջանառվում, թեեւ կան կասկածներ, որ այդ պաշտոնի համար կադր կընտրեն Երեւանից:

Ի դեպ, գյումրեցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստմամբ, այսպես ասած՝ նորանշանակները ժամանակից շուտ էին ուրախացել, օրինակ՝ Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը Գյումրու ոստիկանապետ դառնալու մտքից այնպես է ոգեւորվել, որ ռեստորաններից մեկում մեծ խնջույք է կազմակերպել, աչքալույս ու շնորհավորանքներ է ընդունել, սակայն գնացել է մայրաքաղաք ու անակնկալի եկել: Ի դեպ, ոստիկանապետերի տեղափոխությունը հասավ նաեւ Վանաձոր. այսօր Վանաձորի ոստիկանապետ, սպիտակցի Սերգո Ավետիսյանին նշանակեցին Ապարանի ոստիկանապետ: Նշենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր մոտ 4 տարի, նախկինում եղել է Սպիտակի ոստիկանապետը, ինչպես բնութագրում են մեր աղբյուրները՝ նա ավելի շատ շինարար է, քան ոստիկանապետ. կառուցել է թե Սպիտակի եւ թե Վանաձորի ոստիկանության շենքերը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031