Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարող են ազդել խաղացողի ստրատեգիայի վրա»

Դեկտեմբեր 06,2011 13:04

Ընդդիմադիր պատգամավորները համոզված են, որ մեր երկրի քաղաքական կախվածությունը մինիմումի է հասցված:

Հայաստանյան քաղաքական ուժերի մտքի թռիչքները բավականին կան խատեսելի են եւ թափանցիկ, արդեն վաղուց ոչ մի ուժ չի խոսում արտահերթ ընտրությունների, երկիրը «փոսից հանելու», անհապաղ հրաժարականների կամ մինչեւ վերջ պայքարի մասին: Բոլորն զբաղված են գարնանն ընդառաջ՝ իրենց տեղն արեւի տակ հաստատելու գործընթացներով: Որոշ վերլուծություններ են արվում, այսպես կոչված, նախընտրական ճգնաժամերի մասին, թեպետ մեր զրուցակիցներից ոչ մեկը՝ թե ընդդիմադիր, թե դիմադիր, չկիսեց այդ վերլուծությունների տրամաբանությունը, եւ պնդեցին, թե չկա ոչ մի ճգնաժամ, եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:

Մեր հարցին՝ այն, ինչ այսօր կատարվում է հայաստանյան քաղաքական դաշտում՝ նորմա՞լ է, թե՞ գործընթացները հունից դուրս են եկել, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ են հունից դուրս եկել, դուրս չեն եկել, սրանք էլ այսպիսի քաղաքական գործընթացներ են: Շատ գոհ չեք ու բավարարված չեք, որովհետեւ նաեւ կայացած չի քաղաքական դաշտը, անգամ քսան տարի անց, բայց ասել, թե հունից դուրս է եկել, իսկ ի՞նչ է կատարվում, որ ասենք՝ հունից դուրս է եկել: Այո, ցավոք, այս երկրում շատ քաղաքական խնդիրներ քաղաքական ձեւով չէ, որ լուծվում են, եւ մենք այդ իրականության ականատեսն ենք եւ տեսել ու տեսնում ենք, երբ քաղաքական խնդիրները նաեւ այլ ձեւերով են փորձ անում լուծել:

Սակայն ես չեմ տեսնում, թե մենք արտառոց իրավիճակում ենք, ճգնաժամի մեջ ենք, ցնցումների մեջ ենք, ես նման բան չեմ տեսնում»:

Մեր հարցին՝ որքա՞նով են կապված ՌԴ ընտրությունները եւ ընդհանրապես Ռուսաստանը մեր երկրի քաղաքական գործընթացների հետ: Ըստ որոշ պնդումների՝ բավականին կապվածություն կա, եւ շատ կարեւոր հարցերի պատասխաններ կարող են տրվել հենց այդ երկրի դաբրոյով, իսկ մեր զրուցակիցը համամիտ չէ այդ կարգի վերլուծություններին եւ նկատեց. «Լավ չի, եթե ոմանք այդպես են մտածում, որովհետեւ մի կողմից՝ մեծ-մեծ բաներ ենք խոսում մեր անկախության մասին, հպարտանում ենք դրանով, եւ մյուս կողմից էլ՝ անընդհատ, չգիտես ինչ տրամաբանությամբ, մեզ ուզում ենք շաղկապել Ռուսաստանի հետ. դա լավ չի, իսկ գուցե Ֆրանսիայի ընտրություններն ավելի՞ շատ են ազդում կամ ԱՄՆ-ի ընտրությունները:

Ես ուզում եմ այս հարցերում մենք չընկնենք չափազանցությունների գիրկը: Իրականությունն այն է, թե այդ ամենը կարող է մեզ հետ կապվել, եթե մենք ցանկանանք, ինչպես շատ այլ հարցերի հետ մենք մեզ շաղկապում ենք, ինչպես օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունների, որոնց ձեռքը գերի ենք ընկել: Լինում է, երբ մենք մեզ ենք դնում այդ վիճակում, բայց պիտի ձգտել առավելագույնս անկախ լինել, մեծ-մեծ բաներ չեմ ասում, քանի որ հասկանալի է՝ փոքր երկիր ենք, եւ որոշ ազդեցություններ կարող են եւ լինել»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ չկա ներքաղաքական ճգնաժամային իրավիճակ, եւ նախընտրական վիճակի մասին դատողություններ անելը դեռ վաղ է, թեպետ. «Հաշվի առնելով, որ մի քանի ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին, պիտի ասել, որ բուռն նախապատրաստություններ են գնում ընտրություններին ընդառաջ: Եթե լայն զանգվածների քաղաքական եւ սոցիալական օտարվածությունը որակում ենք որպես ճգնաժամ, ապա ճաշակի հարց է, բայց, ըստ իս, ավելի շատ առկա են քաղաքական օտարվածություն եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամ, իսկ քաղաքական ճգնաժամի մասին խոսելու մեծ առիթներ չկան»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ, ընդհանրապես, այդ երկրի կամ որեւէ այլ երկրի ազդեցությունը պետք չէ բացարձակացնել. «Չեմ բացարձակացնի Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, բայց ՌԴ-ն ունի բավականին ազդեցության լծակներ եւ միշտ փորձել է դրանցով ինչ-որ կերպ ազդել: Սակայն դրանք ես չէի բացարձակացնի, այնուամենայնիվ՝ ամեն ինչ չէ, որ գնում է այնպես, ինչպես ուզում են ուրիշները, եւ սա դեռ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական շրջանակներ, որոնք առնվազն կարող են խոչընդոտներ հարուցել այս կամ այն խաղացողի ստրատեգիայի վրա»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031